Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջին սարքերը՝ «վառելիքային տարրերը»։ Հ. Դավթյանն ուսումնասիրել է գազային էլեկտրոդները և մշակել էլեկտրոդային երևույթների կինետիկայի ու կատալիզի հարցեր, առաջարկել երկբևեռ կուտակիչների նոր կոնստրուկցիաներ, ստեղծել լուսավառելիքային տարրեր։ Նրա ղեկավարությամբ մշակվել են ներքին այրման շարժիչներում վառելանյութի այրման ռեակցիայի քվանտամեխանիկական տեսությունները։

1959-76 թթ-ին Լիպարիտ Մելքոնյանի ղեկավարությամբ կատարվել են էմուլսային պոլիմերման տոպոքիմիական ուսումնասիրություններ։

1985-ից զարգացել է փոքր չափաքանակների ճառագայթային քիմիան։ Բացահայտվել է պինդ օքսիդների մակերևութային հատկությունները մատչելի եղանակով վերափոխելու հնարավորությունը, մշակվել այն իրականացնելու պայմանները (Հ. Ղազարյան, Ն. Բեյլերյան)։ Հանրապետությունում առաջինը ԵՊՀ-ում է ստեղծվել ու զարգացել կոնդենսված միջավայրի լազերաքիմիան։ Ցույց է տրվել սպեկտրի ենթակարմիր տիրույթի պիկովայրկյանային լազերի հեղուկների կողմից շեմային, «հեղեղանման» կլանման, մեծ ուժգնությամբ լազերի ոչ գծային կլանման հնարավորությունը (Ռ. Չալթիկյան)։ Բացահայտվել է ջրի ազդեցությունը պոլիվինիլացետատի աճող մակրոռադիկալների կոնֆորմացիայի վրա (Ռ. Եղոյան), որի փոփոխությունը կանխորոշում է այդ մասնիկների ռեակցիոնունակությունը։

Կարո Խաչատրյանը, Աշոտ Մուշեղյանը, Գրիգոր Գրիգորյանը հետազոտել են բազմաբաղադրամաս համակարգերի տարասեռ կատալիզի տես. և գործն․ խնդիրները, ուսումնասիրել են օքսիդային տիպի կատալիզատորների ներգործությամբ ացետիլենային սպիրտների փոխարկումների մեխանիզմը, մասնավորապես՝ ազոտ պարունակող տարասեռ կատալիտիկ համակարգերի ակտիվության, ինչպես նաև ջրածնի գերօքսիդի մասնակցությամբ ընթացող գազաֆազ ռեակցիաները։ Ուշագրավ են նաև Հ. Դավթյանի, Ա. Մուշեղյանի, Կ. Խաչատրյանի քվաևտաքիմիական և թերմոդինամիկ. հետազոտությունները, բնահողերում ընթացող ֆերմենտային ռեակցիաների կինետիկ․ ուսումնասիրությունները։

Մշակվել են տարբեր ծագումնաբանության սիլիկահողային սորբենտների մակերևույթի քիմիական մոդիֆիկացման եղանակներ (Օ. Քամալյան)։ Ուսումնասիրվել են սիլիկագելի և ալյումինի օքսիդի մակերևույթին նստեցված մետաղօքսիդային կատալիզատորների մակերեսների ակտիվ կենտրոնների բնույթը և դերը կատալիզի շարժընթացում (Գ. Գրիգորյան)։

Մակերևութային երևույթների ոլորտում ուսումնասիրվել են փոշի կալցիումի միասիլիկատի ադսորբելու հատկություններն ու նրա պարունակած ջրի բնույթը։ 1960-ական թթ-ին մեծ հետաքրքրություն առաջացրած չլուծվող միամոլ. շերտով ջրի գոլորշիացման նվազեցման խնդրով զբաղվել է Տ. Քրմոյանը և մշակել միաշերտի միջով ջրի գոլորշիացման տեսություն։

