տեղափոխման տեսության գծային և ոչ գծային ուղիղ և հակադարձ խնդիրներում, ֆիզիկական կինետիկայի, կիսամարկովյան շարժընթացների բնագավառներում։ Ստեղծվել է գծային օպերատորների ֆակտորացման ոչ գծային հավասարումների տեսությունը՝ ներառյալ ոչ շրջելի օպերատորների ֆակտոիացումն ու Միլնի ընդհանրացված հիմնախնդրի լուծումը։ Ստեղծվել է Համբարձումյանի ընդհանրացված հավասարումների տեսությունը։ Զարգացվել են կրիտիկական դեպքում անշարժ կետի նոր սկզբունքներ։ Դրվել են ըստ չափի ածանցյալ պարունակող դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմքերը։ Ապացուցվել է Համմերշտեյնի և Ուրիսոնի տիպի ոչ կոմպակտ օպերատորներով հավասարումների որոշ դասերի լուծելիությունը կրիտիկական դեպքում (Ն. Ենգիբարյան, Լ. Արաբաջյան, Ա. Խաչատրյան, Մ. Մուրադյան, Խ. Խաչատրյան, Ա. Բարսեղյան, Հ. Հարությունյան)։
Վիճակագրական ֆիզիկայի մաթեմատիկական տեսության մեջ ստացվել են մի շարք արդյունքներ գիբսյան պատահական դաշտերի, սահմանային թեորեմների, թերմոդինամիկ. ֆունկցիաների վերլուծության բնագավառում։ Լուծվել է միկետանի պայմանական բաշխումների միջոցով պատահական դաշտի նկարագրության հիմնախնդիրը (Բ. Նահապետյան, Ս. Դաշյան)։
Գրկ. Պետրոսյան Գ. Բ., Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե․, 1959։ Նույնի, Միջնադարյան Հայաստանի մաթեմատիկայի պատմությունից, Ե., 1986։ Սաղաթելյան Վ. Վ․, Մաթեմատիկան Երևանի համալսարանում, Ե., 1980։ Достижения науки в Советской Армении (1920—1980), под общ. ред. В. А. Амбарцумяна, Е., 1984.
Ինֆորմատիկայի տես. և կիրառ. հետազոտությունները կատարվել են ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ Հաշվողական կենտրոնում (ՀԿ, ստեղծվել է 1957-ին, առաջին տնօրեն՝ Սերգեյ Մերգելյան, այժմ՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, ԻԱՊԻ)։ ՀԿ-ում հիմնականում հետազոտվել են կիբեռնետիկայի և հաշվող․ տեխնիկայի մաթեմատիկական խնդիրները, ավտոմատացման համակարգերի մաթեմատիկական ապահովումը և գիտական հետազոտությունների ավտոմատացումը։ Ստեղծվելով ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ-ի հաշվող․ մաթեմատիկական լաբորատորիայի հիմքի վրա՝ ԻԱՊԻ-ն դարձել է Հայաստանում ինֆորմատիկայի տեսության և ծրագրավորման բնագավառի կենտրոն։ Այդ բնագավառում հետազոտություններ են կատարվել նաև ԵՊՀ-ում (ինֆորմատիկայի և կիրառ. մաթեմատիկայի ֆակուլտետ) և ՀՊՃՀ-ում (հաշվող․ համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ)։ ԵՄՄԳՀԻ և ԻԱՊԻ տնօրեններ Ֆ․ Սարգսյանի և Ս. Մերգելյանի ջանքերի շնորհիվ այդ ինստ-ների միջև կայացել է արդյունավետ ստեղծագործ. համագործակցություն։
1960-ական թթ-ին ՀԿ-ում մշակվել է «Ալգոլ-60» լեզվի փոխաբերիչը՝ «Հրազդան-3» մեքենայի համար, և ստեղծվել է ստանդարտ ծրագրերի գրադարանը։ ԽՍՀՄ-ում առաջինը ՀԽՍՀ-ում են սկսվել գիտատեխ. գրակ-յան ավտոմատացված թարգմանության հիմնախնդիրների ուսումնասիրությունները, որոնց արդյունքներն ընդունվել են միջազգային գիտական շրջաններում (Թ. Տեր-Միքայելյան, Վ. Գրիգորյան)։ Մշակվել է նաև էլեկտրասրտագրերը հեռախոսային գծով փոխանցելու սարքավորում։ Մաթեմատիկական տրամաբանության բնագավառում առաջարկվել և հետազոտվել է սիմետրիկ կոնստրուկտիվ տրամաբանությունը։ Ապացուցվել է սիմետրիկ ռեկուրսիվ իրականացնելիության համակարգի անհակասականությունը։ Կառուցվել է նոր տրամաբան․ համակարգ՝ աղոտ կոնստրուկտիվ տրամաբանություն, որը հնարավորություն է տալիս աղոտ տրամաբանությունը կիրառել կոնստրուկտիվ օբյեկտների հաշվելիության հատկությունները հետազոտելու համար (Ի. Զասլավսկի և ուրիշներ)։ Կատարվել են հետազոտություններ դաս., կառուցող., ինտուիցիոնիստ., նվազագույն ասույթների հաշիվների և դրանց աքսիոմատիկ զանազան տարբերակներում արտածումների բարդության գնահատականներ ստանալու համար, և հետազոտվել են այդ համակարգերի միջև հարաբեր․ բարդության գնահատականներ (Ա. Չուբարյան և ուրիշներ)։
Ալգորիթմների տեսության բնագավառում կատարվել են ծավալային բարդության տեսության և ալգորիթմ. բերելիության հետազոտություններ, մասնավորապես, հետազոտվել են Ա. Կոլմոգորովի՝ բարդության հատկությունները, լուծվել է Ա. Մայերի հիմնախնդիրը՝ նվազագույն ինդեքսների բազմության անլուծելիության աստիճանների վերաբերյալ և դրա մի շարք ընդհանրացումներ, ներմուծվել և հետազոտվել են ընդհանուր տեսքի անդրադարձ հավասարումների համակարգեր։ Գտնվել է դրանց ալգորիթմ․ լուծման գոյության անհրաժեշտ և բավարար պայմանը (Հ. Մարանջյան)։ Հետազոտվել է ռեկուրսիվորեն թվարկելի միթոտիկ բազմությունների միջանկյալ անլուծելիության աստիճանների նուրբ կառուցվածքը։ Ուսումնասիրվել են ռեկուրսիվ օպերատորների հաշվարկելի օպտիմալ անշարժ կետերը (Ա. Մոկացյան, Վ. Մարգարյան)։ Ստեղծվել է օպտիմացված և բաշխված ռեկուրսիվ ծրագրերի սինթեզի համակարգ (ղեկ.՝ Հ. Մարանջյան)։
Ավտոմատների տեսության բնագավառում հետազոտվել են ավտոմատների համարժեքության պայմանները, կառուցվածքային ձևափոխությունները, ավտոմատների