8-րդ կլինիկ․ հիվանդանոցը, որի հիմքի վրա ստեղծվել է հանրապետության Սրտաբանառևմատոլոգ. կենտրոնը, 1961-ին՝ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ-ն, որի հիմքի վրա 1975-ին կազմակերպվել է ԽՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության համամիութ. գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղը (1991-ից՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ), շտապ բժշկ. օգնության 2-րդ կլինիկ․ հիվանդանոցը, 1962-ին՝ Երևանի 6-րդ կլինիկ․ հիվանդանոցը։ 1984-ին Հանրապետական կլինիկ․ հիվանդանոցում ստեղծվել է Հանրապետական ախտորոշման կենտրոն։ 1984-ից վերականգնող. բուժման բաժանմունքներ են ստեղծվել Երևանում և Գյումրիի բուժմիավորման պոլիկլինիկաներում։ Երևանում՝ Աղի հանքի տարածքում, բացվել է ստորգետնյա ալերգաբան. բուժարան (անձավաբուժարան)՝ բրոնխային հեղձուկով հիվանդների համար։ Հեռավոր շրջանների հիվանդանոցներին զգալի օգնություն է ցույց տվել սան. ավիացիայի հանրապետական կայանը։ Արցախյան ազատագր. պայքարում վիրավորված ազատամարտիկների բուժման ու առողջության վերականգնման նպատակով 1994-ից Երևանի երկաթգծի հիվանդանոցի հիմքի վրա գործում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկ․ զինվորական հոսպիտալը՝ 13 բաժանմունքով, և կենտրոնական զինվորական պոլիկլինիկան։
Խորհրդային Միության փլուզման նախաշեմին ՀԽՍՀ առողջապահ-յան համակարգը հայտնվել էր բավական ծանր կացության մեջ. վատթարացել էին շենքային պայմանները, հնացել սարքավորումներն ու բժշկ. պարագաները, ստեղծվել էր կադրային գերհագեցածություն և անհավասար բաշխում, նվազել ծառայությունների արդյունավետությունը։ Քաղաքների ու գյուղերի միջև ենթակառուցվածքներն ու միջոցները խիստ անհավասարաչափ էին բաշխված, անբավարար էր ֆինանսավորման ու կառավարման մակարդակը, գործնականում չէր գործում բնակչության անվճար բուժսպասարկումը։
Անկախացման տարիներին նույնպես, երկրի սոցիալ-տնտեսական նկատելի անկման պատճառով, շեշտակի կրճատվել են բուժսպասարկմանը հատկացվող պետական միջոցները, վատթարացել բնակչության առողջ․ վիճակը բնութագրող բոլոր հիմն․ ցուցանիշները։ Առողջապահ-յան համակարգի արդյունավետությունը, մատչելիությունն ու մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, համակարգն արմատապես բարելավելու նպատակով ընդունվել է «ՀՀ առողջապահության համակարգի զարգացման ու բարեփոխումների 1996-2000-ի ծրագիրը», որի գլխավոր խնդիրը հանրապետության ցածրարդյունավետ առողջապահ-ը բարձրորակ առողջապահ-յամբ փոխարինելն էր, պետության սոցիալական միջոցների առավել արդյունավետ ու նպատակային օգտագործումը և սոցիալապես անապահով խավերի առաջնային անվճար բուժօգնության կազմակերպումը։ Այդ ծրագրին համապատասխան՝ առողջապահ-յան համակարգում իրականացվել են կառուցվածքային և կանոնակարգային փոփոխություններ.
ա. ապակենտրոնացում, բուժհաստատությունները հանձնվել են մարզային ու տեղական իշխանություններին, սկսվել է դրանց մասնավորեցումը՝ հատկապես դեղերի մատակարարման և ատամնաբուժության ոլորտներում,
բ. օպտիմալացում. ծառայությունների մատուցման բեռը համեմատաբար թանկ հիվանդանոցային բուժօգնությունից փոխադրվել է ավելի մատչելի և համեմատաբար էժան առաջնային բուժօգնության օղակ, և արդիականացում, պետական միջոցները կենտրոնացվել են խոշորացվող փոքրաթիվ բուժհիմնարկներում՝ բեռնվածության ցուցանիշների խիստ ցածր լինելու պատճառով,
գ. ֆինանսավորման նոր մեխանիզմի ներդրում, այլընտրանքային ֆինանս․ աղբյուրների ներառում։
«Բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով (1996)՝ բյուջետային բուժհաստատություններին տրվել է պետական բժշկ. ձեռնարկությունների կարգավիճակ, իսկ ֆինանսավորումը դարձել է մատուցած ծառայությունների ծավալին համապատասխան։ 1997-ին ներդրվել է վճարովի ծառայությունների համակարգը։ 1998-ին բժշկ. հաստատությունները դարձել են ՊԲԸ-ներ, որոնց սեփականատերը պետությունն է կամ տեղական կառավարման մարմինները։ 1996-ից սկսվել է նաև բուժհաստատությունների մասնավորեցման գործընթացը՝ պետական հաստատություններն արտոնագրված