երևույթների առանձնահատկությունները, որոնց հիման վրա առաջարկվել են ներքին ուժեղացմամբ նոր լուսաընդունիչներ։ Էլեկտրահեղուկային էպիտաքսիայի միջոցով ստեղծվել են ենթակարմիր տիրույթի ընտրողունակ լուսաընդունիչներ և ջերմալուսավոլտային փոխակերպիչներ (Վլադիմիր Հարությունյան, Ֆերդինանդ Գասպարյան, Ստեփան Պետրոսյան, Վահե Բունիաթյան և ուր.)։ Մշակվել և ստեղծվել են արեգակնային էներգիայի լուսաէլեկտրաքիմիական փոխակերպիչների մեծ մակերեսով բարձրարդյունավետ լուսաանոդներ։ Հետազոտվել են կիսահաղորդիչ-գազ սահմանում ընթացող ֆիզիկական երևույթները, նանոչափային կիսահաղորդչային կառուցվածքների հիման վրա ստեղծվել են հրավտանգ գազերի և ծխի բարձր զգայունությամբ ու ընտրողունակությամբ օժտված տվիչներ (Վլադիմիր Հարությունյան, Ալբերտ Սարգսյան և ուր.)։
Կիսահաղորդչային սարքերի ցածրհաճախային աղմուկների մակարդակի նվազեցման նպատակով բացահայտվել են կիսահաղորդչային սարքերում ֆլուկտուացիաների առաջացման պատճառները և տարբեր գործոնների ազդեցությունները (Վլադիմիր Հարությունյան, Ֆ. Գասպարյան, Սլավիկ Մելքոնյան և ուր.)։
ՀՊՃՀ-ի «Հելիոտեխնիկա» բազային լաբորատորիայում գազային պլազմայի հոսքի ղեկավարմամբ մշակվել են ածխածնային, նանոկառուցվածքային, մեկուսիչ, հաղորդիչ և կիսահաղորդիչ նոր թաղանթներ։ A2B6 տիպի կիսահաղորդչային միացություններում փորձնականորեն հայտնաբերվել են երկչափ և քվազիերկչափ մակերևութային էքսիտոններ, որոնց հիման վրա ստեղծվել է կիսահաղորդիչ-էլեկտրոլիտ սահմանի մակերևութային վիճակների հետազոտման էքսիտոնային սպեկտրադիտման նոր մեթոդ (Ժոզեֆ Փանոսյան)։
Տարածականորեն սահմանափակ A3B5 կիսահաղորդչային միջավայրերում տեսականորեն ուսումնասիրվել են ուժեղ մագնիս․ դաշտերի ազդեցությունը լիցքակիրների էներգիական սպեկտրների և կինեմատիկ. հատկությունների վրա (Վ. Սարդարյան և ուր.)։ Ուսումնասիրվել են պինդ մարմնի պլազմայում ջերմամագնիս. երևույթների քվանտային տեսության որոշ առանձնահատկություններ (Ռ. Թարխանյան)։
Զարգացվել է շերտավոր հետերոհամակարգերում էլեկտրոնների էներգիական սպեկտրի ճշգրիտ միկրոսկոպիական տեսությունը, ուսումնասիրվել են շարժընթացները կիսահաղորդիչների մերձմակերևութային տիրույթում (Զատիկ Կասամանյան)։
Ցածր չափայնության կիսահաղորդչային կառուցվածքների ֆիզիկական հատկությունների հետազոտություններն սկսվել են 1970-ական թթ-ին՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում, հետագայում՝ նաև ՀՊՃՀ-ում և 378 Հայ-ռուս․ (Սլավոն.) համալսարանի ֆիզտեխ. ֆակում։ Բարդ գոտիական կառուցվածքի հաշվառմամբ (Քեյնի մոդել) հետազոտվել են տարբեր չափայնությամբ և երկրաչափությամբ քվանտային նանոկառուցվածքների էլեկտրոնային, էքսիտոնային, խառնուկային վիճակները, խառնուկային գոտու կառուցվածքը։ Ցույց է տրվել, որ այդպիսի միջավայրերում ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել էքսիտոնների և բարդ էքսիտոնային կոմպլեքսների գոյության համար (Ալբերտ Կիրակոսյան, Է. Ղազարյան, Սաշիկ Հարությունյան, Հայկ Սարգսյան և ուր.):
