Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լ. Գյուլբուդաղյանն ու Ի. Ալեքսանյանը, օգտագործելով էլեկտրոֆիլ միացման-ցիկլման ռեակցիաները, սինթեզել են նոր՝ N, O, S պարունակող կենսաակտիվ տարացիկլային միացություններ՝ պիրիդո-, պիրանո-, թիոպիրանո-, ֆուրո-, թիենո-, օքսազոլո-, թիագոլո- և քինոլինոքինոլիններ։ Նոր տիպի օրգ. օքսիդների հիման վրա առաջարկվել է տարբեր տեղակալիչներ պարունակող հագեցած y-լակտոնների ստացման եղանակ (Է. Մեսրոպյան)։ Անժելո Դուրգարյանը մշակել է թիազոլներից, իմիդազոլներից, y-ռոդանիմինոկետոններից ամինակետոններ ստանալու եղանակներ։ Առաջարկվել է ֆունկցիոնալ տեղակալված 3-ցիանոպիրիդ-2-ոնների և թիենոպիրիմիդինների ստացման նոր եղանակներ, և չհագեցած y-լակտոնների հիման վրա սինթեզվել է կենսաբանորեն ակտիվ մի շարք բնական միացություններ (Գ. Մելիքյան)։ Ցիկլիկ a-կետոէսթերների հիման վրա սինթեզվել են կարբոցիկլերի (հիմնականում՝ ցիկլոպեն- տանի) հետ համակցված կարևոր տարացիկլային միացություններ՝ պիրազոլոն, իմիդազոլ, 2,4-դիօքսի, ամինա-, թիոպիրիմիդիններ (Ա. Ավետիսյան, Լ. Խաչատրյան)։ Ակտիվ մեթիլենային խումբ պարունակող միացությունների և էթիլենքլորհիդրինի փոխազդեցությամբ ստացվել են կենսաակտիվ 2-տեղակալված 4-բութանոլիդներ և 2-տեղակալված-4,4-բիսսպիրոբութանոլիդներ (Ա. Ավետիսյան, Ջ. Կարապետյան)։ (α-եռքլորմեթիլ) կարբինոլների հիման վրա սինթեզվել են կենսաակտիվ միացություններ, (α-եռքլորմեթիլ) կարբինոլներից միջանկյալ ստացվող հեմ-երկքլորէպօքսիդների հիման վրա՝ պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ 5- և 6-անդամանի N, O, S պարունակող տարացիկլային կետոնների շարք (Ա. Ղուկասյան, Լ. Գալստյան)։

Հայաստանի ագրարային համալսարանում Վռամ Դովլաթյանի ղեկավարությամբ հայտնաբերվել է քլորալի հետ երկցիաներկամիդի տարացիկլման ռեակցիան, հետազոտվել են ացետոքացախաթթվային էսթերների քլորմեթօքսիմեթիլման, քլորալի ցիանալկիլացետալների, ցիանալկիլկարբամատների, ալկինիլկարբամատների և երկթիոկարբամատների ցիկլման և այլ ռեակցիաներ։ Մշակվել են տարացիկլային միացությունների՝ իմինոածանցյալների, օ-ացիլգլիկոլաթթուների սիմ-եռազինօքսիդ (մերկապտաքացախաթթուներ) ստացման եղանակներ։ Հետազոտվել են օրգ. միացության պեստիցիդային ակտիվության և կառուցվածքի կապը բացահայտող օրինաչափություններ, սինթեզվել են գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության համար անհրաժեշտ մոլախոտասպան միջոցներ, որոնցից առավել կարևոր նշանակություն ունեն եռազինի և թիազոլիդինի ածանցյալները։ Հայտնաբերվել են քլորալկօքսի (թիո, ամինա)-սիմ-եռազինների ինքնատիպ վերախմբավորման ռեակցիաներ, որոնց արդյունքում ստացվել են համակցված տարա-սիմ-եռազիններ։ Սինթեզված մոլախոտասպան միջոցների, հակասնկիկային նյութերի և աճման խթանիչների (կրոտիլին, մետաղին, սուլֆագին, ֆենագոն, լավին և այլն) մի մասը ներդրվել է գյուղատնտեսության մեջ։

