հատուկ տարատեսակների հատկությունները, դրանց բարելավման հնարավորությունները։ Մշակվել է տեսություն, և առաջարկվել է միկրոծրագրային ավտոմատների ացիկլիկ տրոհման՝ ըստ արագագործության բարելավման մեթոդ (Յու. Շուքուրյան)։ Առաջարկվել և հետազոտվել են բաշխված ընթացակից հաշվարկումների հանրահաշվ. տիպարներ (մոդելներ) և դրանց վարքը նկարագրող լեզուների դասեր։ Մասնակի կոմուտատիվ այբուբենով որոշվող տիպարի համար հետազոտվել են բառերի համեմատման խնդիրները, և մշակվել դրանք լուծելու բազմանդամային բարդության ալգորիթմներ (Յու. Շուքուրյան, Կ. Շահբազյան)։
Հետազոտվել է ծրագրավորման տիպարների հետ կապված համարժեքության հիմնախնդիրը (Ս. Շուքուրյան և ուրիշներ)։ Ապացուցվել է բազմաչափ բազմաժապավեն ավտոմատների համարժեքության խնդրի լուծելիությունը, որից հետևում է չվերասերված, միավոր ռանգով բազիսում ծրագրերի սխեմաների ֆունկցիոնալ համարժեքության խնդրի լուծելիությունը, որը լուծված չէր 1960-ական թթ-ից։ Մշակվել է հաշվող․ տիպարներում համարժեքության խնդիրների ապացույցի նոր տեխնիկա, որի միջոցով ստացվել է նոր կոմբինատոր ալգորիթմ՝ բազմաժապավեն ավտոմատների համարժեքությունը որոշելու համար, նաև ապացուցվել է, որ շարժընթացների համարժեքության խնդիրը, այն է՝ փոխներգործող օբյեկտներով բաշխված միջավայրերի և մասնակի կոմուտատիվ այբուբենում կանոնավոր արտահայտությունների համարժեքության խնդիրները բերվում են մեկը մյուսին։
Ավտոմատների և գրաֆների տեսությունների եղանակներով 1970-ական թթ-ին առաջարկվել են նոր մեթոդներ, որոնք կիրառվել են ԷՀՄ-ների ավտոմատացված նախագծման համար, մասնավորապես՝ ԵՄՄ ԳՀԻ-ում ավտոմատացված նախագծման ծրագրային համակարգի ստեղծման դեպքում (Ա. Պետրոսյան, Ս. Մարկոսյան, Յու. Շուքուրյան)։
Դիսկրետ մաթեմատիկայի բնագավառում հետազոտվել են բուլյան ֆունկցիաների անալիտիկ հատկությունները, դրանց ներկայացման բարդությունները ֆորմալ լեզուներում։ Տրվել է դիսկրետ իզոպերիմետրիայի և դիսկրետ տոմոգրաֆիայի խնդիրների լուծումը, ստացվել են այդ խնդիրների հնարավոր լուծումների նկարագրությունները։ Դիսկրետ մաթեմատիկայի եղանակները կիրառվել են կերպարների վերծանման և տվյալների պեղման նոր մեթոդների ստեղծման համար (Լ. Ասլանյան և ուրիշներ)։
Մշակվել է գծայնացվող դիզյունկտիվ նորմալ ձևերի (ԴՆՁ) և վերջավոր դաշտերում գծայնացված ծածկույթների մաթեմատիկական մոդելի տեսությունը, և լուծվել են մի շարք խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել «ավանդական» ԴՆՁ տեսության շրջանակներում (Ա. Ալեքսանյան)։
Գրաֆների տեսության բնագավառում հետազոտվել են գրաֆների կառուցվածքային ցուցիչների փոխհարաբերությունները, դրանց գագաթների լոկալ աստիճանները, ներկման թիվը, ցիկլերի երկարությունները, գրաֆների պանցիկլայնության և համիլտոնայնության պայմանները (Ս. Մարկոսյան և ուրիշներ)։
Արհեստ․ բանականության և իմացաբան. տիպարների բնագավառում հետազոտվել են ընթացակարգերի մակածական սինթեզի, ընդհատուն և անընդհատ խաղերում ռազմավարությունների սինթեզի և փորձարկման, փորձագիտական համակարգերի համար՝ գիտելիքների ներկայացման, շուկայական հարաբերությունների տիպարների կառուցման և փորձարկման մեթոդները։ Մշակվել և իրացվել է շուկայական տնտեսության պայմաններում ռազմավար, նախագծեր ստեղծող և ստուգող համակարգ (Է. Պողոսյան և ուրիշներ)։
Կոդերի հանրահաշվ. և վերջավոր դաշտերի տեսությունների զարգացման հարցում առաջնակարգ նշանակություն են ունեցել Ռոմ Վարշամովի աշխատանքները (օր.՝ Վարշամով-Ջիլբերտի սահմանը)։ 1964-ին վերջավոր դաշտերի վրա բազմանդամների վերլուծելիության տեսության բնագավառում Ռ. Վարշամովի ստացած արդյունքները հնարավորություն են ընձեռել հետագայում ստեղծելու բազմանդամների վերածելիության կոնստրուկտիվ տեսությունը։ Նա ստացել է նաև մի շարք հիմնարար արդյունքներ՝ ասիմետրիկ կոդերի կառուցման բնագավառում։ Էական արդյունքներ են ստացվել բազմամուտք կապուղիների կոդավորման ոլորտում (Գ. Խաչատրյան)։ 1998-2002-ին մշակվել են SAFER+ և SAFER++ ծածկագրման նոր համակարգեր, որոնցից առաջինն ընդունվել է որպես ստանդարտ՝ լայնորեն հայտնի Bluetooth համակարգում, իսկ երկրորդն ընդգրկվել է եվրոպ. NESSIE նախագծի 5 լավագույն ալգորիթմների ցանկում (Գ. Խաչատրյան, Մ. Կյուրեղյան)։ Մշակվել է նոր, բաց բանալիներով ծածկագրման համակարգ, որն էական առավելություններ ունի նմանատիպ լայնորեն հայտնի համակարգերի նկատմամբ՝ իրագործման բարդության և ինֆորմացիոն արդյունավետության առումով (Գ. Խաչատրյան, Մ. Կյուրեղյան)։ Թվային ազդանշանների և պատկերների մշակման բնագավառում հետազոտվել են կիրառվող դաս. օրթոգոնալ ձևափոխությունները և դրանց իրականացման արագագործ ալգորիթմները։ Մշակվել են օրթոգոնալ և հեշտ շրջելի ձևափոխությունների սինթեզման մեթոդներ։ Առաջարկվել է Ադամարի մատրիցների կառուցման բազմապատկական մեթոդ, որը հնարավորություն է տալիս m և ո կարգի Ադամարի մատրիցներից կառուցել mո/2 կարգի Ադամարի մատրից (Ս. Աղայան, Հ. Սարուխանյան)։ Վերջին տարիներին մեթոդն ընդհանրացրել են և ներառել Աղայան-Սարուխանյանի բազմապատկում գործողությունը, որը կիրառվում է որոշ համակարգերի կառուցման խնդիրներում։
Շենոնյան ինֆորմացիայի տեսության բնագավառում ուսումնասիրվում են բարդ տեղեկություններ տեղափոխող համակարգերի հիմն․ բնութագրիչների փոխկապվածությունները։ Ներմուծվել է նոր E-ունակության գաղափարը, որն արտահայտում է արագության կախվածությունը սխալի հավանականությունից,