Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզվել է, որ այն սերտորեն առնչվում է նաև կոտորակային կարգի դիֆերենցիալ օպերատորների համար էապես նոր տիպի եզրային խնդիրների հետ։

1963-ին վերսկսվել են հետազոտությունները մերոմորֆ ֆունկցիաների տեսության բնագավառում, սահմանվել են a∈ (-1, + ∞) ֆունկցիաների հետ առնչվող մերոմորֆ ֆունկցիաների էապես նոր դասեր, որոնք ի վիճակի են ընդգրկելու շրջանում մերոմորֆ կամայական ֆունկցիաները, և զարգացվել է նրանց պարամետր. ներկայացման տեսությունը (Մ. Ջրբաշյան)։ Ուսումնասիրվել են այդ դասերի նուրբ եզրային հատկությունները (Մ. Ջրբաշյան, Վանիկ Զաքարյան)։

Շրջանում անալիտիկ ֆունկցիաների ֆակտորացման և այդպիսի ֆունկցիաների հանրահաշիվներում փակ իդեալների նկարագրությանն են նվիրված Ֆ. Շամոյանի աշխատանքները։ Մասնավորապես, Մ. Ջրբաշյանի ֆակտորացման թեորեմների և Нp (α) դասերի ինտեգրալ ներկայացումների հիման վրա ստացվել են շրջանում վերջավոր կարգի մաժորանտ ունեցող անալիտիկ ֆունկցիաների պարամետր․ ներկայացումները։

Ամբողջ և մերոմորֆ ֆունկցիաների դեֆեկտային արժեքների հարցերով զբաղվել են Ն. Առաքելյանը և ուրիշներ։ Առաջին անգամ օգտագործելով մոտավորությունների տեսության մեթոդներն ու արդյունքները՝ Ն. Առաքելյանը հերքել է Ռ. Նևանլիևայի հայտնի վարկածը՝ վերջավոր կարգի ամբողջ ֆունկցիաների դեֆեկտային արժեքների մասին։ Մերոմորֆ ֆունկցիաների երկրաչափ. տեսության և արժեքների բաշխման տեսության մեջ նոր էական արդյունքներ է ստացել Գրիգոր Բարսեղյանը՝ զարգացնելով Նևանլինայի-Լ. Ալֆորսի դաս. տեսության որոշ մոտեցումներ։

Անալիտիկ ֆունկցիաների տեսության մեջ կատարվող հետազոտություններում նկատելի տեղ են գրավում միակության, ներառյալ նաև քվազիանալիտիկության հարցերը։ Զարգացնելով Է. Լինդելյոֆի հայտնի արդյունքները՝ Ա. Շահինյանը շրջանում անալիտիկ ֆունկցիաների համար ստացել է միակության «ներքին» ինտեգրալ հայտանիշներ, որոնք տարածել է շրջանում մերոմորֆ ֆունկցիաների վրա։ Այդ արդյունքների մի մասը Վ. Զաքարյանը տարածել է Մ. Ջրբաշյանի դասերի վրա։ Քվազիանալիտիկ դասերի ֆունկցիաների ներկայացման խնդիրն սկզբունքորեն լուծում էր ստացել Կառլեմանի և Բանգի աշխատանքներում։ Այդ խնդրին մեկ այլ լուծում է տվել Հայկ Բադալյանը՝ նույն ֆունկցիաները ներկայացնելով հատուկ շարքերի տեսքով։

Մ. Ջրբաշյանը, հիմնվելով կոմպլեքս տիրույթում հարմոնիկ անալիզի իր տեսության վրա, էապես ընդլայնել է Դանժուայի-Կառլեմանի դաս. քվագիանալիտիկության գաղափարը՝ կառուցելով а-քվազիանալիտիկ դասերի տեսությունը։

Հետազոտություններ են կատարվել նաև բազմաչափ կոմպլեքս անալիզի, ինչպես նաև անալիտիկ ֆունկցիաների հանրահաշիվների բնագավառներում։

