Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Աստղագիտություն

Ըստ պատմ. ու հնագիտական տվյալների՝ մ. թ. ա I հազարամյակի կեսերից Հայկական լեռնաշխարհում օգտվել են լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից։ Դեռ վաղ միջնադարում հայերեն են թարգմանվել հույն գիտնականների աստղագիտական բնույթի աշխատություններ, իսկ մոլորակների հայկական անվանումները (Փայլածու, Լուսաստղ կամ Լուսաբեր, Հրատ, Լուսնթագ, Երևակ) գրեթե ճշգրտորեն համընկնում են դրանց հին հուն․ (մինչև մ. թ. ա. VI-IV դդ. գործածված) իմաստային անվանումներին։

Աստղագիտությունը՝ որպես գիտություն, Հայաստանում ձևավորվել է VII դ-ում՝ Անանիա Շիրակացու տիեզերագիտական ու տոմարագիտական աշխատություններով։ Շիրակացին ընդունել է Երկրի գնդաձևությունը, ճիշտ բացատրել Արեգակի և Լուսնի խավարումները, Ծիր կաթինին վերագրել է աստղային բնույթ։ Աստղագիտության և տոմարագիտության հարցերը XI դ-ում լրջորեն քննարկել է Հովհաննես Սարկավագը «Պատճեն տոմարի» աշխատության մեջ, որտեղ տվել է տոմարագիտության հարցերի լրիվ շարադրանքը և հայկական օրացույցը համեմատել այլ ժողովուրդների օրացույցների հետ։ Միջին դարերում Հայաստանի վանական բարձրագույն դպրոցներում (Գլաձոր, Տաթև) դասավանդվել են «Տիեզերագիտություն» և «Տոմարագիտություն» առարկաները։

Աստղագիտական գիտելիքների տարածման գործում զգալի ներդրում են ունեցել Սբ Ղազար կղզու (Վենետիկ) Մխիթարյան միաբանության հրատ-ները։ Մասնավորապես, Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (1749) գրքում, որպես ներդիր, զետեղվել է «Աստղալից երկինք» հայկական առաջին աստղագիտական տպագիր քարտեզը։ XIX դ-ի կեսերին Սբ Ղազարում Մխիթարյանները հիմնադրել են աստղադիտարան, որտեղ 17 սմ տրամագծով աստղադիտակով կատարվել են դիտումներ։ Այդ դիտումների և դրանց հետազոտությունների արդյունքները, նաև աստղագիտական բնույթի այլ հոդվածներ տեղ են գտել Մխիթարյանների՝ 1843-ից հրատարակվող «Բազմավեպ» հանդեսում։ Հատկապես ուշագրավ են Կենդանակերպի լույսի, երկնային մարմինների շրջապտույտի և աստղերի առկայծումների վերաբերյալ Խորեն Սինանյանի աշխատանքները։ 1894-ին նա հայտնաբերել է Յուպիտերի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի աստղադիտարանի հանձնաժողովն այդ փաստը չի հաստատել և չի գրանցել նրա անունով։ Մխիթարյանների աստղագիտական բնույթի աշխատանքներից է նաև Հ. Բարսեղյանի «Գիսատրք» աշխատությունը, որտեղ, հայտնի պատկերացումներից բացի, շարադրված են արևաբծերի և գիսավորների սեփական դիտումների արդյունքները։

XX դ-ի հայկական առաջին աստղագիտական հիմնարկը՝ Երևանի աստղադիտարանը, սկսել է գործել 1933-ին՝ ԵՊՀ-ին կից։ Այնտեղ տեղադրված 22 սմ տրամագծով աստղադիտակով իրականացրել են ուղղակի և լուսանկարչական դիտումներ, զբաղվել փոփոխ․ աստղերի, Արեգակի ակտիվության և այլ հարցերով։

ՀԽՍՀ ԳԱ հիմնադրումից (1943) հետո ԵՊՀ-ում բացվել է աստղաֆիզիկայի ամբիոն (1945), այնուհետև ստեղծվել է ԳԱ Բյուրականի աստղադիտարանը (1946)։ Առաջին դիտումները Բյուրականում կատարվել են բաց երկնքի տակ տեղակայված փոքր աստղադիտակներով, իսկ արդյունքները մշակվել են Երևանի աստղադիտարանում։ Բյուրականի աստղադիտարանի պաշտոն․ բացումը տեղի է ունեցել 1956-ին, և հետազոտ․ աշխատանքները շարունակվել են Բյուրականում։

Աստղադիտարանում տեղակայված առաջին, շատ համեստ չափերի աստղադիտակները (Շմիդտի՝ 20 սմ, և Կասեգրենի 40 սմ տրամագծերով դիտակներ, 12 սմ տրամագծով աստղագրիչ) օգտագործվել են աստղասփյուռների, փոփոխ․ աստղերի և այլ օբյեկտների հետազոտման համար։ 1954-ին շահագործման է հանձնվել 53 սմ տրամագծով Շմիդտի դասի դիտակը, իսկ 1960-ին՝ նույն դասի 1 մ տրամագծով մուտքի բացվածքով և նույն չափի օբյեկտիվ 3 պրիզմաներով աստղադիտակը (խոշորագույններից է աշխարհում)։ Այդ դիտակների շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը ԽՍՀՄ-ում առաջինն է սկսել այլ գալակտիկաների զանգվածային դիտումները։ 1976-ին Բյուրականում սկսել է գործել Եվրոպայում խոշորագույն՝ 2,6 մ տրամագծով դաս. աստղադիտակը, որը հնարավորություն է տվել կատարելու առանձին աստղերի և գալակտիկաների լուսաչափ․ և սպեկտրային մանրամասն հետազոտություններ։

Աշխատանքների առաջին շարքը Գալակտիկայում կլանող նյութի բաշխման ու ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունն էր։ Հատկապես կարևոր էր Ծիր կաթինի պայծառության ֆլուկտուացիաների տեսության ստեղծումը միջաստղային կլանող նյութի ամպաձև կառուցվածքի պատկերացման հիման վրա (Վ. Համբարձումյան), որով հնարավոր եղավ որոշել կլանող ամպերի միջին բնութագրերը (չափեր, կլանման ունակություն, տարած․ խտություն)։ Այդ ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ճշգրտելու Գալակտիկայի կառուցվածքն ու տարբեր դասերի աստղերի տարած․ բաշխումը և դարձել է աստղասփյուռների հայտնադործման ելակետ (Վ. Համբարձումյան)։ Աստղասփյուռների հայտնագործումն ու դրանց էվոլյուցիոն բնույթի բացահայտումը հեղաշրջել են աստղառաջացման պատկերացումները և կանխորոշել աստղադիտարանի հետագա գիտական ուսումնասիրությունների ուղղությունները։ Եզրակացություններից առաջինը՝ այն, որ անկայունության դրսևորումները չափազանց կարևոր են տիեզ. մարմինների էվոլյուցիայի հարցերում, դարձել է Բյուրականի աստղադիտարանի գիտական հավատամքը և հնարավորություն է տվել ստանալու կարևոր գիտական արդյունքներ։ Մյուս կարևոր եզրակացությունն