Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներզատիչ համախտանիշների, կարճահասակության, ինչպես նաև ՀՀ տարբեր շրջաններում օստեոպորոզի պատճառների ու տարածվածության ուսումնասիրությամբ։ Ամբիոնը համագործակցում է Համառուսական ներզատաբան․ գիտական կենտրոնի, Բեռլինի Շարիտե համալսարան. հիվանդանոցի մանկ․ ներզատաբանության կլինիկայի, Խարկովի բժշկ. ինստ-ի, Ուկրաինայի հետդիպլոմային ուսուցման ներզատաբանության ամբիոնի, Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան բժշկ. ընկերակցության հետ։

Հայրեն․ ներզատաբանության համար կարևոր էր Շաքարախտով հիվանդների (նախագահ՝ Է. Հայրապետյան), Շաքարախտով հիվանդ երեխաների (նախագահ՝ Է. Փաշինյան), Կարդիո-դիաբետի (նախագահ՝ Է. Թորոմանյան), ճարպակալման (նախագահ՝ Է. Հայրապետյան) ընկերակցությունների ստեղծումը, որոնք համակարգում են շաքարախտին առնչվող տարբեր հարցերի ուսումնասիրությունները։

Էլզա Հայրապետյան


Ներքին հիվանդություններ

Ներքին հիվանդությունների (թերապիա) զարգացումը Հայաստանում պայմանավորված է ԵՊՀ բժշկ. ֆակ-ում (1930-ից՝ ԵԲԻ), այնուհետև ԵԲԻ-ում (1995-ից՝ ԵՊԲՀ), ինչպես նաև ԲԿԻ-ում (1997-ից՝ ԱԱԻ) ներքին հիվանդությունների կլինիկ․ ամբիոնների ստեղծմամբ։

Առավել մեծ են հաջողությունները պարբեր. հիվանդության (ՊՀ) ուսումնասիրման ոլորտում (այդ հիվանդությունը լայնորեն տարածված է հատկապես հայերի շրջանում)։ 1938-ին Լ. Հովհաննիսյանը և Վ. Ավագյանն աշխարհում առաջինը գիտական գրակ-յան մեջ նկարագրել են այդ հիվանդության կլինիկ. 2 դեպքեր։ ՊՀ-ի հստակ կլինիկ․ պատկերը նկարագրել է Ա. Այվազյանը 1963-91-ին՝ շճաթաղանթաբորբային նոպաներն առանձնացնելով որպես հիվանդության հիմն․ կլինիկ․ համախտանիշ։ Հաստատել է նաև, որ հանրապետությունում ՊՀ-ի դեպքերի մոտ 15 %-ն ընթանում է առանց շճաթաղանթաբորբային նոպաների՝ ընդհուպ մինչև երիկամների ամիլոիդոզի զարգացումը (Ա. Այվազյան և ուրիշներ)։ Ճշտված են շճաթաղանթաբորբային նոպաների ընթացքի մի շարք օրինաչափություններ, որոնք բարձրացնում են ՊՀ-ի ախտորոշման հստակությունը։ Ապացուցվել է, որ, առանց կանոնավոր կոլխիցինաբուժության ամիլոիդոզի հայտնաբերման, տասնամյա միջին հավանականությունը Հայաստանում 7-13 % է և, ամենակարևորը, տարիքի հետ չի նվազում։ Պարզվել են բազմաթիվ պարամետրեր, որոնք ազդում են ամիլոիդոզի առաջացման հավանականության վրա։ Հաստատվել է, որ ինֆարկտի հավանականությունը ՊՀ-ով տառապողների շրջանում բարձր է ընդհանուր միջինից, որը պահանջում է նշված քանակակազմի դեպքում կիրառել աթերոսկլերոզի կանխման ավելի ինտենսիվ միջոցառումներ։ Ապացուցվել է, որ կոլխիցինաբուժության ժամանակ տարիքի առաջացման հետ կոլխիցինի դեղաչափը չի կարելի իջեցնել։ ՀՀ-ն ԱՊՀ երկրներից առաջինն է գիտագործն. աշխատանքում ներդրել ՊՀ-ի համար պատասխանատու MEFV գենի մուտացիաների որոշումը գենետիկ․ եղանակներով (Թ. Սարգսյան և ուրիշներ), որն զգալիորեն ավելացրել է ՊՀ-ին ոչ բնորոշ դեպքերի ախտորոշման հնարավորությունները (90-95 %)՝ զգալիորեն բարձրացնելով նաև ամիլոիդոզի կանխատեսման հնարավորությունները։

Ուսումնասիրվել են ՊՀ-ի ժամանակ գերհույզի ազդեցությունը (Է. Նազարեթյան), ռևմատոլոգ. (Լ. Հովհաննիսյան), ներզատիչ համակարգի (Ռ. Շահգելդյան), ստամոքսաղիքաբան. (Վ Հարությունյան, Գ. Եգանյան), ենթաստամոքսային գեղձի (Լ. Խաչատրյան), արյան մակարդելիության (Ա. Օրդյան), ստերեոիդային նյութափոխանակության (Լ. Հովսեփյան), իմուն համակարգի (Մ. Աբրահամյան, Ա. Զավգորոդնյայա, Ս. Ղամբարով, Վ Մկրտչյան), վերարտադրող․ համակարգի (Կ. Ակունց), սրտի (Ա. Գասպարյան), թոքերի (Ա. Սարգսյան), արյան (Ս. Փաշինյան), նյարդ․ համակարգի (Է. Գևորգյան, Վ. Մարտիրոսյան) փոփոխությունները, ինչպես նաև ՊՀ-ի վիրաբուժ. (Պ. Անանիկյան) և ժառանգ. (Գ. Առաքելով) տեսակետները։ Ուսումնասիրվել են նաև ՊՀ-ի ժամանակ տարբեր օրգան-համակարգերում կազմաբան․ փոփոխությունները (Մ. Տեր-Կասպարովա)։

Աշխատանքներ են կատարվել նաև երիկամային հիվանդությունների ախտորոշման և բուժման բնագավառում (Ա. Մելիք-Ադամյան, Տ. Մնացականյան)։ Մշակվել են կլինիկ․ նեֆրոլոգիայի հարցերը, հիմնավորվել է երիկամի էրիթրոպոետինի և արգելակիչների դերը երիկամային սակավարյունության ախտածնության մեջ, ուսումնասիրվել են երիկամների ախտահարման առանձնահատկությունկերը համակարգային կարմիր գայլախտի ու կարծրամաշկության դեպքերում (Ֆ. Դրամփյան)։ Լուսաբանվել են երիկամային հիվանդությունների ժամանակ արյան անոթների թափանցելիության, լյարդի ֆունկցիոնալ տեղաշարժերի, քրոնիկ․ երիկամային անբավարարության կլինիկայի և բուժման, երիկամաավազանաբորբի իմունաբանության, միզաքարային հիվանդության պահպանող․ բուժման և այլ հարցեր (Ռ. Մամիկոնյան և ուրիշներ)։ Ուսումնասիրվել են թոքերի քրոնիկ․ ոչ առանձնահատուկ հիվանդությունների տարածվածության, ընթացքի և բուժման առանձնահատկությունները բարձրլեռն. պայմաններում (Վ. Ամատունի և ուրիշներ)։

Ալեքսանդր Այվազյան