աշխարհագրությանը նվիրված ճյուղային և համալիր նկարագրություններում։ Արևմտյան Հայաստանի ուսումնասիրությամբ այդ ժամանակ զբաղվել են ռուս և արևմտաեվրոպ. առանձին հետազոտողներ։ Լույս է տեսել Հ. Լինչի «Հայաստան» (1901) մենագրությունը։
Նախահեղափոխական շրջանում հայկական աշխարհագր. միտքը հիմնականում զարգացել է Հայաստանից դուրս։ Այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում (Ղ․ Ալիշան, Գ․ Ինճիճյան)։
Խորհրդային իշխանության առաջին տարիներին հանրապետությունում ծավալվել են երկրաձևաբան. (գեոմորֆոլոգ.) հետազոտություններ՝ կապված հանք․ հարստությունների յուրացման, հողաշին., ջրաշին., քաղաքաշին., ճանապարհաշին. աշխատանքների հետ։
Հանրապետության հողակլիմ. պաշարների ռացիոնալ օգտագործման համար կատարվել են կլիմ. հետազոտություններ, ընդարձակվել է օդերևութաբան. կայանների ցանցը, լույս են տեսել առաջին կլիմ. տեղեկատուները։ Ջրատեխ. և ջրաէներգետիկ. շին-յան ծավալման նպատակով ընդլայնվել են ջրագիտական հետազոտությունները։ Օրակարգ է ներառվել Սևանա լճի ջրի պաշարների ջրաէներգետիկ. օգտագործման խնդիրը։
Հանրապետության ֆիզիկաաշխարհագր. հետազոտությունների ծավալման գործում զգալի դեր են կատարել ԽՍՀՄ ԳԱ այսրկովկասյան արշավախումբը՝ Ֆ. Լևին-սոն-Լեսինգի և Սևանի ջրաօդերևութաբան. կայանը՝ Վ. Դավիդովի գլխավորությամբ։
Կենսաաշխարհագր. հետազոտություններում զգալի դեր են ունեցել Ն. Վավիլովի ուսումնասիրությունները։ Ֆիզիկաաշխարհագր. բնութագրություններն ընդգրկվել են Լ. Բերգի, Ա. Գրիգորևի աշխատություններում։ ՀԽՍՀ աշխարհագր. գիտության ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ԵՊՀ-ն, որտեղ 1929-ին Հ. Հովհաննիսյանի, Հ. Կարապետյանի, Բ. Գալստյանի, Ս. Լիսիցյանի, Տ. Ջրբաշյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ընդհանուր աշխարհագրության ամբիոն, 1933-34 ուսումնական տարում՝ աշխարհագրաերկրբ. ֆակուլտետ։ 1935-ին կազմակերպվել է Հայկական աշխարհագր. ընկերությունը։
Հայրեն․ մեծ պատերազմին (1941-45) նախորդող տարիներին հրատարակվել են առաջին դպրոց․ դասագրքերը, բուհ․ ձեռնարկներն ու քարտեզները [այդ թվում՝ Ս. Լիսիցյանի «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» (դեմոգրաֆիայով) աշխատությունը, 1940]։
Հայրեն․ մեծ պատերազմից հետո ՀԽՍՀ-ում ձևավորվել են ֆիզիկաաշխարհագրության ճյուղային գիտությունները՝ երկրաձևաբանությունը, կլիմայագիտությունը, ջրաբանությունը, հողերի աշխարհագրությունը և կենսաաշխարհագրությունը։
1950-ական թթ-ին ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության բաժնում (հետագայում՝ ինստիտուտ) սկսվել են հանրապետության բնական պայմանների և պաշարների հաշվառման աշխատանքներ, կիրառվել են ֆիզիկաաշխարհագր. հետազոտությունների համեմատ., գնահատական և քարտեզագր. մեթոդները, կազմակերպվել են արշավախմբային հետազոտություններ։ ԽՍՀՄ ԳԱ Աշխարհագրության ինստ-ի հետ համատեղ ուսումնասիրվել են հանրապետության Երկրաձևաբան. և կլիմ. պայմանները։
Հայկական լեռնաշխարհի երկրաձևաբանությանը նվիրված առաջին ամփոփ ուսումնասիրությունը Ա. Ղուկասովի «Հայկական լեռնաշխարհի կառուցվածքի հիմնական գծերը» (ռուս․, 1901) աշխատությունն է։ Հետպատերազմյան շրջանում սկսել են ընդարձակվել երկրաձևաբան. աշխատանքները, մեծ ուշադրություն է հատկացվել ռելիեֆի կազմավորման ընթացքում նորագույն տեկտոն. շարժումների, երիտասարդ հրաբխային ռելիեֆի կազմավորման և զարգացման, ծագումնային տիպերի, հարթված մակերևույթների, հովտային ցանցի ձևավորման հիմնախնդիրներին, լեռն․ ռելիեֆի ձևավորման ընթացքում ներծին և արտածին գործոնների դերի, չորրորդական սառցապատման նշանակության, ինչպես նաև հնէաաշխարհագր. հիմնախնդիրներին (Ս. Բալյան, Ա. Գաբրիելյան, Ն. Դումիտրաշկո, Պ. Հովհաննիսյան, Լ. Զոհրաբյան և ուր.)։ Աշխատանքներ են կատարվել գետային հուների շարժի, սելավների, սողանքների, լանջային շարժընթացների, էրոզիայի, փլուզումների և այլ քայքայիչ շարժընթացների ուսումնասիրության ուղղությամբ (Ի. Եղիազարով, Մ. Վելիկանով, Հ. Գաբրիելյան, Գ. Տեր-Ստեփանյան և ուրիշներ)։ Երկրաձևաբան. հետազոտության արդյունքներն ամփոփվել և հրատարակվել են «ՀՍՍՀ երկրաբանություն»