Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցեր՝ մագնիս․ դաշտերի առկայությամբ (Մարտին Աբրահամյան, Ռաֆիկ Հովհաննիսյան)։ Կառուցվել է գրավիտացվող ներդրված ենթահամակարգերի դինամիկ տեսություն, որը հաշվի է առնում գալակտիկաների բազմաբաղադրիչ կառուցվածքը, գնահատվել է դրանց մեջ թաքնված զանգվածը։ Այդ տեսության ճշգրիտ լուծում հանդիսացող Տե գալակտիկաների մոդելը բացատրում է դրանցում դիտվող առանձնահատկությունները։ Առաջարկվել են գալակտիկաների պարուրաձև կառուցվածքի ոչ գծային խտության ալիքների և երիտասարդ աստղային կազմավորումներից ու գալակտիկաների կորիզներից շիթային արտանետումների առաջացման մրրկային տեսություններ (Մարտին Աբրահամյան)։

Բյուրականի աստղադիտարանն ակտիվորեն մասնակցել է նաև արհեստ․ արբանյակների դիտմանը՝ դրանց ուղեծրերի ճշտման ու անհայտ արբանյակների նույնացման նպատակով, նաև արհեստ․ արբանյակների վրա տեղակայված աստղադիտակներով արտամթնոլորտային դիտումների իրականացմանը։ Հայ աստղագետների և ճարտարագետների ստեղծած «Օրիոն-1» և «Օրիոն-2» ուղեծրային դիտարանների միջոցով ստացվել են շուրջ 1000 աստղի սպեկտրներ՝ Երկրից անտեսանելի հեռավոր անդրամանուշակագույն տիրույթում (Գրիգոր Գուրզադյան)։ «Աստրոն» աստղաֆիզիկական ուղեծրային դիտարանի 80-սմ-անոց դիտակով ստացվել են աստղերի և գալակտիկաների սպեկտրները՝ հեռու անդրամանուշակագույն տիրույթում (Հրանտ Թովմասյան և ուրիշներ)։

Բյուրականի աստղադիտարանը համագործակցել է բազմաթիվ երկրների աստղագիտական կենտրոնների հետ. Բյուրականում մշակված գաղափարներն ու տեսակետներն զգալի ազդեցություն են ունեցել ժամանակակից աստղաֆիզիկայի զարգացման վրա։

1951-ից Բյուրականի աստղադիտարանում հրավիրվել են աստղասփյուռներին, անկայուն աստղերին, արտերկրային քաղաքակրթության գոյության խնդիրներին, ակտիվ գալակտիկաներին, ինվարիանտության սկզբունքին, բռնկվող աստղերին ու հարակից օբյեկտներին և այլ հարցերի նվիրված միջազգային գիտաժողովներ։ Այստեղ տեղի են ունեցել Միջազգային աստղագիտական միության 4 գիտաժողով (1966, 1986, 1989, 1998) և 1 կոլոքվիում (2001), իսկ 2007-ին Երևանում հրավիրվել է Եվրոպ. և ազգային աստղագիտական համագումարը (8 գիտաժողով)։

1946-ից լույս է տեսնում «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» պարբ-ը, 1965-ից՝ նաև «Աստղաֆիզիկա» հանդեսը, որը 1992-ից դարձել է միջազգային, թարգմանվում է անգլ. և հրատարակվում նաև ԱՄՆ-ում։

1973-ին Բյուրականի աստղադիտարանը հաստատվել է որպես ԽՍՀՄ արտագալակտիկ. հետազոտությունների համակարգման կենտրոն։ Բյուրականի աստղադիտարանը պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967)։ Աստղադիտարանին կից գործում է ֆիզմաթ․ գիտ-ների դ-րի աստիճան շնորհող գիտական խորհուրդ։

Ռադիոֆիզիկա

Ռադիոֆիզիկայի բնագավառում կանոնավոր հետազոտություններն սկսվել են 1950-ին, երբ Վ. Համբարձումյանի նախաձեռնությամբ Բյուրականի աստղադիտարանում ստեղծվել է ռադիոաստղագիտության լաբորատորիա, 1959-ին՝ ռադիոֆիզիկական մեթոդների բաժին (Է. Միրզաբեկյանի գլխավորությամբ)։ Բաժնում սկսվել են ալիքի երկարության սանտիմետրային և դեցիմետրային տիրույթներում շատ թույլ ազդանշանների ընդունման մեթոդների հետազոտությունները և համապատասխան բարձրզգայուն ընդունիչ սարքերի մշակումները։ Ռադիոֆիզիկական ոաումնասիրություններն էապես ընդլայնվել են այդ բաժնի հիման վրա Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ի (ՌՖԷԻ) ստեղծումից հետո (1960)։

Վերջինիս հիմն. գիտական ուղղությունը եղել է ռադիոֆիզիկական եղանակների զարգացումը և Տիեզերքի, կոնդենսացված նյութերի ու կենսբ. օբյեկտների հետազոտություններում դրանց կիրառումն ու համապատասխան բարդ սարքերի ստեղծումը։ Էմիլ Միրզաբեկյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Ալբերտ Ղուրանի և Արսեն Հախումյանի ղեկավարած այդ աշխատանքների արդյունքում մշակվել և պատրաստվել են մի քանի սերնդի դեցիմետրային, սանտիմետրային ու միլիմետրային տիրույթների ջերմային ճառագայթման ընդունիչներ, ռադիոչափիչներ, բևեռաչափներ, որոնք օժտված են բարձր զգայունությամբ և հոաալիությամբ։ Ստեղծված սարքավորումների և ռադիոֆիզիկական մեթոդների միջոցով ՌՖԷԻ-ի մասնագետներն իրականացրել են ԽՍՀՄ տիեզ. հետազոտությունների ծրագրերում օգտագործվող հեռահար կապի անտենաների ատեստավորումը՝ դրանց տեղակայման բոլոր կետերում։ Գերբարձր հաճախության (ԳԲՀ) ռադիոչափիչներն օգտագործվել են Երկիր և այլ մոլորակների հեռազննման միջազգային ծրագրերում («Պրիրոդա», «Վեգա», «Օկեան», «Մետեոր» և այլն)։ «Միր» ուղեծրակայանում տեղադրված ՌՊ-600 բազմուղի ռադիոչափ․ համակարգի օգնությամբ ստացվել են մեծ ծավալի տեղեկություններ՝ օվկիանոսների, Երկրի հողածածկույթի և մթնոլորտի մասին (Ռ. Մարտիրոսյան, Ա. Ղուլյան)։

Ստեղծվել են մի շարք քվանտային պարամագնիս. ուժեղարարներ (մազեր), որոնք կիրառվել են կարևորագույն ռադիոաստղագիտական հետազոտություններում։ Օր.՝ կապված ռեզոնատորներով 21 սմ ալիքի երկարության քվանտային ուժեղարարը, որը տեղակայվել էր ԽՍՀՄ ԳԱ Ֆիզիկայի ինստ-ի (ՖԻԱՆ) 23-մ-անոց ռադիոդիտակի վրա, մի կարգով բարձրացրել է համակարգի զգայունությունը, իսկ լայն շերտում վերալարվող 1,35 սմ ալիքի էրկարության մազերը, որը տեղակայվել