Իրական փոփոխականի ֆունկցիաների տեսություն։ Հետազոտությունները կատարվել են 1950-ական թթ-ի կեսերից, որոնք սկզբն. շրջանում հիմնականում վերաբերում էին չափելի ֆունկցիաներն օրթոգոնալ (մասնավորապես՝ եռանկյունաչափ.) շարքերով ներկայացման և այդ շարքերի միակության հարցերին։ Ալեքսանդր Թալալյանն ապացուցել է ընդհանուր բնույթի թեորեմներ, որոնց համաձայն՝ լրիվ օրթոգոնալ համակարգերի շարքերով կարող են ներկայացվել բոլոր չափելի ֆունկցիաները, և որ այդ շարքերը կարող են ունենալ նաև ցանկացած սահմանային ֆունկցիաների բազմություն։ 1965-ից նրա ղեկավարությամբ կատարվել են ընդհանուր օրթոգոնալ համակարգերի և բազիսների, ինչպես նաև որոշակի օրթոգոնալ համակարգերի (Ուոլշի, Հաարի և այլ եռանկյունաչափ. համակարգեր) համակարգված հետազոտություններ։ Կարևոր արդյունքներ են ստացվել տարբեր իմաստներով ունիվերսալ օրթոգոնալ շարքերի գոյության վերաբերյալ։

Լուծվել են օրթոգոնալ շարքերի՝ դրական չափի բազմությունների վրա անվերջությանը զուգամիտելու հիմնախնդրին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնք որոշակի առաջընթաց են Լուզինի առաջադրած համապատասխան խնդրի լուծման ուղղությամբ։ Լուծվել է ինտեգրելի ֆունկցիաներին զուգամիտող Ուոլշի շարքերի գործակիցների վերականգնման խնդիրը, և ապացուցվել են Կանտորի ու Վալլե-Պուսսենի տիպի այնպիսի միակության թեորեմներ Հաարի և Ուոլշի համակարգերի համար, որոնց հանգունակները եռանկյունաչափ. համակարգի դեպքում ճիշտ չեն կամ մինչ այդ հայտնի չէին։ Ապացուցվել են ընդհանուր բնույթի թեորեմներ, որոնց համաձայն՝ չափելի ֆունկցիաների համակարգերի լրիվության որոշ հատկություններ պահպանվում են նաև այդ համակարգերից վերջավոր թվով ֆունկցիաներ հեռացնելուց հետո։ Կարևոր արդյունքներ են ստացվել ոչ լրիվ մինիմալ համակարգերի մուլտիպլիկացիոն լրացման միջոցով բազիսներ ստանալու հարցում։ Տրվել են նաև օրթոգոնալ համակարգերի որոշ հատկությունների և այդ համակարգերով վերլուծությունների զուգամիտության կապի վերաբերյալ մի քանի կարևոր խնդիրների լուծումները։ Ստացվել են կարևոր թեորեմներ հավանական տարածություններում չափելի ֆունկցիաների մարտինգալներով ներկայացման, այդ մարտինգալների կառուցվածքի և նրանց միակության վերաբերյալ։

Ֆունկցիոնալ անալիզ։ Հետազոտություններն սկսվել են 1950-ական թթ-ին ԵՊՀ-ում և ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում, ուսումնասիրվել են նոր տիպի եզրային խնդիրները հիլբերտյան տարածության մեջ Կոշիի օպերատորային խնդրին հանգեցնելու հարցերը (Ռաֆայել Ալեքսանդրյան)։ Պտտվող հեղուկի որակ․ տեսության մաթեմատիկական հետազոտություններին նվիրված աշխատանքների շարքի համար Ռ. Ալեքսանդրյանը 1986-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրց-ի։ Հետագայում մի շարք մաթեմատիկոսների աշխատանքներով էապես ընդլայնվել է հետազոտությունների թեմատիկան ինչպես ֆունկցիոնալ անալիզի, այնպես էլ դիֆերենցիալ և ինտեգրալ