Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մետաղների բարձրընտրող. էքստրագենտների ստացման նպատակով Գ. Հասրաթյանը մշակել է N-վինիլպիրազոլների և դրանց ածանցյալների սինթեզի արդյունավետ եղանակներ։ Ստացել է Au+3-ի, Pd+2-ի պիրազոլային շարքի կոմպլեքսները, այդ թվում՝ պոլիմերային միացությունների հետ։ 1-վինիլպիրազոլները փորձարկվել են իբրև էպօքսիդային խեժի պնդեցուցիչներ։

Մ. Ինճիկյանն ու Գ. Հասրաթյանը մշակել են ֆոսֆակոլի (գլաուկոմայի բուժման դեղանյութ), N-մեթիլմորֆոլինօքսիդի, երկմեթիլֆոսֆոնիլքացախաթթվի (կենսատեխնոլոգ. արժեքավոր միացություններ), վինիլ- և a-հալոիդէթիլֆոսֆոնատների (հրակայուն պոլիմերների և հակապիրենային հավելանյութերի ելանյութ) ստացման եղանակները։ Ս. Աղբալյանը մշակել է բութատրիենների, ինդոլային և տարացիկլային այլ տեղակալիչներ պարունակող կետոթթուների, ինչպես նաև ծծումբ պարունակող կենսաակտիվ միացությունների սինթեզի եղանակներ։

Ստացվել են կիրառ. նշանակության սինթետիկ և բնական բուրավետ նյութեր, հայտնաբերվել 1,3-երկօքսանների վերացիկլման և թթվային ապահիդրոհալոգենացման ռեակցիաները, ուսումնասիրվել կատիոնային մասնիկների անոմալ ապապրոտոնացման ռեակցիաների ուղղությունը (Ա. Գևորգյան, Ա. Առաքելյան)։ Հետազոտություններ են կատարվել պոկման, տեղակալման և այլ ռեակցիաների մեխանիզմների պարզաբանման ուղղությամբ։

Քլորոպրենի և ստիրոլի հիման վրա ստացվել են իմունաախտորոշիչ մոնոդիսպերս լատեքսներ (Ա. Հովհաննիսյան)։ Գևորգ Դանագուլյանը հայտնաբերել է պիրիմիդինների «վերաամինացմամբ» ընթացող ենամինային վերախմբավորումը, ինչպես նաև պիրիմիդինների C-C վերացիկլումը, պիրիդինիումային աղերի փոխարկումները ազոլո [1,5-α] պիրիմիդինների, եռազոլների, ազոլոեռազինների և այլն։ Մուշեղ Սարգսյանը հայտնաբերել է արոմատիկ ալդեհիդների առկայությամբ ացետիլացետոնի և ացետոքացախաթթվի էսթերի ու առաջնային ամինների փոխազդեցության ժամանակ ոչ սովոր. կարբոցիկլման երևույթը, ուսումնասիրել β-երկկարբոնիլային միացությունների հետ իմինների կարբոցիկլման ռեակցիայի արդյունքում առաջացող 2,3,4-տեղակալված 5-N-R-ամինահեքսանոլների սինթետիկ հնարավորությունները։

ՕՔԻ-ն հրատարակել է «Չհագեցած միացությունների քիմիա» (1979, պրակ 1, 1994, պրակ 2, ռուս․) ժող-ները։

ԵՊՀ օրգ. քիմիայի ամբիոնում մինչև 1952-ը մշակվել են եռազինների, երկհիմն թթուների ամիդների ու նիտրիլների սինթեզի եղանակներ (Ա. Մնջոյան, Մ. Դանղյան, Հ. Հարոյան և Լ. Գյուլբուդաղյան)։ Այնուհետև աշխատանքներ են ծավալվել N, O, S պարունակող տարացիկլային միացությունների սինթեզի բնագավառում, սինթեզվել են հագեցած ու չհագեցած γ- և δ-լակտոններ, լակտամներ, թիոլակտոններ, լակտոն-լակտամներ, թիազոլներ, իմիդազոլներ (Մ. Դանղյան, Ա. Դուրգարյան, Մ. Զալինյան, Գ. Շահնազարյան, Ա. Ավետիսյան և Վ. Հարությունյան)։ Ամբիոնում կատարվող ֆուրանոնների ու պիրանոնների սինթեզի և նրանց հատկությունների ուսումնասիրությունները նշանակալիորեն զարգացրել են լակտոնների քիմիան, որի շնորհիվ ամբիոնը ԱՊՀ տարածքում դարձել է լակտոնների քիմիայի առաջատար կենտրոններից։ Կետոսպիրտների հետ մալոնաթթվի, ացետո-, ցիանքացախաթթուների և նրանց նմանակների ցիկլմամբ Աիդա Ավետիսյանի ղեկավարությամբ իրականցվել է չհագեցած γ-լակտոնների, հիդրազոններից և β-կետոթթուների էսթերներից պիրազոլոնների սինթեզը։ Ա. Ավետիսյանն ու Գ. Թոքմաջյանը մշակել են γ-լակտոնային օղակի հետ համակցված և սպիրոկառուցվածքի բազմակորիզ տարացիկլային միացությունների սինթեզի եղանակներ։ Տարբեր տիպերի կետոլակտոնների և կետոթթուների քիմիայի ոլորտում կատարվող հետազոտությունների արդյունքում մշակվել են նոր՝ ուշագրավ կառուցվածքով հագեցած γ-լակտոնային օղակ պարունակող կենսաակտիվ տարացիկլային միացությունների (այդ թվում՝ նաև սպիրոհամակցված) ստացման մատչելի եղանակներ (Վ. Հարությունյան, Տ. Ղոչիկյան)։ Հեազոտություններ են կատարվել նաև քինոլինի քիմիայի բնագավառում. Լիպարիտ Գյուլբուդաղյանն ստացել է բուժման նպատակներով օգտագործվող սինկոմիլոն միացությունը։