շնորհիվ զգալիորեն բարելավվել է ստամոքսի հիվանդությունների ճիշտ ախտորոշումը (Հ. Սաղաթելյան)։ Բացահայտվել են զստակույրաղիք. շրջանի ուռուցքների և բորբոքումների ռենտգենաբան․ տարբերակիչ ախտորոշման նշանները։
Նկարագրվել են շնչափողի, բրոնխային ծառի շնչառ. գործունեությունը բնականոն պայմաններում, քաղցկեղի և թոքերի թարախակալման դեպքերում, ինչպես նաև թոքերի էխինոկոկոզի ռենտգենաբան․ ախտորոշման նոր ախտանշաններ (Ս. Հովհաննիսյան, Բ. Ֆանարջյան, Վ. Կարապետյան)։ Մշակվել են ոսկրային, միզասեռ. ու ավշային համակարգերի, լսող․ ապարատի, վահանաձև գեղձի ախտահարումների ռենտգենաբան․ տարբերակիչ ախտորոշման հարցերը, նկարագրվել են ոսկրային սարկոմաների ռենտգենաբան․ պատկերի նոր ախտանշաններ, մշակվել տարբերակիչ ախտորոշման եղանակներ (Բ. Ֆանարջյան, Ի. Տագեր)։
Մշակվել են վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման և բուժման (Գ. Ղազարյան), ինչպես նաև հանգուցավոր խպիպի չարորակված կղզյակների ռադիոիզոտոպային ախտորոշման համակցված եղանակ։ Ուսումնասիրվել են ստամոքսաղիքային համակարգի և կաթնագեղձի չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման (Հ. Գալստյան), լյարդի և ներքին այլ օրգանների ուռուցքային հիվանդությունների ռադիոակտիվ իզոտոպներով հայտնաբերման հարցերը։ Ստեղծվել է սկենագրի քանակ․ գնահատման սարք։ Ապացուցվել է կրծքագեղձի նախաքաղցկեղային հիվանդությունների և քաղցկեղի դեպքերում համակցված հետազոտությունների անհրաժեշտությունը (Մ. Աթանեսյան)։
XXI դ-ի սկզբին ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնից առանձնացվել է ճառագայթային ախտորոշման ամբիոնը (վարիչ՝ Ա. Համբարձումյան)։ ՀԲԸՄ-ն և Թոմաս Ջեֆերսոնի անվան անդրաձայնային հետազոտությունների և կրթության ինստ-ը ԵՊԲՀ-ում բացել են անդրաձայնային ուսուցող․ համալսարան․ կենտրոն (հիմնադիր՝ Ֆիլադելֆիայի Ջեֆերսոնի համալսարանի պրոֆ. Լևոն Նազարյան), որտեղ անդրաձայնային հետազոտության ամենաարդիական սարքերի օգնությամբ կատարվում են ներքին օրգանների, մասնավորապես սրտի համակողմանի հետազոտություններ (տնօրեններ՝ Ա. Համբարձումյան, Հ. Սիսակյան)։ Ամբիոնի գերակա ուղղությունը չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումն է։
2010-ին ՀԲԸՄ-ի մասնակցությամբ ԵՊԲՀ-ում բացվել է Լևոն և Քլոտիա Նազարյաններ ռադիոլոգիայի կենտրոնը, որը ճառագայթային ախտորոշման ամբիոնի (վարիչ՝ Գ. Ավետիսյան) հիմն․ հենակետն է։ Կենտրոնում տեղադրված ճառագայթային ախտորոշման նորագույն սարքավորումների օգնությամբ մշակվել են գլխուղեղի, ողնաշարի, ողնուղեղի, անոթների և ներքին օրգանների ախտահարումների վաղ ախտորոշման մի շարք եղանակներ (Գ. Ավետիսյան)։
Սեքսոպաթոլոգիա
Սեքսոպաթոլոգիան ՀՀ-ում ձևավորվել է 1977-ից, երբ Երևանի քաղաքային 3-րդ կլինիկ․ հիվանդանոցի հիմքի վրա ստեղծվել է սեքսոլոգ. ծառայություն։ Այն, աստիճանաբար զարգանալով, վերածվել է կլինիկ․ բժշկության ինքնուրույն ճյուղի և 1980-ին քաղաքային 1-ին կլինիկ. հիվանդանոցի տարածքում գործել է որպես Ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոն (հիմնադիր՝ Լ. Միանսարյան), որը միավորվել է քաղաքային 2-րդ ծննդատան հետ՝ պահպանելով սեքսոլոգ. օգնության ֆունկցիոնալ ինքնավարությունը։
ՀՀ-ում սեքսոլոգ. ծառայության ցանցն ավելի է ընդարձակվել, երբ 1997-ին համալրվել է քաղաքային № 11 պոլիկլինիկայի հիմքի վրա գործող Վերականգնող․ սեքսոպաթոլոգիայի քաղաքային կենտրոնով (հիմնադիր՝ Կ. Թոփչյան)։
1998-ին ԵՊԲՀ-ում Մ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ բացվել են Սեքսոպաթոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոն ու կլինիկա։ Ամբիոնի ստեղծմանը մեծապես նպաստել են Ռ. Դավթյանը, Գ. Գալստյանը, Կ. Սարաֆյանը։ Ամբիոնը ղեկավարել են ՀՀ ԱՆ գլխավոր սեքսոպաթոլոգ Ա. Հակոբյանը (2000-10), 2010-ից՝ Ս. Հակոբյանը։
Ամբիոնում ուսումնական գործընթացին, ԳՀ և բուժ-ախտորոշիչ աշխատանքներին զուգընթաց իրականացվում են սեքսոլոգ., սեքսոլոգահոգեբուժ. ու դատասեքսոլոգ. համալիր փորձաքննություններ։
Տպագրվել են նաև ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր։
Ամբիոնում ուսումնասիրվում են շաքարային դիաբետով (Ա. Հակոբյան), նևրոզներով (Մ. Զաքարյան), տղամարդու անպտղությամբ (Ս. Հակոբյան), սեռ. դաստիարակության սխալներով պայմանավորված սեռ. խանգարումները (Վ. Շահրամանյան), ԵՊԲՀ-ում սովորող տղաների մարմնասեռ. զարգացման առանձնահատկությունները (Գ. Վարդանյան), սեռ. ցանկության խնդիրները (Ն. Ներսիսյան), ՀՀ ԶՈՒ-ում ծառայողների գիշերամիզության ու սեռ. խանգարումների փոխկապվածության (Ա. Գրիգորյան) և այլ հարցեր։ Նշված ուղղություններով կատարվող հետազոտությունների մակարդակն ու ամբիոնում մշակված «Սեքսոլոգիա» առարկայի մեթոդաբանությունը և սեռ. խանգարումների ախտորոշման, բուժման ու կանխարգելման սկզբունքների հստակ պատկերացումները վկայում են ՀՀ-ում ձևավորված և բարեհաջող զարգացող սեքսոպաթոլոգ. դպրոցի մասին։