Հաստատվել է գազով շրջահոսվող սալերի և թաղանթների վրա ազդող աերոդինամիկ. ճնշման որոշման նոր ճշգրտված բանաձևը, որը հնարավորություն է տալիս որոշելու ինչպես երկմոդանոց ֆլաթերի (ըստ մխոցային տեսության), այնպես էլ մեկմոդանոց ֆլաթերի առկայությունը (Մ. Մինասյան)։ Վ. Գնունու ղեկավարությամբ ուսումնասիրվել են կոմպոզիցիոն նյութերից պատրաստված սալերի և թաղանթների լավարկման հարցերը։ Մշակվել է անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսությունը (Լ. Աղալովյան)։ Լարումների թենզորի և տեղափոխման վեկտորի բաղադրիչների համար գտնվել է միանգամայն նոր ասիմպտոտիկա, որը հնարավորություն է ընձեռում լուծելու բարակ մարմինների համար այնպիսի դասի խնդիրներ, որոնց դեպքում կիրառելի չեն Կիրխհոֆ-Լյավի վարկածները (Լ. Աղալովյան, Ռ. Գևորգյան, Ա. Խաչատրյան, Ա. Թովմասյան, Մ. Աղալովյան, Լ. Ղուլղազարյան և ուրիշներ)։ Ստացված արդյունքներն ամփոփվել են Լ. Աղալովյանի «Անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսություն» (ռուս․, 1997) և Լ. Աղալովյանի ու Ռ. Գևորգյանի «Անիզոտրոպ շերտավոր հեծանների, սալերի և թաղանթների ոչ դասական եզրային խնդիրները» (ռուս․, 2005) մենագրություններում։
Դիտարկվել են սալերում և թաղանթներում ոչ գծային ալիքների տարածման և կայունության հարցերը (Ա. Բագդոև, Լ. Մովսիսյան), հոծ և բարակապատ, բաղադրյալ, փոփոխ․ կտրվածքով ձողերի, գնդաձև անոթի, տարբեր ձևերի թաղանթների, երկաթբետոնե սյուների լարվածադեֆորմացիոն վիճակների որոշման խնդիրներ՝ հաշվի առնելով գծային և ոչ գծային սողքը (Ն. Հարությունյան, Մ. Մանուկյան, Բ. Աբրահամյան, Ռ. Ալեքսանյան, Կ. Չոբանյան, Մ. Զադոյան, Ռ. Կիրակոսյան և ուրիշներ)։ Մ. Զադոյանը կատարել է հետազոտություններ պլաստիկության տեսության շրջանակներում, ուսումնասիրել է հաստապատ խողովակների, պրիզմայաձև, գլանաձև, կոնաձև մարմինների սահմանային հավասարակշռության, ինչպես նաև կոշտ մարմինների ներդրման և բաղադրյալ մարմինների միացությունների ամրության վերաբերյալ խնդիրներ։ Ստացված արդյունքներն ամփոփվել են նրա «Պլաստիկության տարածական խնդիրներ» (ռուս․, 1992) մենագրության մեջ։
Կատարվել են փորձարար․ հետազոտություններ բետոնի, բաղադրանյութերի, մետաղների, գետնահողերի ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման նպատակով (Կ. Ս. Կարապետյան, Մ. Սիմոնով, Ս. Մեսչյան, Ա. Սիմոնյան, Կ. Ա. Կարապետյան և ուրիշներ)։ Ստեղծվել են փորձարար․ սարքեր, մշակվել նյութերի առաձգականության, սողքի, երկարատև ամրության առանձնահատկությունների բացահայտման մեթոդներ։ Մշակվել են բետոնե սեղմվող և երկաթբետոնե ծռվող տարրերի լավագույն նախագծման նոր մոտեցումներ (Կ. Ս. Կարապետյան, Ռ. Կոտիկյան, Կ. Ա. Կարապետյան)։ Կազմվել են գետնահողերի (գրունտ) ամրության որոշման ՀՀ 178-99 պետական չափորոշիչները (Ս. Մեսչյան)։ Բացահայտվել են ամրանավորված պոլիմերային բաղադրանյութերի մեխանիկական հատկությունների փոփոխման նոր, կարևոր գործն․ նշանակություն ունեցող օրինաչափություններ (Մ. Մարտիրոսյան, Ն. Սարգսյան, Կ. Կարապետյան)։ Հետազոտվել է միաբյուրեղային և բազմաբյուրեղային կառուցվածքներով մետաղների և համաձուլվածքների բարձրջերմաստիճանային սողքը (Ա. Սիմոնյան)։ Նախագծվել և պատրաստվել են տարբեր նշանակության ածխապլաստե կառուցվածքային տարրեր (Մ. Մարտիրոսյան, Ա. Սիմոնյան)։
Ստեղծվել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը, որի հիմն․ դրույթներն ամփոփվել են Ս. Համբարձումյանի, Գ. Բաղդասարյանի, Մ. Բելուբեկյանի «Բարակ թաղանթների և սալերի մագնիսաառաձգականաթյուն» (ռուս․, 1977) աշխատության մեջ։
Հեղուկների և գազերի մեխանիկայում կատարվել են իրական հեղուկի՝ ընկղմված ազատ մրրկային (տուրբուլենտ) շիթի շարժման, դինամիկ․ օդերևութաբանության, դիֆուզորներում և կոնֆուզորներում հեղուկի շարժման օրինաչափությունների ուսումնասիրություններ (Ա. Մխիթարյան և ուրիշներ)։ 1960-ական թթ-ից Հայաստանում սկսել է զարգանալ ծակոտկեն պատերով պարփակված տիրույթներում իրական հեղուկի (գազի) շարժման օրինաչափությունների ուսումնասիրման նոր ուղղություն։ Արտածվել են ոչ մեծ ինտենսիվության ալիքների