Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՐԳՍՅԱՆ Ֆադեյ Տաճատի (1923, Երևան-2010, Երևան), պետական գործիչ, կառավարման համակարգերի բնագավառի գիտնական։ ՀՀ ԳԱԱ նախագահ՝ 1994-2006-ին։ Տեխ. գիտ․ դ-ր (1975), ՀՀ ԳԱԱ ակադ. (1977, թղթ. անդամ՝ 1971-ից), գեն-մայոր (1970)։ 1940-42-ին սովորել է ԵՊՀ-ում, 1946-ին ավարտել Լենինգրադի ռազմ․ էլեկտրատեխնիկայի ակադ-ը։ 1963-77-ին՝ ԵՄՄ ԳՀԻ տնօրեն, 1977-89-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ, 1988-89-ին եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի ղեկավար, 1989-94-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզտեխ. և տեղեկագիտության բաժանմունքի ակադ. քարտուղար, 2006-10-ին՝ ՀՀ վարչապետի խորհրդական։ 1964-ից ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԽ-ների, 1955-2003-ին՝ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր։

Աշխատանքները վերաբերում են ռադիոտեղորոշման, ռադիոէլեկտրոնիկայի, հաշվող․ տեխնիկայի, կառավարման համակարգերի, արտադրական շարժընթացների ավտոմատացման սարքերի և համակարգերի ստեղծման ու արտադրության մեջ ներդրման խնդիրներին։

Մի շարք միջազգային ԳԱ-ների անդամ է։

Արժանացել է Հայաստանի, ԽՍՀՄ-ի, ՌԴ-ի, Գերմանիայի, Ուկրանիայի Պետական մրց-ների, պարգևատրվել բազմաթիվ մեդալներով։

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ռադիկ Մարտիրոսի (ծ. 1936, գ. Մադաղիս, ԼՂՀ Մարտակերտի շրջան), ռադիոֆիզիկոս։ ՀՀ ԳԱԱ նախագահ՝ 2006-ից։ Ֆիզմաթ․ գիտ․ դ-ր (1980), պրոֆ. (1983), ՀՀ ԳԱԱ ակադ. (1990, թղթ. անդամ՝ 1986-ից)։ Ավարտել է ԵՊՀ-ն (1958)։ 1980-2006-ին՝ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ի տնօրեն, 1993-2006-ին՝ ԵՊՀ ռեկտոր։

Աշխատությունները վերաբերում են քվանտային և գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկային։ Կարևոր արդյունքներ է ստացել սանտիմետրային և միլիմետրային ռադիոալիքների տիրույթում աշխատող նոր, բարձր արդյունավետության քվանտային ուժեղացուցիչների ուսումնասիրման ու ստեղծման ասպարեզում։ Հայտնաբերել և հետազոտել է քվանտային ուժեղացուցիչներում որպես ակտիվ միջավայր ծառայող նոր նյութեր։ Այդ աշխատանքների հիման վրա ստեղծվել են նոր տեսակի քվանտային սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են ռադիոաստղագիտական հետազոտություններում։ Նրա մշակած 21 սմ ալիքի երկարության քվանտային ուժեղացուցիչը ԽՍՀՄ-ում առաջինն է կիրառվել աստղաֆիզիկայում։

Բարձրջերմաստիճանային գերհաղորդչի կամրջակային թաղանթային կառուցվածքներում հայտնաբերել է ինտենսիվ քվազիմեներանգ սեփական ճառագայթում՝ գերբարձրհաճախական տիրույթում։

Ռ. Մարտիրոսյանի գիտական ղեկավարությամբ ստեղծված բարձր զգայունության ռադիոընդունիչ համակարգերը կիրառվել են երկրի բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» միջազգային գիտական ծրագրերում։ Ստեղծված սարքերն օգտագործվել են տիեզ. հետազոտություններում։ Նրանց օգնությամբ մեծ ճշգրտությամբ որոշվել են Վեներայի մթնոլորտի դինամիկ տարրերը։

Արժանացել է Հայաստանի, ԽՍՀՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իտալիայի մրց-ների, պարգևատրվել մի շարք շքանշաններով ու մեդալներով։

ՇՈՒՔՈՒՐՅԱՆ Յուրի Հայկի (ծ. 1940, Երևան), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ՝ 1995-ից։ Հաշվող․ տեխնիկայի և տեղեկագիտության բնագավառի գիտնական։ Տեխ. գիտ․ դ-ր (1982), պրոֆ. (1987), ՀՀ ԳԱԱ ակադ. (1996, թղթ. անդամ՝ 1990-ից)։ Ավարտել է ԵՊԻ (1963)։ 1971-80-ին՝ ԵՄՄ ԳՀԻ-ի ԷՀՄ-ների նախագծման ավտոմատացման բաժնի, 1980-86-ին՝ «Նաիրի» ընտանիքի և միասնական համակարգի ԷՀՄ-ների մաթեմատիկական ապահովման բաժանմունքի վարիչ, 1986-2006-ին՝ ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստ-ի տնօրեն, 1995-2002- ին և 2005-ին, միաժամանակ՝ մաթեմատիկական և տեխ. գիտ-ների բաժանմունքի ակադ. քարտուղար։

Աշխատանքները վերաբերում են թվային ավտոմատների տեսությանը, ԷՀՄ-ների մաթեմատիկական ապահովմանը և տրամաբան․ նախագծման ավտոմատացման հարցերին, տեղեկատվ. տեխնոլոգիաներին։

Արժանացել է ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի (2000)։ ՀՀ գիտ․ վաստ. գործիչ (2011)։

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հրանտ Հենրիկի (ծ. 1947, Երևան), ՀՀ ԳԱԱ ակադ. քարտուղար՝ 2011-ից։ Ռադիոֆիզիկոս։ Ֆիզմաթ․ գիտ․ դ-ր (1997), ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (2010), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2011-ից), Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն (2007-ից), Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ի տես. ֆիզիկայի բաժնի վարիչ (2006-ից)։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակ-ը (1970)։

Աշխատանքները վերաբերում են պլազմայի ու պլազմանման միջավայրերի, լիցքավորված մասնիկների փնջերի ու արտաքին էլեկտրամագնիս․ դաշտերի փոխազդեցությանը։