Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնագավառ է, որի հիմնադիրներից է Նիկոլայ Ենիկոլոփյանը, և ՀՀ-ում զարգանում է Սևան Դավթյանի ղեկավարությամբ։

Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնում (2007-ից՝ ՀՀ ԳԱԱ Օրգ. և դեղագործ. քիմիայի գիտատեխնոլոգ. կենտրոնի կազմում) 1994-ից կատարվում են օրգ. միացությունների կառուցվածքի հետազոտություններ։ Ռաֆայել Թամազյանի ղեկավարությամբ ուսումնասիրվում են կենսաբանորեն ակտիվ միացությունների կառուցվածքը, ֆիզիկական հատկություն-կառուցվածք կապը, կառուցվածքային փուլային անցումները միաբյուրեղային դիֆրակցիայի եղանակով։ Տ. Կուրտիկյանի ղեկավարությամբ հետազոտվում են կենսանմանակային (կենսամիմետիկ) փոխազդեցություններն ու փոխարկումները մետաղապորֆիրինների կոորդինացիոն ոլորտում։ Բացահայտվել է, որ ցածր ջերմաստիճաններում հնարավոր է սևեռել և սպեկտրաչափ. եղանակներով բնութագրել անկայուն միացությունները, խմորիչների ակտիվ կենտրոնում ընթացող երևույթների մեխանիզմը։ Ուսումնասիրում են օրգ. ու տարրօրգ. միացությունների տարած․ կառուցվածքն ու էլեկտրոնային բաշխվածությունը իզոտրոպ և ուղղորդված միջավայրերում՝ միջուկային մագնիս. ռեզոնանսի սպեկտրաչափ. եղանակով (Հ. Փանոսյան, Ս. Մամյան և Ա. Շահխաթունի)։ Մասս-սպեկտրաչափ. եղանակով հետազոտվում են կենսաբանորեն ակտիվ նյութերի ֆրագմենտացման օրինաչափությունները (Ռ. Գրիգորյան)։

Շիրազ Մարգարյան
Քիմիական ֆիզիկա

Քիմիական ֆիզիկան՝ որպես գիտության ինքնուրույն բնագավառ, ՀՀ-ում ձևավորվել է 1959-ին՝ Արամ Նալբանդյանի նախաձեռնությամբ ստեղծված քիմիական ֆիզիկայի լաբորատորիայում (1975-ից՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի իևստ.)։ Հետազոտությունների հիմն․ ուղղությունը քիմիական ռեակցիաների կինետիկայի, մեխանիզմի ու այրման երևույթների ուսումնասիրությունն է, որը հանգեցրել է շղթայական ռեակցիաների տեսության զարգացմանը և ժողովրդական տնտեսության համար կարևոր նյութերի (սպիրտներ, գերօքսիդային և էպօքսիդային միացություններ, օրգ. թթուներ և այլն) ստացման գիտական հիմունքների մշակմանը։ Ա. Նալբանդյանն ու Ադոլֆ Մանթաշյանն առաջարկել են ռադիկալների ստացման նոր կինետիկ․ եղանակ, բարդ շղթայական ռեակցիաներում հայտնաբերել են ազատ ռադիկալներ, ստեղծել օրգ. միացությունների գազաֆազ օքսիդացման ընթացքում առաջացող և ռեակցիայի ընթացքը պայմանավորող ակտիվ կենտրոնների՝ բազմատոմ ազատ ռադիկալների հայտնաբերման եղանակ՝ էլեկտրոնային պարամագնիս. ռեզոնանսի ու ռադիկալների սառեցման եղանակի համակցմամբ։ Ա. Նալբանդյանն ու Իրմա Վարդանյանը բացահայտել են, որ ածխաջրածինների և ալդեհիդների գազաֆազ օքսիդացման ռեակցիաներում տեղի է ունենում շղթաների տարասեռ ճյուղավորում, որն անոթի պատերի վրա գերօքսիդային միացությունների տարասեռ ռադիկալային քայքայման հետևանք է։ Պինդ նյութերի մակերևույթի վրա գերօքսիդների ռադիկալային քայքայումն օգտագործվել է մեթանի և ալդեհիդների օքսիդացումը խթանելու համար։ Գազաֆազ ռեակցիաների կինետիկ, հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են Ա. Նալբանդյանի և Ա. Մանթաշյանի «Տարրական պրոցեսները դանդաղ գազաֆազ ռեակցիաներում» (ռուս․, 1975, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1976) և Ա. Նալբանդյանի ու Ի. Վարդանյանի «Օրգանական միացությունների գազաֆազ օքսիդացման պրոբլեմի ժամանակակից վիճակը» (ռուս․, 1986) գրքերում։

Փորձարար․ եղանակով հաստատվել են այլասերված ճյուղավորումներով ընթացող շղթայական ռեակցիաների Ն. Սեմյոնովի տեսության հիմն․ դրույթները, ուսումնասիրվել են ածխաջրածինների սառը բոցերը և քիմիական տատանումները, ապացուցվել է այդ երևույթների շղթայական բնույթը (Ա. Մանթաշյան, Լ. Խաչատրյան, Պ. Ղուկասյան և ուրիշներ)։

Գազաֆազ կատալիտիկ ռեակցիաներում առաջին անգամ փորձնականորեն հայտնաբերվել են ազատ ռադիկալներ, և բացահայտվել է դրանց դերը (Թ. Ղարիբյան)։ Ստեղծվել է սոնոէլեկտրա-քիմիական եղանակով մետաղական նանոչափ փոշիների ստացման յուրահատուկ փորձարար. սարքավորում։