փակվել են, առաջադեմ մտավորականներին կալանավորել են կամ աքսորել։ Մի շարք կրթօջախներում այդ առիթով աշակերտական տևական հուզումներ են բռնկվել, որոնք, ի վերջո, տվել են իրենց արդյունքը. 1905-ին, վախենալով հակամիապետական տրամադրությունների սրվելուց, ցարը հայկական դպրոցների վերաբացման հրամանագիր է ստորագրել։
Արմ. Հայաստանի և գաղթավայրերի կյանքում շրջադարձային էին հատկապես 1860-70-ական թթ.։ Ստեղծվել են մի շարք մշակութային ընկերություններ և ուսումնական հաստատություններ։ Վանում, Մուշում, Էրզրումում, Խարբերդում և այլուր բացվել են նախակրթարաններ։ Բարձր տիպի ուսումնական հաստատություններ են հիմնադրվել Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Վենետիկում, Կալկաթայում և այլ քաղաքներում։ Կրթական կյանքն ուղղորդող կենտրոնը Կ. Պոլիսն էր։ Դարասկզբին այնտեղ հիմնվել են եկեղեցիներին կից շուրջ 40 թաղային դպրոցներ։ Տարբեր տարիների Կ. Պոլսում գործել են շուրջ 50 մասնավոր դպրոցներ։ Նշանավոր էին պատրիարքարանի դպրոցը (1719-1826), որի հիման վրա ստեղծվել է Պեզճյան մայր վարժարանը (գործում է 1830-ից), Սկյուտարի ճեմարանը (1838-59, փոքր ընդմիջումներով), Նարեկյան վարժարանը (1846-95), որի հիման վրա բացվել է Եսայան վարժարանը (գործում է 1895-ից), Պերպերյան վարժարանը (1876-1934)։ 1870-ական թթ-ի սկզբին Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում գործել են 450-ից ավելի հայկական դպրոցներ՝ ավելի քան 24 հզ. աշակերտով, իսկ XX դ-ի սկզբին՝ 800-ից ավելի (առանց Կ. Պոլսի) դպրոց՝ 82 հզ. աշակերտով և ավելի քան 2150 ուսուցչով։
Արևմտահայերի կրթ. կյանքում մեծ դեր են խաղացել Մխիթարյանների հիմնած Վենետիկի Մուրատ-Ռափայելյան (1836-1998) և Փարիզի Սամվել Մուրադյան (1846-1985, ընդմիջումներով) վարժարանները։ Հիշարժան են Սբ․ Ամենափրկիչ վանքի դպրոցը (հիմն.՝ XVII դ-ի 1-ին կես)՝ Նոր Ջուղայում, Մեսրոպյան վարժարանը (1799-1922)՝ Զմյուռնիայում, Հայոց մարդասիր. ճեմարանը (հիմն.՝ 1821)՝ Կալկաթայում, Սանդուխտյան-Մարիամյան (1870-1915), Երամյան (1878-1915), Կեդրոն. (1881-96) վարժարանները՝ Վանում, Սանասարյան վարժարանը (1881-1915)՝ Կարինում, և այլն։ Մանկավարժ. առաջին կրթական հաստատությունը Վանի վարժապետանոցն էր (1878-81)։ XIX դ-ի 2-րդ կեսի նշանավոր հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն էր Արմաշի դպրեվանքը (1889-1915). պատրաստել է նաև ուսուցիչներ։
Կիլիկյան Հայաստանի կրթ. կենտրոնները նույնպես բավական աշխույժ են եղել։ Ամենանշանավորն Այնթապն էր, որտեղ գործել են և՛ ազգային, և՛ միսիոներ․ բազմաթիվ կրթական հաստատություններ՝ Կիլիկյան գիշերօթիկ ճեմարանը, Վարդանյան, Ներսիսյան ու Հայկանուշյան դպրոցները, Կեդրոն. Թուրքիո քոլեջը, օրիորդաց ուսումնարանը և այլն։ 1914-ին այնտեղ կային 14 հայկ. ազգ. և մասնավոր, ինչպես նաև 10 այլ դպրոցներ, որտեղ սովորել է մոտ 3500 աշակերտ։
Մեծ եղեռնից հետո Արևմտյան Հայաստանում կրթական գործը լիակատար անկում է ապրել։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Նախադպրոցական դաստիարակություն
Հայկական առաջին մանկապարտեզը հիմնել է Գայանե Հովհաննիսյանը (Մատակյան) 1882-ին Թիֆլիսում (այնտեղ աշխատել է նաև Ղազարոս Աղայանը), իսկ 1883-ին նա մանկապարտեզ է բացել նաև Երևանում։ XIX դ-ի նախադպրոցական դաստիարակության հայ երախտավորներից են նաև Սոֆյա Արղության-Երկայնաբազուկը, Սոֆյա Բաբայանը և ուրիշներ։
1920-ական թթ-ի սկզբներին ՀԽՍՀ լուսժողկոմատում ստեղծվել է նախադպրոցական դաստիարակության բաժին։ 1921-ին Երևանում բացվել է մանկապարտեզ, որը դարձել է նաև նախադպրոցական կրթության կենտրոն։ 1922-ին կազմակերպվել են նախադպրոցական դաստիարակության աշխատողների պատրաստման և վերապատրաստման առաջին դասընթացները։ 1928-ին ՀԽՍՀ-ում գործել են 51 նախադպրոցական հիմնարկներ՝ մանկամսուրներ և մանկապարտեզներ (2787 երեխա)։ Համապատասխան կադրեր