Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(հետագայում՝ Գոշավանք) Մխիթար Գոշի հիմնած վարդապետարանը, Խորանաշատի վանքի՝ Հովհաննես Տավուշեցու, XIII դ-ում Կարնո բերդի՝ Վարդան Արևելցու (հետագայում տեղափոխվել է Խոր վիրապ), ինչպես նաև Հառիճի, Հաղարծնի, Երզնկայի (գլխավորել է Հովհաննես Երզնկացին) և այլ դպրոցներ։

XIV-XV դդ-ում նշանակալի արդյունքի են հասել Եղվարդի, Այրիվանքի, Ցիպնավանքի, Սյունյաց աշխարհի Հերմոնի և այլ դպրոցներ, որտեղ շեշտը դրվել է հատկապես գիտափիլ., հաս․ առարկաների ուսումնասիրման և գրչագրական, ձեռագրագիտ․ հմտություններ ձեռք բերելու վրա։

XIV-XVI դդ-ի խառնակ ու դժվար պայմաններում անգամ գործել են Սևանի, Սսի, Սեբաստիայի, Ամիդի դպրոցները։ XVII դ-ի 1-ին կեսից վերստին զարթոնք է ապրել դպրոցաշինությունը։ Վերաբացվել են Բաղեշի Ամրդոլու վանքի (մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես Վարդան Բաղիշեցու րաբունապետության օրոք և կոչվել է համալսարան), Հարանց անապատի, Հովհաննավանքի, Բաղեշի, Լիմ կղզու և այլ դպրոցներ, Էջմիածնում, Երևանում և այլուր հիմնվել են նորերը։

XVII դ-ի 30-ական թթ-ին Խաչատուր Կեսարացին հայկական դպրոց է բացել Նոր Ջուղայում, որը գոյատևել է մինչև XVIII դ-ի վերջը․ եղել է նաև գրչության կենտրոն, ունեցել է մատենադարան, որը գործում է ցայսօր և ունի ավելի քան 700 ձեռագիր։

1717-ին Վենետիկի Սբ Ղազար կղզում՝ միաբանության վանքին կից, Մխիթար Սեբաստացին հիմնել է դպրոց, որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն։ Ունեցել է նորընծայարանի և քահանայության բաժիններ։ Դասավանդվել են ճարտասանություն, փիլ., աստվածաբանություն, տրամաբանություն, հետագայում մեծ տեղ է հատկացվել պատմալեզվագիտական ու աշխարհագր. առարկաներին։ 1799-ին Զմյուռնիայում բացվել է նշանավոր և երկարակյաց (մինչև 1922-ը) ուսումնական հաստատություններից մեկը՝ Մեսրոպյան վարժարանը։

Միջնադարում կրթության զարգացմանը մեծապես նպաստել են Սանահինի, Գլաձորի, Տաթևի համալսարանները, որոնց ուսումնակրթ․ փորձը և մատենագիտական վիթխարի ժառանգությունն օգտագործվել են դպրոց․ ուսումնական ծրագրերում։ Դպրոցները ինչպես բուն Հայաստանում ու Կիլիկիայում, այնպես էլ գաղթավայրերում (Հնդկաստան, Սիրիա, Երուսաղեմ և այլն) գիտական, մշակութային, մատենագիտական, ազգային, հասարակական կենտրոններ էին, գրակ-յան, գիտության, արվ-ի ստեղծման ու տարածման կրթատներ։

XIX դարի և XX դարի սկզբի կրթությունը

Ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հաս-քաղ․ տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուս-ի հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպ., հատկապես՝ ֆրանս. մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ XIX դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1815-1921), Աստրախանի Աղաբաբյան