ՀՊՃՀ-ում Կարապետ Թահմազյանի ղեկավարությամբ սինթեզվել և հետազոտվել են բարձր ջերմաստիճաններում մետաղ. կառուցվածքները թթվային կոռոզիայից պաշտպանող արգելակիչներ (ինհիբիտորներ), տեխ. ջրերի մաքրման պոլիմերային ֆլոկուլյանտներ։

ԵՊԲՀ-ում Միքայել Օրդյանի ղեկավարությամբ հետազոտվել է օլեֆինների հիդրոկարբօքսիլացման ռեակցիայի մեխանիզմը թթվային կատալիզի պայմաններում, մշակվել են ջրում լուծելի պորֆիրինների սինթեզի մատչելի եղանակներ։

ՀՊՄՀ-ում Վովա Բաբայանի ղեկավարությամբ մշակվել են արոմատիկ կետոնների սինթեզի եղանակներ։ Կատարվում են չորրորդային ամոնիումային աղերի նոր հատկությունների հետազոտություններ (Ա. Բաբախանյան)։

Կիրառ. քիմիայի «Արիակ» ինստ-ում աշխատանքներ են կատարվել օրգ. ռեակտիվների սինթեզի նոր՝ մատչելի եղանակների մշակման, օրգ. ռեակտիվների տեսականու ընդլայնման, արտադրության, տեխնոլոգ. շարժընթացների մշակման, արդյունաբերական թափոնների վերամշակման, կանխորոշված հատկություններով նյութերի սինթեզման ուղղությամբ (Ռ. Մաթևոսյան, Ս. Գաբրիելյան, Ն. Մոռլյան, Գ. Շահնազարյան, Հ. Մատնիշյան, Գ. Հասրաթյան)։

Երևանի պոլիմերային նյութերի ինստ-ում (1976-ից՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի կազմում) ացետիլենի և նրա ածանցյալների պոլիմերման հետազոտություններին զուգընթաց Հ. Թարխանյանի ղեկավարությամբ կատարվել են քլորի մեծ թվով ատոմներ պարունակող մոնոմերների սինթեզման աշխատանքներ։ Բացահայտվել է ացետիլենի դիմերման և վինիլացման ռեակցիայի մեխանիզմը։ Գուրգեն Մարտիրոսյանն ու Արարատ Մալխասյանը սինթեզել են Cl, N և այլ տեղակալիչներ պարունակող չհագեցած մոնոմերներ, մշակել են տարբեր չափերով արիլված միացությունների ստացման պարզ եղանակ, հետազոտել են C-H և N-H թթուների ալկիլման ու համասեռ կատալիտիկ ռեակցիաները, ինչպես նաև ոչ պրոտոնային երկբևեռ լուծիչների և կրաուն եթերների ներգործությունն այդ ռեակցիաների ելքի վրա։ Հայտնաբերվել են ացետիլենային միացությունների կատալիտիկ արիլման, ցիկլային պոլիմերման նոր ռեակցիաներ, որոնց արդյունքում ստացվում են օլեֆինային և արոմատիկ միացություններ։ Մետաղակոմպլեքսային և միջֆազային կատալիզի պայմաններում հնարավոր է դարձել ջրային միջավայրում սինթեզել ացետիլենային և այլ չհագեցած ածխաջրածիններ։ Արտադրության մեջ ներդրվել է վինիլացետիլենի ստացման Գառնիկ Չուխաջյանի կատարելագործած եղանակը։

«Քիմտեխ» քիմիատեխնոլոգ. ինստ-ում կատարվում են օրգ. ռեակտիվների տեսականու ընդլայնման, արտադրության, արտադրանքի որակի և շրջակա միջավայրի վերահսկման աշխատանքներ։

Վիլիկ Հարությունյան, Գայանե Թոքմաջյան