Էջ:Armenia Encyclopedia.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են այդ հիվանդության վաղաժամ դրսևորումներն ու նրա նևրոզանման ընթացքը (Ս. Դավթյան), շիզոֆրենիայի անընդմեջ ձևերի ընթացքի առանձնահատկությունները (Գ. Աղբալյան), շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի դեպքերում առաջացած արատի կառուցվածքի ու փոխհատուցման մեխանիզմի հարցեր (Մ. Մելիք-Փաշայան), հաշիշամոլության և հաշիշային պսիխոզների (Վ. Հովհաննիսյան), ալկոհոլային ատիպիկ ու խառը պսիխոզների կլինիկան (Կ. Դանիելյան)։ Բացահայտվել են էպիլեպտիկ պսիխոզների ընթացքի կլինիկ., էլեկտրաֆիզիոլոգ. (էլեկտրաուղեղագր.) առանձնահատկությունները, որոնց շնորհիվ էական շտկումներ են մտցվել էպիլեպսիայի վաղաժամ հայտնաբերման, տարբերակիչ ախտորոշման, ելքի և արդյունավետ բուժման, կանխարգելման, բժշկագենետիկ. խորհրդատվությունների և այլ բնագավառներում։

Փորձարկվել են նորաստեղծ հոգեխթանիչ (պսիխոլեպտիկ) դեղանյութեր։ Ուսումնասիրվել են նաև նյարդահոգեկան հիվանդությունների (էպիլեպսիա, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, նևրոզներ, պսիխոպաթիաներ և ռեակտիվ վիճակներ) համաճարակաբան․ առանձին հարցեր։ Կատարվում են նաև ՀՀ-ում ալկոհոլամոլության և թմրամոլության տարածվածության համաճարակաբան․ բազմակողմանի հետազոտություններ։

ՀՀ-ում կատարվել են աշխատանքներ նաև հոգեբուժության պատմության և հոգեկան հիվանդությունների կլինիկավիճակագրության բնագավառում։

Ամբիոնը համագործակցում է Հոգեբուժության համաշխ. ընկերակցության և մի շարք երկրների բժշկ. համալսարանների հոգեբուժության ամբիոնների հետ։

Ամբիոնում անցկացվում են կլինիկ․ օրդինատուրայի և ասպիրանտուրայի դասընթացներ, հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, «Հոգեբուժության դասագիրք» (Մ. Մելիք-Փաշայան, Վ. Հովհաննիսյան, 1994), Հոգեբուժության ուսումնական ձեռնարկ՝ 3 լեզվով (խմբ.՝ Ա. Մելիք-Փաշայան, 2010)։

Ամբիոնում ներկայումս զբաղվում են շիզոֆրենիայի, գլխուղեղի օրգ. ախտահարումների, ՀՀ-ում հոգեկան հիվանդությունների կլինիկահամաճարակաբանության խնդիրներով։

Մարիետա Մելիք-Փաշայան


Մանկաբուժություն

Մանկաբուժության զարգացումը Հայաստանում սկսվել է 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում Հ. Գաբրիելյանի նախաձեռնությամբ մանկ․ հիվանդությունների ամբիոնի հիմնադրմամբ։ Հետագայում համանուն ամբիոններ են ստեղծվել ԵԲԻ-ում (այժմ՝ ԵՊԲՀ) և ԲԿԻ-ում (այժմ՝ ԱԱԻ)։ ԵԲԻ բուժկանխարգելիչ ֆակ-ի մանկ․ հիվանդությունների ամբիոնը հետագայում ղեկավարել են Գ. Մարգարյանը՝ 1946-56, Ս. Սլկունին՝ 1956-60, Թ. Գաբրիելյանը՝ 1960-76, Ռ. Մինասյանը՝ 1976-84, Ս. Իբոյանը՝ 1984-91։ Մանկաբույժի նեղ մասնագիտացման նպատակով 1958-ին ԵԲԻ-ում հիմնադրվել է մանկաբուժ. ֆակուլտետ, որը 1964-ին տվել է առաջին շրջանավարտները։

Մանկաբույժների թվի աճին զուգընթաց կազմակերպվել է նաև մասնագիտական բուժօգնություն 29 նեղ մասնագիտությունների (սրտաբանառևմատոլոգիա, նեֆրոլոգիա, ալերգաբանություն, նյարդաբանություն, թոքաբանություն և այլն) գծով, իսկ 1977-ից Ջ. Գևորգյանի ջանքերով կազմակերպվել է նաև Ախտաբան․ անատոմիայի հանրապետական մանկ․ կենտրոնը։

Բացի № 1 մանկ․ հիվանդանոցից՝ շահագործման են հանձնվել նոր՝ մանկ․ քաղաքային № 2, 3, 4, 5 հիվանդանոցները, որտեղ տեղակայվել և իրենց գործունեությունն են ծավալել ԵԲԻ-ի մանկաբուժության նոր կազմավորված ամբիոնները։

1963-ին հիմնադրվել է մանկաբուժ. ֆակ-ի ընդհանուր մանկաբուժության ամբիոնը, որտեղ դասավանդվել են մանկ․ հիվանդությունների պրոպեդևտիկա, ֆակուլտետային և հոսպիտալային մանկաբուժություն։ Ամբիոնի վարիչ Ս. Գավալովի ղեկավարությամբ ուսումնասիրվել են տարածուն կծիկաերիկամաբորբի կլինիկաիմունաբան. բնութագիրը (Վ. Սերոբյան), կծիկաերիկամաբորբերի ժամանակ արյան սպիտակուցային ֆրակցիաները, լիպոպրոտեիդները և գլիկոպրոտեիդները (Ա. Բլեյան), տրվել է երեխաների ռևմատիզմի ակտիվության իմունակենսաքիմիական որոշ ցուցանիշների