Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բախումներում վեկտոր․ մեզոնների և մյուոնային զույգերի ծնման շարժընթացները, և ստացվել են վկայություններ նյութի նոր վիճակի՝ քվարկ-գլյոտնային պլազմայի գոյության վերաբերյալ, ուսումնասիրվել են հադրոն-պրոտոնային, հադրոն-միջուկային և նեյտրինո-միջուկային փոխազդեցություններում մասնիկների ծնման շարժընթացների մեխանիզմները։

ԵՖԻ-ի գիտնականները (Ա. Սիրունյան, Արա Գրիգորյան և ուրիշներ) մասնակցել են Միջուկային հետազոտությունների եվրոպ. խորհրդում (CERN) գործարկված պրոտոն-անտիպրոտոնային խոշորագույն արագացուցչի (LHC), 3 խոշոր սարքավորումների (ATLAS, ALICE, CMS) ստեղծմանը և որոշակի հանգույցների ուսումնասիրություններին։ Նրանք մասնակցում են գերբարձր (14 ՏԷՎ) էներգիաների ֆիզիկայի հետազոտություններին, որոնք հնարավորություն կտան ստուգելու ստանդարտ մոդելի հետ կապված մի շարք ենթադրություններ՝ Հիգսի մասնիկների գոյությունը, ստանդարտ մոդելից այն կողմ գտնվող ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը և այլն։

ԵՖԻ-ի մի խումբ գիտնականներ հաջողությամբ մասնակցել են ԱՄՆ-ի Ջեֆերսոնի անվան լաբորատորիայի (JLab) արագացուցչի А, В և C փորձարար․ սրահներում էլեկտրոնային և ֆոտոնային փնջերով կատարվող գիտափորձերին. Կ. Եղիյանը և աշխատակիցները մի շարք կարևոր արդյունքներ են ստացել, այդ թվում՝ միջուկներում 2 և 3 նուկլոնային կորելյացիաների վերաբերյալ։ Ուսումնասիրվել են քվարկ-հադրոնային երկակիությունը և ցածր էներգիաներում կտրվածքի ֆակտորացումը (Համլետ Մկրտչյան և ուրիշներ), կատարվել է ЗНе թիրախից լուսածնումով առաջացած դեռևս անհայտ և էկզոտիկ քվանտային վիճակների որոնման գիտափորձը։

Տեսական ֆիզիկա

Գերխիտ աստղերի ֆիզիկա և ձգողության տեսություն։ 1960-ին Վիկտոր Համբարձումյանի և Գուրգեն Սահակյանի կատարած հիմնարար հետազոտություններում ցույց է տրվել հատուկ տեսակի գերխիտ աստղերի՝ բարիոնային աստղերի գոյության հնարավորությունը, որոնց ընդերքը, միջուկայինից բարձր խտությունների դեպքում, կազմված է հիմնականում հադրոններից։ Այդպիսի գերխիտ նյութը, նուկլոններից բացի, բաղկացած է հիպերոններից և այլ անկայուն հադրոններից, որոնք միջուկային խտությունների սահմանն անցնելիս դառնում են կայուն։ Այդ հետազոտությունների շնորհիվ ծնունդ է առել աստղաֆիզիկայի նոր ուղղություն՝ գերխիտ երկնային մարմինների ֆիզիկան, որն սկսել է զարգանալ ԵՊՀ տես. ֆիզիկայի ամբիոնում՝ Գ. Սահակյանի ղեկավարությամբ։ Հետազոտվել է բաբախիչներում (պուլսար) ուժեղ մագնիս․ դաշտի առաջացման մեխանիզմը, որը պայմանավորված է գերխիտ աստղերում պրոտոնների և նեյտրոնների գերհոսունությամբ (Դավիթ Սեդրակյան, Էդուարդ Չուբարյան, Յուրի Վարդանյան)։ Ստացված արդյունքներն ընդհանրացվել են Գ. Սահակյանի «Այլասերված գազային զանգվածների հավասարակշիռ փոխդասավորություններ» (ռուս․՝ 1972, անգլ.՝ 1974, ԱՄՆ) և «Նեյտրոնային աստղերի ֆիզիկա» (ռուս․, 1995) մենագրություններում։

Ուսումնասիրվել են գրավիտացիոն տարբեր համակարգերի հավասարակշռության և կայունության հարցերը մագնիս․ դաշտում (Մարտին Աբրահամյան, Ռաֆիկ Հովհաննիսյան)։ Կատարվել են Տիեզերքի զարգացման տարբեր փուլերի տես. հետազոտություններ, ցույց է տրվել, որ ուշ ժամանակաշրջանի համար ստացված արդյունքները համընկնում են դիտող․ տվյալների հետ (Ռոլանդ Ավագյան, Լևոն Գրիգորյան, Գոհար Հարությունյան, Կարեն Շահբազյան, Է. Չուբարյան, Վլադիմիր Պապոյան)։ Ուսումնասիրվել են ուժեղ գրավիտացիոն դաշտերով պայմանավորված քվանտային երևույթները և դրանց ազդեցությունը վաղ Տիեզերքի դինամիկայի վրա (Արամ Սահարյան)։

Հետազոտվել է նեյտրոն-պրոտոնային մրրիկների շարժման դինամիկան նեյտրոնային աստղերում, առաջարկվել բաբախիչների անկյունային արագության թռիչքների ու դրանց ռելաքսացիայի երևույթների բացատրման մեխանիզմը։ Ցույց է տրվել, որ սպիտակ թզուկներից