Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՀ ԳԱԱ նախագահները

ՕՐԲԵԼԻ Հովսեփ Աբգարի [1887, Քութայիս (Վրաստան) - 1961, Լենինգրադ (այժմ՝ Ս. Պետերբուրգ)], արևելագետ, հնագետ։ ՀԽՍՀ ԳԱ ակադ. և առաջին նախագահը՝ 1943-47-ին, ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1935)։ Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր (1944), Իրանի ԳԱ թղթ. (1945) անդամ։ Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիր. ֆակ-ը (1911)։ Արևելագետ, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին։ 1909-ին ուսումնասիրել է Ղարաբաղի հայկական արձանագրությունները։ 1911-ից աշխատել է Ս. Պետերբուրգի համալսարանում, գիտարշավի է մեկնել Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ, ուսումնասիրել ճարտ. հուշարձաններ։ 1914-ից Ս. Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակ-ում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916-ին Վանում հայտնաբերել է Սարդուրի Բ արքայի (մ. թ. ա. IX դ.) մեծածավալ սեպագիր արձանագրությունը։ Մասնակցել է Նյութ․ մշակույթի պատմության Ռուսաստանի ակադ-ի հիմնադրմանը, 1919-ի օգոստ-ին ընտրվել է այդ ակադ-ի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվ-ի բաժինը։ 1934-51-ին եղել է Էրմիտաժի տնօրենը, 1937-38-ին, միաժամանակ՝ ԽՍՀՄ ԳԱ Նյութ․ մշակույթի պատմության ինստ-ի տնօրեն։ Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստական արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ)։ 1946-ին մասնակցել է Նյուրնբերգի դատավարությանը՝ որպես ֆաշիստ․ հանցագործներին մեղադրող կողմի վկա։ 1956-ին հիմնադրել և ցկյանս ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստ-ի Լենինգրադի բաժանմունքը։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վիկտոր Համազասպի (1908, Թիֆլիս - 1996, Երևան), աստղաֆիզիկոս, տես. աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը։ ՀՀ ԳԱԱ նախագահ՝ 1947-94-ին, պատվավոր նախագահ՝ 1994-96-ին։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադ.։ ՀԽՍՀ (1940) և ՎԽՍՀ (1968) գիտ․ վաստ. գործիչ։ Հայաստանի ազգային հերոս (1994), Սոց. աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978)։

Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը (1928), 1939-ին նշանակվել է նույն համալսարանի աստղադիտարանի տնօրեն, 1941-ից՝ համալսարանի ուսումնական մասի պրոռեկտոր։ 1943-ից՝ ՀՀ ԳԱԱ հիմնադիրներից և առաջին փոխնախագահը։ 1946-88-ին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր (1988-96-իև՝ պատվավոր) տնօրեն։ 1955-91-ին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ, 1994-96-ին՝ ՌԳԱ խորհրդական։

Ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակ․ տեսությունը։ Մշակել է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթներից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ, որի հիման վրա գտել է աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները։ Մշակել է աստղային համակարգերի վիճակագր. մեխանիկայի հիմունքները։ Ցույց է տվել, որ աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և քայքայման արագությունից ելնելով՝ կարելի է գնահատել դրանց տարիքը։ Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդներ կիրառելով՝ հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (1011 տարի) սանդղակը։ Ցույց է տվել, որ Գալակտիկայում լույսի միջաստղային կլանումը հարուցվում է ոչ թե անընդհատ միջավայրի (ինչպես ընդունված էր նախկինում), այլ համաչափության հարթության շուրջ կենտրոնացած բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների՝ կլանող ամպերի առկայությամբ։ Այդ ամպերի ուսումնասիրման համար մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը։ Ստեղծել է պղտոր միջավայրում լույսի յուրօրինակ ցրման տեսություն, որը հիմնված է իր իսկ առաջադրած ինվարիանտության սկզբունքի վրա և տալիս է հիմնախնդրի ճշգրիտ լուծումը։ Այդ սկզբունքի հիման վրա ստացել է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումներ։

1947-ին հայտնագործել է նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ։ Հիմնավորել է, որ աստղասփյուռները երիտասարդ են, որը հիմք է ծառայել աստղային տիեզերածնության մի շարք սկզբունքային հիմնախնդիրների լուծման համար։ Ապացուցել է, որ Գալակտիկայում աստղաառաջացումը ներկայումս շարունակվում է և ունի խմբային բնույթ։ Բացահայտել է Т-Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղը աստղային էվոլյուցիայի ընդհանուր շղթայում՝ որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչների։

1950-ական թթ-ին հայտնագործել է Գալակտիկայի կենտրոնական խտացումների՝ գալակտիկաների կորիզների ակտիվությունը։ Մշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնվել է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա։ Նախաստղերի վարկածի կապակցությամբ տվել է աստղերի գերխիտ գոյաձևերի տեսության հիմունքները։ Կարևոր արդյունքներ է ստացել ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման միջոցով։ Ս. Պետերբուրգում և Բյուրականում ստեղծել է գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա։

Վ. Համբարձումյանը Հայկական հանրագիտարանի ստեղծման նախաձեռնողներից էր և առաջին գլխավոր խմբագիրը (1965-74), գիտախմբագր. խորհրդի նախագահը (1968-87)։ Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ (1948-55), նախագահ (1961-64), գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ (1968-72), 30-ից ավելի երկրների գիտական ակադ-ների, գիտական ընկերությունների անդամ և պատվավոր անդամ։

Արժանացել է Հայաստանի, ԽՍՀՄ-ի, ՌԴ-ի, Անգլիայի, Բելգիայի, Ավստրիայի և այլ երկրների բազմաթիվ մրց-ների, շքանշանների ու մեդալների։