Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանի քաղաքապետարանը և 17 այլ կազմակերպություններ։

Գիտական աշխատանքի և ֆինանս․ միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2007-ին ներդրվել է գիտական ծրագրերի ու թեմաների մրցութային և պետբյուջեից ֆինանսավորման համակարգ։

Կատարելագործվել է գիտական և գիտատեխ. գործունեության օրենսդրական և նորմատիվ-իրավական դաշտը, ստեղծվել են ավելի քան 30 ոչ պետական գիտական կազմակերպություններ, գիտական հիմնադրամներ ու ՀԿ-ներ։

Առանձնակի ուշադրություն է դարձվել հայագիտությանը։ Վերջին 5 տարում գիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչների շնորհվել են ՀՀ նախագահի 30 և շուրջ 100 միջազգային մրց-ներ։

Այդուհանդերձ, բազմաթիվ խնդիրներ դեռևս մնում են չլուծված.

- կտրուկ նվազել է ֆինանսավորումը, և ցածր է նրա օգտագործման արդյունավետությունը,

- բավական սահմանափակվել է գիտական ներուժի զարգացման և վերարտադրության հնարավորությունը,

- ցածր է առկա նյութատեխ. բազայի և ենթակառուցվածքների մակարդակը,

- դանդաղ է ձևավորվում գիտական արդյունքների ներդրման և առևտրայնացման համակարգը,

- կտրվել է գործունեության հիմնարար հետազոտություններ-կիրառ. հետագոտություններ-ներդրում կապը,

- հնացած գիտական սարքավորումները հնարավորություն չեն տալիս իրականացնելու բարձր մակարդակի, հատկապես հիմնարար բնույթի հետազոտություններ,

- գիտահրատարակական. գործունեությունը չի բավարարում միջազգային չափանիշները, բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտատեղեկատվ. ցանկերում փոքր թիվ են կազմում հանրապետական գիտական պարբ-ները,

- շարունակվում է բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքը գիտության ոլորտից. 1991-2008-ին շուրջ 2 անգամ պակասել է պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցողների թիվը, թերի է երիտասարդ կադրերի ներգրավման և հաստատման պետական նպատակային քաղաքականությունը, շարունակվում է ոլորտի «ծերացումը»,

- ընտրված չեն հիմնարար հետազոտությունների առաջնայնությունները, որոնք կարող են պահանջարկ ունենալ միջազգային գիտական շուկայում,

- դանդաղ են իրականացվում գիտական բարեփոխումները, ձևավորվում կրթության, գիտության, տեխնոլոգիայի և ինովացիայի ներդաշնակ փոխկապակցված համակարգը,

- թույլ են հայաստանյան և օտարերկրյա, հատկապես Սփյուռքի հայագիտական կառույցների կապերը.

- հասարակական գիտակցության մեջ նվազել են գիտության հեղինակությունն ու գիտաշխատողի մասնագիտական կարիերայի գրավչությունը։

Առկա խնդիրները լուծելու և ձեռքբերումները պահպանելու ու զարգացնելու համար սահմանվել է գիտության ոլորտի զարգացման տեսլականը, ձևակերպվել են իրականացվելիք առաքելությունները, ընտրվել հեռանկարային թիրախներն ու դրանց հասնելու մարտավարությունները։ Մասնավորապես, որպես թիրախներ նկատի են առնվել՝

- գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգի ձևավորումը,

- գիտության, կրթության ու տեխնիկայի բավական բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերի քանակի կայուն աճի ապահովումը, գիտության ոլորտի նյութատեխ. բազայի և ենթակաոուցվածքի արդիականացումը,

- հիմնարար և կիրառ. բնույթի՝ներառյալ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանումը, կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի ներդաշնակ համակարգի ձևավորումը, տնտեսական և հասարակական զարգացումներում գիտական հետազոտությունների դերակատարման աճի ապահովումը,

- հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը,

- միջազգային գիտական ու գիտատեխ. համագործակցության զարգացումը, համաշխ. գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգ. տարածքում սեփական դիրքի ձեռքբերումն ու հաստատումը։

2010-ին ընդունվել է ՀՀ Կառավարության «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը», որով ձևակերպվել է 2011-20-ի գիտության և հասարակարգի զարգացման պետական քաղաքականությունը։

2012-ի հունվ-ին ընդունվել է «Հայագիտության զարգացման հայեցակարգը», որտեղ հայագիտությունը՝ որպես գիտական համակարգ, դիտարկվում է պետական ազգային քաղաքականության ծրագրի էական բաղադրիչ, որը կարող է խթանել անկախ պետականության ամրապնդումը և նպաստել ազգային ինքնագիտակցության խորացմանը, դառնալ հայոց պետականության շուրջ հայերի համախմբման, երկրի ազգային անվտանգության ապահովման ու Սփյուռքում հայապահպանության վճռական գործոն, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ հայ անհատի ձևավորման հզոր ազդակ։