Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կուլոնաչափ. եղանակը հանրապետությունում առաջինը (1968-ին) կիրառվել է ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ-ում՝ սինթեզված չորրորդային ամոնիումային էսթերների (քվատերոն, դիթիլին, սուբեխոլին և այլն) որոշման համար։ Մշակվել են նաև ազոտ, թթվածին և հալոգեններ պարունակող օրգ. միացություններում ծծմբի միկրոքանակների որոշման եղանակներ։ Ենթակարմիր սպեկտրաչափ. եղանակը կիրառվում է ինդոլի և պիրիմիդինի ածանցյալների, մի շարք տարացիկլային միացությունների ցիս-տրանս իզոմերների հետազոտման համար (Լ. Խաժակյան և ուրիշներ)։

Սպեկտրաչափ. եղանակը վերլուծ. քիմիայում առաջինը կիրառվել է ՀՀ ԳԱԱ Երկրբ. գիտությունների ինստ-ում և Երկրբ. վարչության կենտր. լաբորատորիայում՝ հատկապես հազվագյուտ ու ցրված տարրեր պարունակող հանքաքարերի հետազոտման նպատակով։ Հայկական լ-աշխարհի սիլիկատային ապարների ուսումնասիրությամբ զբաղվում են հանրապետության ԳՀ և գիտաարտադր. մի շարք լաբորատորիաներում (Քարի և սիլիկատների, Երկրբ. գիտությունների ինստ-ներ և այլն)։

Բնական ջրերում տարրերի որոշման աշխատանքներ են կատարվում ՀՀ ԳԱԱ Երկրբ. գիտությունների ինստ-ի ջրաբանության լաբորատորիայում։

Ֆիզիկական քիմիա

Ֆիզքիմիան՝ որպես գիտության ինքնուրույն բնագավառ, հանրապետությունում ձևավորվել է 1933-ին ԵՊՀ-ի ֆիզքիմիայի ամբիոնում՝ Լևոն Ռոտինյանի ղեկավարությամբ։ Սկզբն. շրջանում հետազոտությունները կատարվել են երկ- և եռաբաղադրիչ համակարգերի թերմոդինամիկայի փորձն․ և տես. մշակումների ուղղությամբ, ուսումնասիրվել են տարասեռ հավասարակշռությունների ընդհանուր օրինաչափություններն ու եռաբաղադրիչ համակարգերի համար դրանց կիրառման պայմանները։ Բաց համակարգերի թերմոդինամիկայի տես. հարցերով զբաղվել է Ալեքսանդր Հակոբյանը, որն զգալի ավանդ ունի հավասարակշռությունների տեղաշարժի միասնական օրենքի ձևակերպման և խառնուրդների թերմոդինամիկայի տեսության մշակման բնագավառում։ Երևանում սինթետիկ կաուչուկի արտադրության կազմակերպումով սկսվել են ացետիլենի դիմերման, վինիլացետիլենի հիդրոքլորման կատալիտիկ ռեակցիաների մեխանիզմների ուսումնասիրությունները։ Հովհաննես Չալթիկյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են կուպրոկատալիտիկ լուծույթների թերմոդինամիկան և դրանցում ընթացող ացետիլենի ու վինիլացետիլենի համասեռ կատալիտիկ փոխարկումների կինետիկան, բացահայտվել են ակտիվ կոմպլեքսների բաղադրությունն ու ռեակցիաների մեխանիզմները։ Այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են Հ. Չալթիկյանի «Կուպրոկատալիզ» (ռուս․, 1963) մենագրության մեջ (թարգմ. և հրտ.՝ նաև ԱՄՆ-ում, 1966)։

ԵՊՀ ֆիզքիմիայի ամբիոնին կից 1959-ին Հ. Չալթիկյանի նախաձեռնությամբ ստեղծվել է պոլիմերման երևույթների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիա, որտեղ ՀՀ-ում առաջինն է ուսումնասիրվել հեղուկաֆազ ռեակցիաների կինետիկան՝ ամին-գերօքսիդ ռեակցիաների օրինակով։ Նորայր Բեյլերյանը տարրական ռեակցիաների մակարդակով ուսումնասիրել է գերօքսիդների մասնակցությամբ լուծույթներում ընթացող ռադիկալաշղթայական ռեակցիաների կինետիկան և մեխանիզմը։ Ս. Գրիգորյանը բացահայտել է որոշ ամինների և ամին-մետաղ կոմպլեքսների՝ հիդրոգերօքսիդների (մասնավորապես՝ կումոլի հիդրոգերօքսիդի) քայքայումը և կատալիզող հատկությունը։

Դարձելի և ոչ դարձելի երևույթների թերմոդինամիկայում, կինետիկայի և կատալիզի, լուսաքիմիայի, քվանտային քիմիայի բնագավառներում լուրջ ներդրում ունի Հովհաննես Դավթյանը։ Նա մշակել է խմբերի տեսությունը քվանտային քիմիայում կիրառելու եղանակներ և գրել քվանտային քիմիայի ԽՍՀՄ-ում առաջին դասագիրքը («Քվանտային քիմիա», ռուս․, 1962)։ 1940-ական թթ-ի սկզբներին էլեկտրաքիմիական էներգետիկայի բնագավառում նրա կատարած հետազոտությունների շնորհիվ ստեղծվել են այրման քիմիական էներգիան էլեկտր․ էներգիայի փոխակերպող