ՀՊՃՀ-ում Համբարձում Սայադյանի ղեկավարությամբ իրականացվել է վինիլացետատի և վինիլացետատ-վինիլպրոպիոնատ զույգի համապոլիմերումը երկալիլցիանամիդի հետ։ Մշակվել է վերջինիս ստացման արդյունավետ եղանակ։ Վինիլացետատ-վինիլպրոպիոնատեր-կալիլցիանամիդ եռակի համապոլիմերումից ստացվել են մոդիֆիկացված պոլիվինիլային սպիրտ և պոլիվինիլբուտիրալ։ Ստացված պոլիմերներն իրենց ֆիզիկամեխանիկական հատկություններով զգալիորեն գերազանցում են մայր պոլիմերին, իսկ քլորոպրենի հիման վրա ստացված արոմատիկ օղակ պարունակող էլաստոմերն օժտված է բավական մեծ ճառագայթակայունությամբ։
Վանաձորի Է. Տեր-Ղազարյանի անվան պոլիմերային սոսինձների ինստ-ում ստացվել ու արտադրվել են տարբեր հատկություններով և տնտեսության տարբեր բնագավառներում կիրառվող պոլիմերային սոսինձներ։
Երևանի «Պլաստպոլիմեր» ԳՀԻ-ում (մինչև 1991-ը՝ Օխտայի «Պլաստպոլիմեր» միավորման Երևանի բաժանմունք) լայնածավալ աշխատանքներ են կատարվել վինիլային մոնոմերների (վինիլացետատ, ստիրոլ և այլն) և դրանց հիման վրա ստացվող պոլիմերների բնագավառում։ Հակոբ Հակոբյանը մշակել է պոլիվինիլսպիրտային մանրաթելի ստացման արտադրական եղանակ։ Կազմակերպվել են բազմատոննաժ արտադրություններ, մասնավորապես՝ վինիլացետատի՝ ացետիլենից և էթիլենից, հոմո- և համապոլիմերային պոլիվինիլացետատային դիսպերսիաների, պոլիվինիլսպիրտի, պոլիվինիլացետալների և այլ պոլիմերների արտադրական ստացումը։
Կատարվում են աշխատանքներ բժշկության և գյուղատնտեսության բնագավառներում օգտագործվող պոլիմերների ստացման ուղղությամբ։ Մշակվել են նոր պոլիմերային նյութեր՝ ճառագայթաջերմային այրվածքների բուժման, թրոմբակայուն պոլիմերների, պատվաստանյութերի ստացման համար և այլն։ Ստացվել են դեղանյութեր պարունակող պոլիմերապատված կենսաքայքայվող ստենտներ մաքուր երկաթից, ջրակլանող պոլիմերներ՝ ճառագայթահարված տարածքներում աղտոտված հողերի վերականգման, էկոլոգիապես անվնաս նյութեր պտղատու այգիները վնասատուներից պաշտպանելու համար։
Երևանի օպտիկ․ և ֆիզիկական չափումների հետազոտ․ ինստ-ում Հակոբ Մատնիշյանի ղեկավարությամբ սինթեզվել են զուգորդված կապերով պոլիմերներ, բաղադրյալ և պոլիմերային պայթուցիկ նյութեր։ Մշակվել են պոլիացետիլենից ֆունկցիոնալ պոլիմերների ստացման մատչելի եղանակներ։
Քիմիական տեխնոլոգ․ ուսումնասիրությունները ՀՀ-ում սկսվել են 1940-ական թթ-ին, երբ գործարկվել է քլորոպրենային կաուչուկի գործարանը։ Արծրուն Գասպարյանի ղեկավարությամբ մշակվել են քլորաջրածնի ադիաբատ կլանման տեսությունը և աղաթթվի ստացման տեխնոլոգիան (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1946), որն ապահովում է գազի անկորուստ կլանումը և նվազագույնի հասցնում մթնոլորտային արտանետումները։ Աղաթթվի արտադրության «Գասպարյանի եղանակը» ներդրվել է շատ երկրներում, որի նմանությամբ հետագայում մշակվել է նաև ծծմբական թթվի ստացման եղանակ՝ SO3-ի ադիաբատ կլանմամբ։
Մշակվել են նաև վինիլացետիլենի հիդրոքլորացման նոր՝ անընդհատ գործող տեխնոլոգիա, քլորոպրենային կաուչուկի մանրահատիկ և մանրադիսպերս լատեքսի ստացման եղանակ, վինիլացետիլենի անջատման կլանվածքակորզման (դեսորբում) աշտարակների տաքացման նոր համակարգ, որի շնորհիվ նվազագույնի է հասցվել երկվինիլացետիլենի խեժացումը, մեծացվել ջերմափոխանակիչի արդյունավետությունը։ Արտադրական թափոնների մնացորդային հեղուկներից («յուղային կոնդենսատ», «կուբային մնացորդ») ստացվել է բարձրարժեք էթինոլային լաք (Ա. Գասպարյան, Է. Տեր-Ղազարյան, Կ. Կոնստանտինով), մշակվել են տարբեր տեսակի և նշանակության լատեքսների ստացման տեխնոլոգիաներ (Հ. Սայադյան, Ռ. Մելիքյան, Է. Լազարյան, Ն. Կարապետյան)։
Համբարձում Սայադյանը մշակել և արտադրության մեջ է ներդրել բենզոլի