Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Տարրական մասնիկների և միջուկի ֆիզիկա

Միջուկային ֆիզիկայի հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1950-ական թթ-ի 2-րդ կեսին։ 1958-ին ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի ինստ-ում Համլետ Վարդապետյանի գլխավորությամբ ստեղծվել է միջուկային սպեկտրադիտման լաբորատորիա, որտեղ յուրացվել է սցինտիլյացիոն սպեկտրադիտման մեթոդը, և Ալեքսանդր Խուդավերդյանի մասնակցությամբ չափվել են դեֆորմացված միջուկների գրգռված վիճակների բնութագրերը։ Ա. Ալիխանովի ղեկավարությամբ Ռոբերտ Ավագյանը հետազոտել է միջուկների բետա-տրոհման էլեկտրոնների բևեռացումը փոքր էներգիաների տիրույթում և ցույց տվել, որ այն կախված է միջուկների կառուցվածքային առանձնահատկություններից։

Մեզոատոմային անցումներին վերաբերող մի շարք տես. աշխատանքներ է կատարել Վաղարշակ Ջրբաշյանը։ Նա դիտարկել է մյու-մեզոնների ապաբևեռացումը մեզոատոմային անցումների դեպքում և ցույց տվել, որ այն պայմանավորված է սպին-ուղեծրային փոխազդեցությամբ։ Հետազոտվել են կողմնորոշված միջուկների ճառագայթած բետա-էլեկտրոնների անհամաչափությունը, նաև կամայական սպինով մասնիկների էլեկտրամագնիս․ ու միջուկային դաշտերի ազդեցությամբ միջուկների գրգռման կտրվածքը։

Երևանի սինքրոտրոնի գործարկումից հետո աշխատանքներ են ծավալվել այդ արագացուցչի փնջի օգտագործմամբ։

1969-ին Ռ. Ավագյանը և աշխատակիցները Երևանի սինքրոտրոնում տեղադրված ադամանդի բյուրեղում 4,7 ԳԷՎ էներգիայով էլեկտրոնների կոհերենտ արգելակման ճառագայթման միջոցով ստացել են բևեռացված ֆոտոնների փնջեր։ Նուկլոններից և միջուկներից մեզոնների լուսածնումը հետազոտելու նպատակով մշակվել են մագնիս․ և գամմա-սպեկտրաչափներ, որոնք հնարավորություն են տվել որոշելու նուկլոնների հետ անկայուն ho-մեզոնի փոխազդեցության բնութագրերը, միջուկներում պրոտոնների և նեյտրոնների բաշխման պարամետրերը։ Աշխատանքների այս շարքի համար Համլետ Վարդապետյանը, Ալեքսանդր Խուդավերդյանը և ուրիշներ 1980-ին արժանացել են ՀԽՍՀ Պետական մրց-ի։ ԵՖԻ-ում մշակվել է բարձր էներգիաների մեներանգ և բևեռացած ֆոտոններ ստանալու մեթոդ։ 1978-79-ին Հ. Վարդապետյանը, Ալեքսանդր Աղանյանցը և մի խումբ աշխատակիցներ փորձնականորեն հաստատել են միաբյուրեղում ռելյատիվիստ․ էլեկտրոնների խուղակավորման (կանալավորում) ժամանակ ռենտգենյան ճառագայթման առաջացման փաստը։

ԵՖԻ-ում կատարված միջուկներից պրոտոնների ներառվող (ինկլյուզիվ) լուսառաջացման հետազոտությունները ցույց են տվել, որ պի-մեզոնների, պրոտոնների և ռելյատիվիստ․ միջուկների փնջերի օգնությամբ խորհրդային ֆիզիկոսների հայտնաբերած «կումուլյատիվ էֆեկտը» տեղի ունի նաև ֆոտոնների համար (Կիմ Եղիյան և ուրիշներ)։ Հետազոտություններ են կատարվել նաև արագացուցչի էլեկտրոնների ներքին փնջով։

Մեծ նվաճում էր կայծային խցիկի կատարելագործումը, որի ստեղծմանը մասնակցել են ԽՍՀՄ բազմաթիվ լաբորատորիաներ. համատեղ ջանքերով ստեղծվել են հետքային կայծային խցիկներ, որոնց համար մի խումբ խորհրդային ֆիզիկոսների, նրանց թվում՝ Ա. Ալիխանյանին և Թ. Ասաթիանիին, շնորհվել է Լենինյան մրցանակ։ ԵՖԻ-ում պատրաստված պլաստիկ սցինտիլյատորները Լայպցիգի տոնավաճառում արժանացել են Ոսկե մեծ մեդալի։ ԵՖԻ-ում ստեղծվել է նաև խոշոր հաշվող․ չափիչ կենտրոն, կատարվել են փորձի ավտոմատացումն ապահովելու և ֆիզիկական տեղեկատվության ավտոմատացված մշակման հնարավորություններ ստեղծելու աշխատանքներ (Արամ Նանասյան և ուրիշներ)։

1998-ին և 2005-ին Երևանի սինքրոտրոնը վերաթողարկվել է. չափվել է դեյտրոնի լուսաճեղքման շարժընթացի անհամաչափությունը, որը կապված է քվարկային հաշվի կանոնների կիրառելիության հարցի ուսումնասիրության հետ, նաև մշակվել և իրագործվել է ֆոտոնների բևեռացման չափման նոր մեթոդ (Հ. Վարդապետյան, Ալբերտ Սիրունյան)։

Վերջին տարիներին արագորեն զարգանում է ԵՖԻ-ի ֆիզիկոսների համագործակցությունը միջազգային խոշորագույն կենտրոնների հետ. իրականացված գիտափորձերում հետազոտվել են ծանր իոնների