Մակերևութաակտիվ նյութերի (ՄԱՆ) միցելային լուծույթների կառուցվածքների վերաբերյալ նոր պատկերացում է առաջարկել Լիպարիտ Մելքոնյանը, ըստ որի՝ միցելները թարթող տիրույթներ պարունակող համակարգեր են։

Արամ Շահինյանը առաջինը Հայաստանում զարգացրել է մոլեկուլային դինամիկայի և համակարգչային թաղանթաբանության գիտական ուղղությունները, ստացել ՄԱՆ-ի ջրային լուծույթների և բջջային թաղանթների մոդելների ստեղծման ու դրանց դինամիկ կառուցվածքի վերաբերյալ նոր արդյունքներ։

Հետազոտվել են շրջված էմուլսիաներում ջրալույծ մոնոմերների պոլիմերման (Ռ. Հարությունյան), ուղիղ էմուլսիաներում ռադիկալաշղթայական պոլիմերման (Մ. Նալչաջյան) կինետիկան և մեխանիզմը, ջրածնի գերօքսիդի և նրա քայքայման արգասիքների մասնակցությամբ ընթացող որոշակի ռեակցիաների կինետիկան (Գ. Փիրումյան), ՀՀ տարբեր հողերի ֆերմենտային ակտիվությունը՝ որոշ աղտոտող նյութերի ներկայությամբ և բացակայությամբ (Մ. Գևորգյան)։

2000-ից Շիրազ Մարգարյանի ղեկավարությամբ կատարվում են մոլ. մակարդակով կառուցվածք-ռեակցիոնունակություն կապի ուսումնասիրության աշխատանքներ՝ մոլ. սպեկտրադիտման մակրոսկոպիկ մոտեցումներին վերաբերող և լուծույթների թերմոդինամիկային առնչվող ժամանակակից եղանակներով։ Զարգանում է նաև տես. ֆիզքիմիան՝ տարբեր հաշվող. համակարգչային ծրագրերի և տեխնիկայի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս լուծելու քվանտաքիմիական և դինամիկ․ մոդելավորման խնդիրներ։ Ներկայումս հատկապես կարևորվում է ֆլոտրեսցենտային սպեկտրադիտմանն առնչվող ֆլոտրեսցենտային ռեզոնանսային էներգիայի փոխանցման եղանակը, որը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու սպիտակուց-դեղամիջոց, այդ թվում՝ նաև ֆերմենտ-սուբստրատ փոխազդեցությունները։ Կիրառ. նշանակություն ունեն մասնավորապես կենսաբժշկ. բնույթի ուսումնասիրությունները, բացահայտվել է երկալկիլ- սուլֆօքսիդների՝ ցածր ջերմաստիճանների և ճառագայթման վնասակար ազդեցություններից կենդանի բջիջները պաշտպանելու, ինչպես նաև բույսերի անհող մշակման ժամանակ աճը խթանելու դերը։

ՀՊՃՀ-ում Լ. Մելքոնյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել է միա- և երկբաղադրիչ հեղուկ համակարգերի ֆիզքիմիական հատկությունների և անդրաձայնի տարածման արագության կապը։ Հետազոտել են մետաղներով չհագեցած միացությունների հիդրման օրինաչափությունները (Ա. Ալչուջյան, Ե. Քրիստոս-Տուրյան)։

Էլեկտրաքիմիայի բնագավառում առավել ուշագրավ են Լ. Անդրոպովի և Աշոտ Վահրամյանի աշխատանքները, որոնք վերաբերում են մետաղների ու համաձուլվածքների ստացման էլեկտրաքիմիական եղանակներին, մետաղների էլեկտրանստեցման կինետիկային։

Տես. և գործն․ նշանակություն ունեն պոլիմերման ադիաբատ և ճակատային (ֆրոնտալ) պայմաններում կատարվող երևույթները։ Դա քիմիական կինետիկայի ուրույն