Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ներերակային սնուցման դեղամիջոցների համար պահանջվող միջազգային չափորոշիչներին։ Արտադրված ամինաթթուների հիման վրա պատրաստված «Պոլիամին» պատրաստուկի նմուշները փորձարկվել են նախակլինիկ. և կլինիկ․ պայմաններում։ Ստացված արդյունքների հիման վրա ԽՍՀՄ որոշ հանրապետություններում (նաև Հայաստանում) կառուցվել են ներերակային սնուցման ներարկվող (ինֆուզիոն) լուծույթներ և ամինաթթվային այլ պատրաստուկներ արտադրող գործարաններ։ 2000-ից Աշոտ Սաղյանի ղեկավարությամբ կատարվել են մի շարք նոր կարևոր մշակումներ ինչպես ամինաթթուների արտադրության, այնպես էլ կենսատեխնոլոգիայի այլ ոլորտների՝ առողջապահ-յան, գյուղատնտեսության, սննդարդ-յան, բնապահպանության և կենսաբանորեն ակտիվ նյութերի կենսանմանակային (կենսամիմետիկ) սինթեզի խնդիրների լուծման ուղղությամբ։

Կատարելագործվել և միջազգային չափանիշների են հասցվել մի շարք ամինաթթուների արտադրական շտամ-արտադրիչներ, մշակվել են բժշկ. նշանակության Լ- և D- ամինաթթուների (ալանին, ասպարագինաթթու, պրոլին, տրիպտոֆան, մեթիոնին, լեյցին և այլն) մանրէաբան․ արտադրության արդյունավետ, սննդարդ-յան ոլորտում կիրառվող խմորիչային պատրաստուկների (պեպսին, ամիլազ, գլյուկոամիլազ և այլն) արտադրական, միջատասպան և հակաբակտերիային նոր կենսապատրաստուկների, ինչպես նաև բույսերի աճի խթանիչների և կենսապարարտանյութերի ստացման արդյունավետ տեխնոլոգիաներ։

Մշակվել են էկոլոգիապես մաքուր օրգ. բնույթի Ազոտովիտ-1 և Ազոցեովիտ-1 կենսապարարտանյութերի արտադրական տեխնոլոգիաները, որոնք ներկայումս հաջողությամբ արտադրվում և իրացվում են ՀՀ-ում։

2010-ին Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ-ի և Մանրէաբանության ու մանրէների ավանդադրման կենտրոնի միավորմամբ ստեղծվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, որտեղ մշակվում են կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակներ և տեխնոլոգիաներ, ուսումնասիրվում մանրէաբանության ժամանակակից հիմնահարցեր, ավանդադրվում են նոր և գիտաարտադրական նշանակության հեռանկարային մանրէներ, իրականացվում կենսաահաբեկչության վտանգի կանխարգելմանն ու վնասազերծմանն ուղղված հիմնարար և կենսատեխնոլոգիայի ոլորտում կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրական տեխնոլոգիաների մշակման ԳՀ աշխատանքներ։ Լուծվում են բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդարդ-յան, երկրագիտության և բնապահպանության ոլորտներում առկա կենսատեխնոլոգ. խնդիրներ։

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը համագործակցում է Նանտի և Փարիզ-Սյուդ (Ֆրանսիա), Օքսֆորդի և Ուելսի (Մեծ Բրիտանիա), Ռոստոկի (Գերմանիա) համալսարանների, Օրգ. կատալիզի ինստ-ի և “Evonic/Degussa” (Գերմանիա), “Acros Organics” (Բելգիա) ֆիրմաների, ՌԳԱ Մարդու ուղեղի և Ա. Նեսմեյանովի անվան տարրօրգ. միացությունների ինստ-ների հետ։

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական ժողովրդական բժշկությունը գրեթե 3 հզ. տարվա պատմություն ունի։ Ժամանակի ընթացքում ստեղծվել է դեղանյութերի հարուստ գանձարան։ Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն արտահանվել են Արևելքի ու Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ գտել հնագույն դեղագիտարաններում։

Հայաստանն անցյալում եղել է մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, ինչպես նաև վայրի դեղաբույսերի հայրենիքը։ Օգտագործվել են հանք․ դեղանյութեր՝ հայկավը, հայքարը, բորակը, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, կապարի առանձին միացություններ, որդան կարմիրը, որոնք Հայաստանից արտահանվել են հարևան երկրներ, կենդ․ ծագման դեղանյութեր՝ պատրաստված կենդանիների սեռ. գեղձերից, ուղեղից, լյարդից, փայծաղից։

Գործն․ բժշկության մակարդակի մասին վկայում են ուրարտ. և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկ. գործիքներ և այլն)։ Հայաստանում մասնավոր հիվանդանոցներ եղել են դեռևս III դ-ում։

Միջնադարյան հայ մատենագրության մեջ 4 տարրերի (հող, ջուր, կրակ, օդ) և դրանց համապատասխանող 4 հիմն․ հեղուկների (արյուն, լորձ, դեղին ու սև մաղձ) անտիկ տեսությունն առաջին անգամ հիշատակել է Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» (V դ.) երկում։ Հիվանդությունների առաջացումը նա կապել է հիմն․ հեղուկների հավասարակշռության խախտման հետ։ Հիպոկրատի նման՝ Եզնիկ Կողբացին հոգեկան հիվանդությունները համարել է գլխուղեղի հյուծման հետևանք։ Դավիթ Անհաղթի (V դ-ի վերջ - VI դ-ի սկիզբ) մի քանի երկերում շոշափվել են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգիենայի և բժշկ. բարոյագիտության հարցեր։ Ըստ նրա «Վերլուծութիւն «Ներածութեանն Պորփիւրի»» աշխատության՝ Հայաստանում դեռևս V-VI դդ-ում կատարվել են դիահերձումներ։ Անանիա Շիրակացին 667-ին կազմած իր «Քննիկոնում» տեղ է տվել նաև բժշկագիտությանը։ Նա զբաղվել է մասնավորապես բուսաբուժության հարցերով, նկարագրել է համասփյուռ կոչվող բույսի բուժիչ հատկությունները, որի պաշտամունքը եղել է Հայաստանի որոշ շրջաններում։

X-XI դդ-ում՝ Բագրատունյաց թագավորության ժամանակ, Անիում, Հաղպատում և Սանահինում հիմնվել են բարձրագույն դպրոցներ՝ միջնադարյան համալսարաններ, որտեղ ուսումնասիրել են նաև բժշկություն։

Գրիգոր Մագիստրոսի աշխատություններում ուշագրավ տեղեկություններ կան հիվանդությունների մահճաբուժության,