առողջարանների և հանգստյան տների զարգացման մասին» (2003), «Հայաստանը մրցունակ մասնավոր հատված» (2004, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանս․ աջակցությամբ), «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» (2005), «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-10 թթ. ռազմավարություն» (2009) ծրագրերը, «Տաթևը» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին որոշումը (2009) ևն։
2007-ի դրությամբ զբոսաշրջության մրցունակության գծով Հայաստանը 130 երկրների շարքում զբաղեցրել է 89-րդ տեղը։ Հյուրանոցների միջին ծանրաբեռնվածությունը 40-50 % է։
2008-ին ընդունված ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հայեցակարգում բնութագրված և գնահատված են հանրապետության զբոսաշրջային պաշարները, զբոսաշրջության զարգացման միտումներն ու հեռանկարները, սահմանվել են այդ ոլորտում պետական քաղաքականության նպատակները, որոշվել դրանց իրականացման ուղղություններն ու սկզբունքները։ Հայեցակարգը մշակվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման ծրագրով՝ «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված», «Հայաստան-2020» ծրագրերի և «Տնտեսություն ու արժեքներ» հետազոտ․ կենտրոնի համագործակցությամբ, ինչպես նաև Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության և մասնավոր հատվածի ներկայացրած առաջարկությունների վերլուծության արդյունքներով։
2010-ին ՀՀ է այցելել 684 հազար զբոսաշրջիկ՝ հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, ԵՄ և ԱՊՀ երկրներից։ Հյուրեկների 60 %-ը սփյուռքահայեր են, որոնց 20 %-ն այցելել է 1-ին, 56 %-ը՝ 4 և ավելի անգամ։ Գրեթե նույնչափ (600 հազար) եղել են նաև արտագնա (հանրապետութունից դուրս) զբոսաշրջիկներ։
Ոլորտի զարգացման առկա միտումների հիման վրա մշակվել է 2007-30-ի ՀՀ զբոսաշրջային զարգացման հայեցակարգ, որով նախատեսված է 2030-ին զբոսաշրջիկների թիվը հասցնել 4,5 մլն-ի (3 մլն միջազգային և 1,5 մլն ներքին զբոսաշրջիկներ)։
Զբոսաշրջության իրավ․ կարգավորումն իրականացվում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով (2003) ու «Զբոսավայրի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձև հաստատելու մասին» (2004), «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» (2004) ՀՀ Կառավարության որոշումներով։
ՀՀ-ն հարուստ է ռեկրեացիոն պաշարներով՝ պատմամշակութ․, բնական հուշարձաններ, հանք․ ջրեր և այլն, կան նաև բազմաթիվ առողջարանային գոտիներ՝ Ջերմուկ, Արզնի, Հանքավան, Աղվերան, Բջնի ևն, որոնք հանգստի և առողջարար․ զբոսաշրջության հրաշալի վայրեր են։
ՀՀ-ում կան (2011) մոտ 300 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, այդ թվում՝ 130 հյուրանոց, որից 50-ը՝ Երևանում («Գոլդեն Փալաս», «Արմենիա Մարիոթ», «Գոլդեն Թյուլիփ Երևան», «Անի Պլազա» և այլն), 80-ը՝ մարզերում, 70 հյուրանոցային հանգրվաններ, 17 առողջարան ու առողջավայր և 11 պանսիոնատ, 70 զբոսաշրջային տներ՝ 13311 ննջատեղով (3990-ը՝ Երևանում, 9321-ը՝ մարզերում), գործում են ներգնա տուրօպերատորների և հյուրանոցային միություններ, «Հայ զբոսավարների գիլդա», «Զբոսաշրջության