Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ախտածագման հարցեր, ուսումնասիրվել են լիպոպերօքսիդացումը և հակաօքսիդանտային պաշտպանվածությունը էրիթրոցիտների թաղանթի մոդելի վրա՝ հաշվի առնելով նրա ֆոսֆոլիպիդային կառուցվածքը և թաղանթակայունացնող դեղամիջոցների ազդեցությունը։ 2004-ից աշխատանքներ են կատարվում ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի և քրոնիկ. C լյարդաբորբի կլինիկահամաճարակաբան., իմունաախտածագումնային առանձնահատկությունների պարզաբանման ուղղությամբ։

2010-ից ուսումնասիրվում են նաև ՀՀ-ում աղիք․ վարակների համաճարակաբանության, ախտորոշման, կլինիկայի և բուժման նորագույն մոտեցումների մշակման ու կիրառման խնդիրները։

Վերջին տասնամյակում ամբիոնում տպագրվել են շուրջ 15 մենագրություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ և այլն։ Եվրասիական արտոնագրային կազմակերպությունը շնորհել է մեկ հայտնագործության վկայագիր (№ 004203, 2004)։

Ամբիոնը համագործակցում է Մոսկվայի Ի. Սեչենովի անվան բժշկ., Ս. Պետերբուրգի բժշկ. հետդիպլոմային մասնագիտացման, Դոնի Ռոստովի բժշկ. համալսարանների, Էմորիի (ԱՄՆ) համալսարանի բժշկ. դպրոցի վարակաբանության ամբիոնի և Փարիզի համալսարանի լյարդաբանության բաժանմունքի հետ։

Նաիրա Գյուլազյան


Վիրաբուժություն

Հայաստանում վիրաբուժ. ծառայության կագմակերպմամբ սկիզբ է դրվել երկրամասային հիվանդությունների (մալարիա, բրուցելոզ, էխինոկոկոզ, ասկարիդոզ, դիզենտերիա) վիրաբուժ. բարդությունների կանոնավոր ուսումնասիրությանը։ Հետազոտվել են մալարիայի ժամանակ «սուր որովայնի» (Ի. Գևորգյան), մալարիային սպլենոմեգալիայի (փայծաղի մեծացում), թարախակույտերի ախտանշագիտության և կլինիկայի, վերքերի լավացման, արյան մակարդող համակարգի վրա մալարիայի ազդեցության (Ռ. Յոլյան) հարցերը։ Մշակվել է բրուցելոզի վիրաբուժ. բարդությունների ախտորոշման շճաբան. ռեակցիայի արագ եղանակ (Ա. Մինասյան), հնարավոր է դարձել բրուցելոզի դեմ նախապես անընկալունացված դոնորներից վերցրած արյան պահածոյացումը (Ա. Մինասյան, Ք. Անտոնյան)։ Հետազոտվել են ասկարիդոգի ախտածնության, կլինիկայի, բուժման և վիրաբուժ. բարդությունների հարցերը (Վ. Մալխասյան)։

Ուսումնասիրվել են էխինոկոկոզի տարածվածությունը երկրում, մշակվել և առաջարկվել է բազմաբշտային էխինոկոկի առաջացման սխեմա (Ի. Գևորգյան, Է. Մարտիկյան), կատարվել է էխինոկոկի բշտի հեռացում փայծաղից՝ վերջինիս պահպանմամբ (Վ. Սարուխանյան)։

Կրծքային վիրաբուժության բնագավառում դեռևս 1950-ական թթ-ից Ս. Ավդալբեկյանը կատարել է թոքերի վիրահատություններ, 1956-ին՝ թոքի էխինոկոկոզի բուժման փորձ։ Մինչ այդ կատարվել են կրծքավանդակի օրգանների եզակի պլանային միջամտություններ, սակայն հաճախակի էին վիրահատությունները կրծքավանդակի վիրավորումների և փակ վնասվածքների դեպքերում։ Գ. Մելքոնյանը կերակրափողի կրծքային հատվածի մասնահատման փորձեր է արել, Գ. Միրզա-Ավագյանը վիրահատության միջոցով սրտամկանից հաջողությամբ հեռացրել է փամփուշտը։

Կրծքային վիրաբուժության հետագա զարգացումը պայմանավորված է 1962-ին ԲԿԻ-ում (1997-ից՝ ԱԱԻ) Ս. Ավդալբեկյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի հիմնադրմամբ։ Ամբիոնում, նրան կից լաբորատորիայում և կրծքային վիրաբուժության բաժանմունքում կատարվել են կրծքային վիրաբույժների պատրաստման, թոքերի հիվանդությունների ախտորոշման ու բուժման աշխատանքներ (Ս. Ավդալբեկյան, Ս. Երամյան, Վ. Ափոյան և ուրիշներ)։ Առաջին անգամ հանրապետությունում կատարվել են սրտապարկի (պերիկարդ) խոռոչի (Վ. Ափոյան, Հ. Սարկավագյան), թոքի հեռացումից հետո հակառակ կողմի կրծքամզային խոռոչի (Վ. Ափոյան, Հ. Սարկավագյան, Ա. Վեմյան) միջով գլխավոր բրոնխների խուղակների վերացման վիրահատություններ։

Առաջին անգամ առաջարկվել է զույգ թոքի էխինոկոկային ախտահարման դեպքում էխինոկոկի բշտերի միաժամանակյա հեռացման ընդհանուր մուտքի ստեղծման եղանակ՝ միջային կրծոսկրահատում (ստերնոտոմիա)։ Կլինիկայում մշակվել են