Գնդային ու գլանային նանոշերտերում ուսումնասիրվել են սպինային երևույթները և էլեկտրոնային վիճակները՝ Ռասելաունդերսի մոտավորությամբ։ Կառուցվել է հելիումի ատոմի տեսության նմանակը՝ 2 էլեկտրոն պարունակող գնդային և գլանային նանոշերտերի համար։ Բարդ երկրաչափությամբ քվանտային կետերի (էլիպսարդներ, ոսպնյակներ, նանոշերտեր և այլն) համար առաջարկվել են իրատես․ սահմանափակող պոտենցիալներ, որոնք մի շարք հայտնի պոտենցիալների (Վուդ-Սաքսոն, Պյոշլ-Թելլեր, Վինտերնից-Սմորոդինսկի, Հյուլտեն) ընդհանրացումն են քվանտային նանոհամակարգերի համար (Է. Ղազարյան, Հ. Սարգսյան, Կարեն Դվոյան, ՀՀ Պետական մրցանակ՝ 2011)։ Դիտարկվել են նանոհամակարգերում լույսի կլանման տարբեր մեխանիզմներ (միջգոտիական, միջենթագոտիական, խառնուկային), հաշվարկվել են կլանման գործակիցները, պարզվել է տարբեր գործոնների (էլեկտր․ և մագնիս․ դաշտեր, հիդրոստատիկ ճնշում, սահմանափակող պոտենցիալ, դիֆուզիա, ջերմաստիճան) ազդեցությունը նշված բնութագրերի վրա։ Տեսականորեն հետազոտվել է էքսիտոնների բոզե-կոնդենսացման հնարավորությունը ցածր չափայնությամբ կառուցվածքներում (Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Վլադիմիր Հարությունյան, Հ. Սարգսյան և ուրիշներ)։
Հաշվարկվել են նաև լազերային ճառագայթման դաշտում սեփական և լեգիրված կիսահաղորդիչների էներգիական սպեկտրը և օպտիկ․ հատկությունները (Ս. Հարությունյան, Է. Ղազարյան, Հայկ Մինասյան, Արմեն Մելիքյան և ուրիշներ)։
Ուսումնասիրվել են քվազիերկչափ և քվազիմիաչափ էլեկտրոնային գազերում ձայնային, սահմանափակ բևեռային ու միջմակերևութային ֆոնոնային ցրումներով պայմանավորված ռելաքսացման բնութագրերը և բևեռային օպտիկ․ ֆոնոնների հետ փոխազդեցության ներդրումը վազիմասնիկների (էլեկտրոն, խոռոչ, էքսիտոն) էներգիաներում, ինչպես նաև դրանց պոլարոնային շեղումները (Ա. Կիրակոսյան և ուր.)։
Կառուցվել է ցածր չափայնությամբ հպակային երևույթների տեսությունը, հաշվարկվել են քվանտային փոսերի և լարերի վրա հիմնված դաշտային տրանզիստորների բնութագրերը, ուսումնասիրվել անհավասարակշիռ լիցքակիրների դիֆուզիան, հոսընթացը և լուսահաղորդականության երևույթը նանոհամակարգերում (Ստեփան Պետրոսյան և ուրիշներ)։ Առաջարկվել է քվանտային կետերով արեգակնային տարրի գաղափարը, և կառուցվել դրա տեսությունը, հաշվարկվել է փոխակերպման օգգ-ն (Ս. Պետրոսյան, Վլադիմիր Հարությունյան և ուրիշներ)։