Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեղագիտության և հատկապես բուսաբուժության վերաբերյալ։ Ստեղծվել են նաև ախտաբանությանը, թերապիային և դեղագործությանը վերաբերող բժշկարաններ։ Գագիկ Ա թագավորի (989-1020) օրոք գրված «Բժշկարանը» (հեղինակն անհայտ է) հետագայում խմբագրվել է Կիլիկյան Հայաստանում՝ առաջին անգամ Ներսես Լամբրոնացու եղբոր՝ Հեթումի մասնակցությամբ՝ XIII դ-ի վերջին, հարստացվել է 2 բաժնով, խմբագիրը կցել է Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» աշխատության 30 գլուխ և կիլիկիացի անհայտ հեղինակի՝ մահճաբուժությանը նվիրված աշխատությունը, երկրորդ անգամ՝ Հեթում պատմիչի հրամանով. այստեղից էլ՝ «Գագիկ-Հեթումյան բժշկարան» անվանումը։ Վերջինս մեծ ազդեցություն է գործել Հայաստանի միջնադարյան բժշկության հետագա զարգացման վրա։

Բժշկագիտության, հատկապես մարդակազմության առաջընթացին նպաստել է դիահերձումների և կենդանահատումների ազատությունը, որի մասին վկայում են գրավոր աղբյուրները։

Միջնադարյան հայկական բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին գրել է մարդակազմությանը, կենսաբանությանը, ախտաբանությանը, դեղագիտությանը վերաբերող աշխատություններ, որոնցից միայն առանձին հատվածներ են պահպանվել հետագա ժամանակների բժիշկների երկերում և մասամբ տեղ գտել «Գագիկ-Հեթումյան բժշկարանում»։

XII դ-ի 80-ական թթ-ին Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» գրքում (հրտ.՝ 1832) շարադրված ջերմերի հարուցիչ-գործոնների վերաբերյալ տեսակետը մոտ է անտիկ աշխարհի բժշկության հիմնադիր Հիպոկրատի տեսակետին։ Հայ բժշկապետը մեծ նշանակություն է տվել ինչպես արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններին, այնպես էլ ներքին ազդակներին (հոգեկան ապրումներ, անքնություն, ընդհանուր հյուծում)։ Հերացու կարծիքով՝ արյան և մարմնի մյուս հեղուկների մեջ գոյություն ունեցող «բորբոսն» է առաջ բերում «բորբոսային» տենդը։ Տենդը «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» խմբերի բաժանելիս նա առաջնորդվել է հումորալ տեսության սկզբունքներով։ «Միօրյա» տենդերի ախտածնությունը բացատրել է հին հեղինակների պնևմատիկ տեսությամբ։ «Միօրյա» տենդերի խմբում նկարագրել է նաև ալերգ. հիվանդությունների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդ., նյարդահոգեկան)։

«Բորբոսային տենդեր» բաժնում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, բորբոսային տենդի, հատկապես տիֆի վարակիչ լինելը։ «Հալևմաշ» տենդերը, որոնք համապատասխանում են պալարախտի (տուբերկուլով) տարբեր կլինիկ․ ձևերին (թոքախտ, ոսկրախտ և այլն), ըստ Մխիթար Հերացու, առաջանում են հոգեկան ծանր ապրումների, գերհոգնածության, վատ սննդի, կլիմ. անբարենպաստ պայմանների հետևանքով, որոնց այսօր էլ բժշկությունը մեծ նշանակություն է տալիս։

Տենդային հիվանդությունների՝ Մխիթար Հերացու դասակարգումը հենվում է ոչ միայն ախտաբան․ ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկ․ ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման (հարցուփորձ կամ վերհուշություն, զննում, շոշափում, ունկնդրում և այլն) վրա։ Հին աշխարհի բժիշկների նման՝ Հերացին նույնպես հիվանդության ընթացքը բաժանել է 4 շրջանի՝ նախնական, սաստկացման, նվազման և ավարտման։

Հերացին փորձն․ ճանապարհով մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության, սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա։ Հավատարիմ անտիկ աշխարհի բժշկության սկզբունքներին՝ հայ բժշկապետն առաջարկել է բուժել «հակառակը հակառակով»։

Մխիթար Հերացին դեղաբուժության մեջ գլխավոր տեղը հատկացրել է բուսաբուժությանը։ Բույսերից բացի՝ նրա դեղատոմսերում հանդիպում են կենդ․ ծագման դեղանյութեր (եզան լեղի, լյարդ), ինչպես նաև հանք․ պատրաստուկներ (հայկավ, ծծումբ, ցինկ, բորակ և այլն)։

Տենդային հիվանդություններով տառապող հիվանդների համար Մխիթար Հերացին առաջարկում էր հատուկ դյուրամարս սնունդ՝ առաջնություն տալով կանաչեղենին, բանջարեղենին, մրգերին ու հատապտուղներին։ Բուժման ֆիզիկական մեթոդների շարքում մեծ տեղ է հատկացրել ջրաբուժմանը (շփումներ, լոգանք),