շրջակայքը նկարագրող ընդհանուր հավասարումներ, որոնց հիման վրա ստացվել են տարածվող ալիքների կայունության պայմանները, լուծվել մագնիսագազադինամիկ. ալիքների անդրադարձման բազմաթիվ խնդիրներ։ Ուսումնասիրվել են մագնիս․ դաշտում հոծ միջավայրերի մեջ բարակ մարմինների ներթափանցման հարցերը։ Դիտարկվել է դանդաղ փոփոխվող ամպլիտուդով և փուլով ոչ գծային ալիքների տարածումը՝ հեղուկը պարփակող առաձգ. թաղանթ-մակերևույթով, ինչպես նաև անվերջ խոր հեղուկի և թիթեղի բաժանման մակերևույթով (Ա. Բագդոև, Ա. Վանգյան և ուրիշներ)։ Հետազոտվել են բաց թեք ջրանցքների անցումային մասերում բուռն հոսանքների շարժման օրինաչափությունները։ Ստացված արդյունքները հիմք են ծառայել մի շարք երևույթների բացահայտման համար, որն անհնար էր դաս. հիդրոդինամիկայի մեթոդներով (Լ. Պետրոսյան)։
1967-ից հրատարակվում է «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Մեխանիկա» հանդեսը։
Քիմիական երևույթների նպատակային օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Հին աշխարհի երկրներին՝ Հայաստանին, Եգիպտոսին, Չինաստանին և Միջագետքին։ Ըստ անգլիացի հետազոտող Լեսլի Ատչիսոնի՝ Հայաստանում մետաղներ և համաձուլվածքներ ստացվել ու արտահանվել են Միջագետք, Ասորեստան և այլ երկրներ դեռևս մ. թ. ա. IV հազարամյակում։ Ենթադրվում է, որ հանք․ երկաթն առաջինն օգտագործվել է Հայաստանում մ. թ. ա. XV դ-ում։ Արմավիրի, Մեծամորի, Արտաշատի, Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղ., ջնարակված խեցե, գունավոր և սադափափայլ ապակե բարձրարվեստ ու բարձրորակ իրեր։
Խաղողահյութի սպիրտային և կաթնաթթվային խմորումները, քացախի, գինու և գարեջրի ստացումը հայերին հայտնի են եղել մ. թ. ա. VIII դ-ից։
Հայաստանում քիմիական գիտելիքի բարձր մակարդակի մասին վկայում է ոչ միայն ոսկի, արծաթ, պղինձ, «հայկավ» (արաբ.՝ ստին արմանի), այլև մալաքիտ, անուշադր, պաղլեղներ (հայտնի էին «հայկական աղ»՝ sal armenium, և «հայքար»՝ Pierre d’ Armenie անվանումներով), որդան կարմիր, աղաղանյութեր, եթերային յուղեր և այլն արտահանելու փաստը։ Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են արտահանվել նաև ալքիմիական գիտելիքներ։ Այդ մասին վկայում են բազմաթիվ այլալեզու և հայերեն աղբյուրներ։ Պատահական չէ, որ ալքիմիական այլալեզու ձեռագրերում հաճախ հանդիպում են «հայկավ», «հայկական աղ», «հայկական ձու» և այլ արտահայտություններ։
Հայ ալքիմիկոսներն զբաղվել են աղերի, ներկերի, թանաքների, ջնարակների, սոսինձների, դեղանյութերի, ամալգամների, հայելիների պատրաստմամբ, մոմանյութի սպիտակեցմամբ։ Հայտնի քիմիկոս Մ. Բերթլոն հուն․ մի ձեռագրում հանդիպող sal armenium-ը համարել է մալաքիտը, որը, ըստ նրա, «կանաչ գույնի պղնձի կարբոնատն է։ Նույնանման է լազուրիտը, որը երկնագույն պղնձի կարբոնատն է և ունի armenium անվանումը, հավանաբար այն պատճառով, որ բերվել է Հայաստանից» (M. Berthelot, Collection des Alchimistes Grees, 1888, էջ 39)։ Տարբեր հեղինակներ տարբեր ժամանակներում այդպես են անվանել կերակրի աղը, անուշադրը։
Ուշագրավ է հայատառ «սալարմենիկում» տերմինի և նրա տարբերակների գոյությունը հին հայկական ձեռագրերում (Մատենադարան, ձեռ. №6924)։ Ըստ ռուս․ ակադ. Նիկոլայ Ֆիգուրովսկու՝ քիմիական գիտելիքները Ռուսաստան են անցել Հայաստանից։ Հին հայկական քիմիական ձեռագրերի ուսումնասիրությունների հիման վրա Տիրան Ղազանչյանը եզրակացրել է, որ հայ ալքիմիկոսները կարևոր նշանակություն էին տալիս տես. հարցերին, գործն․ ալքիմիան Հայաստանում հենվում էր դաս. բնափիլ-յան առանձին պատկերացումների վրա, ալքիմիայի արվ-ով զբաղվողը պետք է քաջատեղյակ լիներ նաև այլ արվ-ների։ 4 տարրերի մասին Արիստոտելի ուսմունքն ընկած է հայկական բնափիլ. բնույթի բազմաթիվ ձեռագրերի հիմքում (Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի և ուրիշներ)։ Ուշագրավ է «հայկական ձու» արտահայտության մեկնաբանությունը, որտեղ ձուն խորհրդանշում է 4 տարրերի՝ կրակի, օդի, ջրի և հողի միասնությունը։ Հայ ալքիմիկոսներից հայտնի են Ստեփանոս Իմաստասերը, Դանիել Աբեղան, Օհան Թոխաթցին, Ղազար Եպիսկոպոսը, Տեր-Հարություն Էրզրումցին, Տեր-Սահակ Էջմիածնեցին, Տեր-Դավիթը, Ավագը, Թոդորը, որոնց ձեռագրերը պահպանվում են Մատենադարանում։
Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիների «Բնաբանութիւն իմաստասիրական կամ Տարերաբանութիւն» (Ամստերդամ, 1702) հայերեն քիմիական բնույթի առաջին տպագիր գրքի հիմքում դրվել է 4 տարրերի ուսմունքը, նկարագրվել են դրանց բնորոշ հատկություններն ու փոխադարձ կապը։
Ստեփանոս Աբկարյանի «Գիրք որ կոչի սկզբունք բնական գիտութեանց» (1796) գրքում քիմիական երևույթները քննարկվել են ատոմիստ․ տեսանկյունից։ Ուշագրավ է, որ այդ պատկերացումները նկարագրվել են Դալտոնի ատոմիստ․ տեսության ստեղծումից (1808) առաջ։ Քիմիական գիտության և նյութերի քիմիական հատկությունների մասին արժեքավոր դատողություններ կան Մինաս Բժշկյանի («Ճեմարան գիտելեաց», 1818), Սերովբե Կարնեցու («Ծաղիկ գիտութեանց», 1819), Մեսրոպ Աղաչրաղյանցի