Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) ՀՀ Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմին է, որը հաստատում և վկայագրով ամրագրում է մասնագիտական խորհրդի կողմից՝ գիտական աստիճանի, և գիտական խորհրդի կողմից՝ գիտական կոչման շնորհումը, համակարգում է բուհերում և գիտական կազմակերպություններում գործող ատենախոսության պաշտպանության շուրջ 60 մասնագիտական խորհուրդների գործունեությունը։ Ստեղծվել է ՀՀ Կառավարության 1993-ի մայիսի 17-ի որոշմամբ։ ԲՈՀ-ի գործառույթները սահմանվել են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով (2000), ըստ որի՝ ՀՀ-ում շնորհվում են գիտ․ թեկնածուի և գիտ․ դ-րի գիտական աստիճաններ, ինչպես նաև դոցենտի և պրոֆ-ի գիտական կոչումներ։ ՀՀ-ում տրվում է գիտական աստիճանի եռալեզու (հայերեն, ռուս․ և անգլ.) վկայագիր՝ հիմք ընդունելով գիտական աստիճանի վկայագրերի համադրելիության անհրաժեշտությունը։

2002-ից ԲՈՀ-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում է։

ԲՈՀ-ի հիմն․ գործառույթներն են մասնագիտական խորհուրդների ստեղծումը, գիտական աստիճանաշնորհման անվանացանկի պարբեր. մշակումը, որակավորման քննությունների և ստուգարքի անցկացումը, գիտական աշխատանքների որակի համապատասխանության ստուգումը պետական չափանիշների պահպանման նախապայմանով, փորձաքննության կազմակերպումը, ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատ-ների ցանկի կազմումը, գիտական աստիճանների և կոչումների պետական նմուշի վկայագրերի հանձնումը, արտերկրում ստացած գիտական աստիճանների կամ կոչումների փաստաթղթերի համապատասխանեցումը, ինչպես նաև որակավորման գործերի արխիվացումը, ատենախոսությունների հանձնումը ազգային գրադարան, տեղեկատվ. բազայի ստեղծումն ու շահագործումը, միջազգային կապերի ապահովումը և այլն։

ՀՀ անկախացումից հետո հաստատվել են գիտ․ դ-րի՝ 864, թեկնածուի՝ 5967, պրոֆ-ի՝ 752, դոցենտի 2480 որակավորման գործեր։ Միայն 2011-ին հաստատվել են գիտ․ դ-րի՝ 46, թեկնածուի՝ 446, պրոֆ-ի՝ 70, դոցենտի 217 որակավորման գործեր, ինչպես նաև դ-րի՝ 1, թեկնածուի 32 գիտական աստիճանի վկայագրեր են ստացել օտարերկրյա քաղաքացիներ, համապատասխանեցվել են արտերկրում պաշտպանած դ-րի՝ 2, թեկնածուի 16 գիտական աստիճանի վկայագրեր։

ԲՈՀ-ի նախագահներ են եղել Արեգ Գրիգորյանը (1993-98), Գևորգ Բաղդասարյանը (1998-2002), Արմեն Թռչունյանը (2002-10), 2010-ից Արտուշ Ղուկասյանն է։

ՀՀ լեզվի պետական տեսչություն

ՀՀ լեզվի պետական տեսչությունը ՀՀ ԿԳՆ-ի կառույց է (2002-ից). կազմավորվել 1993-ին՝ որպես ՀՀ Կառավարությանն առընթեր պետական մարմին։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի (1993) համաձայն՝ հանրապետության տարածքում իրականացնում է լեզվ. միասնական քաղաքականություն. ապահովում է լեզվ. քաղաքականության պետական ծրագրերի պահանջները, ՀՀ պաշտոն․ լեզվի՝ գրական հայ-ի կանոնարկումը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածությունը, ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվ. իրավունքները և ՀՀ տարածքից դուրս բնակվող հայերի շրջանում հայ-ի տարածումը։

Տեսչությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների՝ պետական լեզվ. քաղաքականության իրականացումը, պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների՝ հայ-ի տիրապետման, կրթական համակարգում դասավանդման ու դաստիարակության լեզվի՝ գրական հայ-ի գործածության, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննության, հայոց լեզվի ուսուցման, գործավարությունը հայերեն կատարելու, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգ. փոստային ծրարները, գովազդները հայերեն ձևավորելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք այլ լեզուներով զուգակցելու, օտարերկրյա պետական մարմինների, հիմնարկների ու կազմակերպությունների՝ պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայ-ով զուգակցելու, ազգային փոքրամասնությունների համայնքներում հայ-ի պարտադիր ուսուցման, նրանց կազմակերպությունների փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները հայերեն ձևավորելու և դրանք ազգային փոքրամասնությունների լեզուներով զուգահեռ թարգմանությամբ ապահովելու, գրական հայ-ի կանոնարկմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը և այլն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ լեզվի պետական տեսչությունը կիրառում է պատասխանատվության միջոցներ, նախապատրաստում լեզվ. օրենսդրության խախտումների վերաբերյալ նյութեր և ներկայացնում դատարան, իրականացնում քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև քննարկում է նրանց դիմումները, բողոքներն ու առաջարկությունները, համագործակցում ՀՀ և օտարերկրյա պետությունների համանման կառույցների հետ, կատարում փոխադարձ այցելություններ ու փորձի փոխանակում, կազմակերպում լեզվ. քաղաքականությանը նվիրված խորհրդակցություններ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։

ՀՀ լեզվի պետական տեսչության պետեր են եղել Վալերի Միրզոյանը (1993-98), Լևոն Գալստյանը (1998-2004), Լավրենտի Միրզոյանը (2004-10), 2010-ից Սերգո Երիցյանն է։