Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քլորացման (անընդհատ եղանակ), հեքսաքլորէթանի, քլորոպրենային կաուչուկի թափոններից սինթետիկ լաքի ու նատրիումի ացետատի, մեթիլացետատ-մեթանոլ-ջուր խառնուրդից անջուր նատրիումի ացետատի, պոլիվինիլացետալների (կատարելագործված եղանակ) և երկալիլցիանամիդի ստացման տեխնոլոգիաներ։

1950-ական թթ-ին հանրապետությունում զարգացել են անօրգ. նյութերի, գունավոր մետաղների, էլեկտրաքիմիական և կենսբ. ակտիվ նյութերի ստացման տեխնոլոգիաները։

ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգ. քիմիայի ինստ-ում Մանվել Մանվելյանի ղեկավարությամբ մշակվել է նեֆելինային սիենիտների համալիր մշակման տեխնոլոգիա, ստացվել են արզնահող, սոդա, պոտաշ, պորտլանդցեմենտ, նոր՝ կարբոնացված մետասիլիկատներ (երևանիտներ), որոնց օգտագործմամբ պարզեցվում է տարբեր տեխ. ապակիների և բյուրեղապակու արտադրությունը։ Ստեղծվել են ցեմենտի, թավանային ֆոսֆոգիպսի արտադրության, ալյումինի արտադրությունում արտանետվող ֆտորային գազերի օգտահանման նոր տեխնոլոգիաներ (Ս. Կարախանյան և ուր)։ Շարք են մտել կլինկերի ստացման չոր եղանակը, ապակեգործությունը, կառուցվել են նոր գործարաններ, սկսել են արտադրել էլեկտրատեխ., էլեկտրամեկուսիչ, տարաների, տեսակավոր և ցուցափեղկային ապակիներ, բյուրեղապակի։ Երևանում գործարկվել է ապակու եփման էլեկտրահալման վառարան՝ միաֆազ և եռաֆազ էլեկտր․ հոսանքներով խառը սնուցումով (Մ. Բաբաջանյան, Վ. Մինասյան, Ֆ. Էնտելիս, ԽՍՀՄ Պետ․ մրց․՝ 1948)։ Մշակվել և Երևանի մուլիտի գործարանում գործարկվել է ալյումասիլիկատային դժվարահալ հրակայունների ստացման տեխնոլոգիա (Մ. Սուլխանով, Ա. Գալստյան, Հ. Հովհաննիսյան, ԽՍՀՄ Պետ․ մրց․՝ 1952), որով զգալիորեն երկարացվել են ապակու վառարանների շահագործման ժամկետները։ Հետագայում այդ գործարանի և նրանից առանձնացված Նյութաբանության ինստ-ի աշխատակիցներն ստեղծել են նոր՝ էլեկտրավակուումային քալկոգենիտային, դյուրահալ, հատուկ նպատակների համար օգտագործվող ապակիների ստացման տեխնոլոգիաներ։ 1970-ական թթ-ին ստեղծել են մոլիբդենային էլեկտրոդներով ապակու էլեկտրահալման «խորքային» և «գարնիսաժային» վառարաններ (Կ. Կոստանյան, Ա. Մելիք-Հախնազարյան), որոնցով հնարավորություն է ստեղծվել արտադրելու բարձրսիլիկատային դժվարահալ (2000-2200 °C) ապակիներ։

ՀՀ-ում առկա ոչ մետաղ․ հումքի մեծ պաշարները հնարավորություն են տվել մշակելու նոր տեխնոլոգիաներ և բենտոնիտներից ստանալու բարձրորակ ադսորբենտներ (Իջևան), պեռլիտներից՝ զտող փոշիներ, ջերմամեկուսիչ նյութեր, միկրոգնդաձև մասնիկներ և այլ նյութեր (Արագած, Երևան), տեղական կավերից պատրաստելու հրակայուն աղյուս (Նոյեմբերյան) և կղմինդր (Արտաշատ)։ Ստեղծվել են էլեկտրաքիմիական խոշոր արտադրություններ. պղնձի էլեկտրաքիմիական զտումը (Ալավերդի), արզնահողի էլեկտրոլիզը (Քանաքեռի ալյումինի գործարան), կերակրի աղի էլեկտրոլիզը՝ դիաֆրագմային եղանակով՝ քլորի (գազ), կաուստիկ սոդայի և նատրիումի հիպոքլորիտի (ժավելյան ջուր, Երևան) ստացմամբ, ջրի էլեկտրոլիզը (Վանաձոր) և այլն։ Մշակվել և ներդրվել է ֆեռոմագնիս. համաձուլվածքների էլեկտրոլիտային ստացման տեխնոլոգիա՝ ԷՀՄ-ների հիշողության սարքերի ստեղծման համար (Ա. Եդիգարյան և ուրիշներ, ՀԽՍՀ Պետ․ մրց․՝ 1974)։ Ստեղծվել է հոսանքի քիմիական աղբյուրների մշակման վառելիքային տարրերի տեխնոլոգիա, որն օգտագործվել է տիեզերանավերում (Հ. Դավթյան)։

1950-ական թթ-ին կառուցվել են Քաջարանի և Կապանի լեռնահարստացման կոմբինատները, որտեղ մշակված տեխնոլոգիայով ստացվել են մոլիբդենի և քալկոպիրիտի խտանյութեր։ 1973-ին վերագործարկվել է Ալավերդու պղնձաձուլ. գործարանը (հիմնադրվել է 1957-ին)՝ որպես լեռնամետալուրգ. կոմբինատ, որտեղ ներդրվել է ծծմբական թթվի ստացման կոնտակտային (հպումային) եղանակը։ Կառուցվել է Ագարակի ոսկու կորզման ֆաբրիկան՝ սուլֆիդային հանքահարստացման ցիանացման տեխնոլոգիաներով։

Մշակվել են կենսբ. ակտիվ նյութերի սինթեզի նոր տեխնոլոգիաներ (Ա. Մնջոյան և ուրիշներ) և օգտագործվել նոր դեղանյութերի արտադրման համար։ 1980-ական թթ-ին ստեղծվել են էկոլոգիապես անվտանգ նոր տեխնոլոգիաներ՝ հիմնված մեխանոքիմիական բարձրջերմաստիճանային