հարցերը, վերքային վարակը կանխելու նպատակով կիրառվել է կենսբ. հատուկ մանրէային միջավայր ունեցող խցիկ։ Զբաղվել են հետվնասվածքային բարդությունների (կծկանքներ, ձևախախտումներ) պահպանող․ և վիրահատ․ բուժման հարցերով (Գ. Մհոյան և ուրիշներ)։
Օրթոպեդիայի բնագավառում կատարված հետազոտությունները վերաբերում են հենաշարժ. համակարգի զարգացման բնածին (ազդրի հոդախախտ, ծռավզություն, ծռաթաթություն) և ձեռքբերովի արատների բուժման եղանակներին։ Ներդրվել է կրծքավանդակի ու ողնաշարի ծռումներով (սկոլիոզ, կիֆոզ) երեխաների վիրահատ․ բուժման եղանակ (Գ. Խաչատրյան)։ 1986-ից Հանրապետական մանկ․ օրթոպեդիայի հիվանդանոցում զբաղվում են նաև բազմամատության, կտցամատության, ազդրի մոտակա հատվածի ձևախախտումների, ազդրի բնածին հոդախախտումների վիրահատ. բուժմամբ։
Ներդրվել են մեծահասակների կոնքազդրային և ծնկահոդի ձևախախտող հոդախտի պահպանող․ և վիրահատ․ բուժման եղանակներ, ուղղիչ ոսկրահատումներ, օգտագործվել են Սիվաշի և այլ ներքին պրոթեզներ, Գուդուշաուրիի կորունդային կափարիչներ (Ա. Մինասյան)։ Ծնկահոդի հիվանդությունների բուժման ու ախտորոշման նպատակով ՀՀ-ում կիրառվում է վիրահատ․ հոդադիտակ՝ արթրոսկոպ [Վ. Նաջարյան (ԱՄՆ), Ա. Սոֆյան, 1985]։ Ուսումնասիրվել են խողովակավոր ոսկրերի կոտրվածքներից հետո հենունակության վերականգնման հարցերը, ներդրվել են բուժ․ ֆիզկուլտուրայի եղանակներ, առաջարկվել են մի շարք գործիքներ, հարմարանքներ, սարքեր (Գ. Մինասյան)։ Լայնորեն կիրառվել են Գուդուշաուրիի, Իլիզարովի, Վոլկով-Հովհաննիսյանի, Կալնբերգի, Վարդանյանի և ուրիշներ ճնշող-ձգող ապարատներով բուժումը։ Պրոթեզների գործարանում պատրաստում են պրոթեզներ, օրթոպեդ, կոշիկներ, սեղմիրաններ։
1988-ի ավերիչ երկրաշարժից հետո և Արցախյան հերոսամարտի տարիներին ՎՕԳՀԻ-ն դարձավ հենաշարժիչ համակարգի բազմակի, բարդ, մեծ էներգիայով հարուցված և հրազենային վնասվածքներով հիվանդների ու զինվորների բուժման ու վերականգնման հիմն․ հենակետը։ ՎՕԳՀԻ-ում բուժվել են երկրաշարժից և պատերազմից տուժած ավելի քան 5 հազար քաղաքաց. անձինք ու մարտիկներ։ Զինվորների գրեթե 80 %-ն ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմի դաշտ։ Այդ ծանր և հայրենանվեր գործում իրենց ավանդն ունեն Վ. Այվազյանը, Հ. Գրիգորյանը, Ա. Չարչյանը, Գ. Թումյանը, Մ. Մանասյանը, Գ. Վարդևանյանը, Գ. Մհոյանը, Կ. Քոլոյանը, Շ. Վարդանյանը, Ս. Սեկոյանը, Ա. Սոֆյանը, Ս. Վարդանյանը, Ա. Զարացյանը, Է. Ղարիբյանը և ուրիշներ։ Վ. Այվազյանի գլխավորությամբ վերանայվել են և առաջադրվել հրազենային վնասվածքների բուժման ժամանակակից սկզբունքներ, հայեցակարգեր ու մեթոդաբանություն։ Հիմնավորվել և լայնորեն կիրառվում է ֆունկցիոնալ կայուն ոսկրամիացումը, որի դեպքում, կոտրվածքի կայուն ամրացման շնորհիվ, անատոմ. վերականգնումից շատ ավելի վաղ վերականգնվում է ախտահարված վերջույթի ֆունկցիան (Վ. Այվազյան, Գ. Թումյան, Հ. Գրիգորյան, Ա. Չարչյան)։
ՀՀ-ում վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում կտրուկ շրջադարձ է 1989-ից կոնքազդրային և ծնկահոդի ամբողջական և մասնակի ներքին պրոթեզավորման լայնորեն կիրառումը (Վ. Այվազյան, Ա. Չարչյան)։ Խոշոր հոդերի՝ ծնկահոդի, կոնքազդրային, ուսային և սրունքթաթային հոդադիտակով վերականգնող․ վիրահատությունները կատարվում են 7 կլինիկաներում, ներքին պրոթեզավորումը՝ ՀՀ գրեթե բոլոր մարզերում։
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում ակնհայտ է նաև գիտական առաջընթացը, մշակվել և հաջողությամբ ներդրվել են ոսկրանյութի արատների ու անբավարարության պայմաններում պատվաստման դրույթները (Ա. Այվազյան), կոնքազդրային հոդի ախտահարումների և ժամանակակից բուժման սկզբունքները (Ա. Չարչյան), վերջույթների՝ Իլիզարովի եղանակով կոսմետիկ երկարացման հիմնահարցերը (Ա. Միրզոյան), ոսկրաբորբի բուժման սկզբունքները, ոսկրային պլաստիկայի առանձնահատկություններն ու կիրառման եղանակները (Վ. Այվազյան, Է. Ղարիբյան), կարբոնային կոմպոզիցիոն նյութերի կիրառումը (Ա. Զարացյան)։