Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1810, XX դ-ի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918-ին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824-1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրակ-յան, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։

1838-ի մարտին ցար. կառավարության հաստատած «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» («Պոլոժենիե») իրավունք է տվել Էջմիածնում հիմնելու հոգևոր ճեմարան, հայկական եկեղեց. 6 թեմերի [Արարատյան, Ղարաբաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստանի, Աստրախանի, Նոր Նախիջևան-Բեսարաբիայի] կենտրոններում բացել մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմ. դպրոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ։ Ազգային ինքնուրույն դեմք ունեցող կրթատուն են դարձել Երևանի գավառ. (1832) և թեմ. (1837) դպրոցները։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանում գործել են տարբեր տիպերի ավելի քան 160 դպրոցներ (3890 աշակերտ, 194 ուսուցիչ)։

1860-ական թթ-ին կրթությունը նկատելի առաջընթաց է ապրել, դպրոցներից հեռացվել են թերուս վարժապետներն ու տիրացուները, ստեղծվել են մշակութալուսավոր., հրատարակչական, թարգման., գրավաճառային, գրադարանային, գրաճանաչության տարածման և այլ ընկերություններ։ Դպրոցների կառավարումը հանձնվել է ընտրովի հոգաբարձություններին։ Կրթության հիմն․ կենտրոն է դարձել եկեղեցածխական դպրոցը՝ 2-3 տարի ուսման տևողությամբ, դասավանդվել են հայերեն և ռուսերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, կրոն և այլն։

XIX դ-ի 1-ին կեսը և հատկապես 50-60-ական թթ. եղել են հայ ազգային դպրոցի գաղափար․ որոնումների շրջան, հայ գործիչները մշակում էին ազգային լուսավորության ծրագրեր։ Կարևորելով դպրոցի դերը մատաղ սերնդին հայրենասիր. ոգով դաստիարակման մեջ՝ նրանք ամեն կերպ աջակցել են հասարակ ժողովրդի շնորհալի զավակներին, որպեսզի նրանք նույնպես պատշաճ կրթություն ստանան։ Դպրոցի ժողովրդականացման համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել աշխարհաբարի արմատավորումը [Խաչատուր Աբովյան (1843-48-ին եղել է Երևանի գավառ․ դպրոցի տեսուչ), Միքայել Նալբանդյան, Ստեփանոս Նազարյան և ուրիշներ]։

1870-ական թթ-ին բացվել են հոգևոր կամ վիճակային դպրոցներ, որտեղ ուսուցումը 6-8 տարի էր։ Դասավանդվել են Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, գծագրություն, հանրահաշիվ, ֆիզիկա, մարդակազմություն, երկրաչափություն և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աղջիկների կրթությանը։ Օրիորդաց նշանավոր կրթօջախներից էին Մարիամ-Ղուկասյան (Շուշի), Հռիփսիմյան, Գայանյան (երկուսն էլ՝ Երևան), Մարիամյան-Հովնանյան, Գայանյան (երկուսն էլ՝ Թիֆլիս), Եղիսաբեթյան (Ախալցխա), Արղության (Ալեքսանդրապոլ) և այլ դպրոցներ։ Հայ դպրոցի առավել բարձր տիպը միջնակարգ թեմ. դպրոցն էր՝ հիմնականում աշխարհիկ։

1885-ին ցար. իշխանությունը վարել է հայկական դպրոցները փակելու քաղաքականություն, որը լրջորեն սպառնացել է ազգային կրթության հետագա զարգացմանը։ 1 տարի անց, սակայն, թույլատրվել է վերաբացել հայկական դպրոցները՝ սահմանափակելով տարրական ուսուցմամբ։ Հայկական դպրոցի համար այն գոյատևման պայքարի շրջան էր. հայկական բարեգործ․ ընկերություններն ընդլայնել են կրթությանը հատկացրած իրենց օգնությունը, նոր դպրոցներ են բացել, տրամադրել նյութ. միջոցներ և այլն։ 1890-ական թթ-ին խստացվել են ցար. հետապնդումները, իսկ 1895-96-ին հայկական դպրոցները կրկին