Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Պատմ. աղբյուրները վկայում են, որ Հայաստանի տարածքում դեռևս 3 հազար տարի առաջ զբաղվել են վնասվածքների և վերքերի բուժմամբ։
XIII դ-ի բժշկապետ Գրիգորիսն իր «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» (հրտ.՝ 1962) աշխատության մեջ մանրամասնորեն նկարագրել է ողնուղեղի տարբեր վնասվածքներից առաջացած հիվանդությունների և ողնաշարի առանձին հատվածների վնասվածքների կլինիկ․ պատկերը։ Միջնադարյան Հայաստանում խոր վերքերը կարելու համար օգտագործել են մետաքսաթել, մակերեսային վերքերի եզրերը մոտեցրել և սոսնձել են խեժանման դեղանյութերով։ Մարմնի տարբեր հատվածների բնածին ու ձեռքբերովի ծռվածությունները բուժել են յուրահատուկ եղանակներով, կոշտ ուռուցքները մաշեցնելու և ծռված ոսկրերն ուղղելու նպատակով օգտագործել են «խոնավ զուֆան» (ոչխարի դմակի վրայի ճարպը՝ ներծծված խոտերի կաթնահյութով)։
XV դ-ի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին «Օգուտ բժշկութեան» (1469, հրտ.՝ 1940) աշխատության մեջ մանրամասնորեն նկարագրել է վնասվածքների, հենաշարժ. ապարատի բնածին ու ձեռքբերովի հիվանդությունների կլինիկ․ պատկերը, բուժումը և ցավազրկումը։ Գլխի վնասվածքների ժամանակ վերքի եզրերը մոտեցրել և կարել են պողպատե ասեղով, գանգի կոտրվածքի դեպքում հեռացրել են ոսկրաբեկորները, ապա՝ կարել։ XVII դ-ի բժիշկ, Սեբաստիայի բժշկ. դպրոցի ներկայացուցիչ Բունիաթ Սեբաստացին «Գիրք բժշկութեան» (1630, հրտ.՝ 1987) աշխատության մեջ կարևորել է վնասվածքների նկարագրությունը և բուժումը։ Պետրոս Քալանթարյանն իր «Բժշկարան համառօտ» գրքում (1793) 2 գլուխ նվիրել է վնասվածքաբանության հարցերին։
Արլ. Հայաստանում, Ռուսաստանին միանալուց հետո, վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում աշխատել են բարձրագույն կրթությամբ բժիշկներ Սեմյոն Լոռու-Մելիքյանը, Գևորգ Տեր-Կարապետյանը (կատարել է ոսկրապատվաստման վիրահատություն), Հովհաննես Հովհաննիսյանը (կատարել է ծռաթաթության, մկանային ծռավզության շտկման և այլ վիրահատություններ)։
XX դ-ի 20-ական թթ-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ի վիրաբուժ. կլինիկաներում Հ. Քեչեկը, Մ. Շարիմանյանը, Հ. Միրզա-Ավագյանը, Մ. Կարապետյանը և ուրիշներ կազմակերպել են մասնագիտացված վնասվածքաբան․ և օրթոպեդ. օգնություն։
Վնասվածքաբանութան և օրթոպեդիայի բնագավառի գիտական հետազոտություններն սկսվել են 1946-ին՝ Երևանի օրթոպեդիայի և վերականգնող․ վիրաբուժության ԳՀԻ-ում [1959-ից՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ (ՎՕԳՀԻ), 1962-ից՝ Ք. Պետրոսյանի անվ․, 1996-ից՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային կենտրոն]։
Վնասվածքաբանութան և օրթոպեդիայի ամբիոններ են գործում ԵՊԲՀ-ում (հիմնադիր-վարիչ՝ Ս. Թումյան՝ 1971-91, ապա՝ Ա. Զարացյան՝ 1991-2006, Ա. Չարչյան՝ 2006-ից) և ԱԱԻ-ում (վարիչ՝ Վ. Այվազյան՝ 1991-ից)։
Սկզբն. շրջանում ինստ-ում կատարվել են Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) հաշմանդամների հաշվառման և հիվանդանոցային բուժման միջոցառումներ, որոնց շնորհիվ վերականգնվել է հաշմանդամների 89,5 %-ի աշխատունակությունը։ Այնուհետև ուսումնասիրվել են գյուղատնտեսական, տրանսպորտային, մանկ., դպրոց․ և սպորտային վնասվածքների հիմն․ պատճառները, մշակվել կանխարգելման արդյունավետ միջոցներ։ Զբաղվել են ռազմ․ վնասվածքների ուսումնասիրությամբ և մշակել վերականգնման եղանակներ։ Առաջարկվել և ներդրվել են մատների ու հոդերի կծկանքի, ծռաթաթության բուժման սարքեր, մեքենաբուժության էլեկտր․ ապարատ, ոսկրահատման վիրաբուժ. սեղան։ Հետազոտվել են ազդրի բնածին հոդախախտման ախտածնության, հանրապետությունում նրա տարածվածության և բուժման հարցերը (Ք. Պետրոսյան)։ Մշակվել և ներդրվել են վերջույթների ծայրատման ու կրկնածայրատման, փակեղափոխպատվաստման վիրահատությունների եղանակներ (Ի. Իսահակյան), դաստակի և ոտնաթաթի ոսկրերի կոտրվածքների ապարատային բուժման, մետաղե կառուցվածքների կիրառումով երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների վիրահատ․ բուժման (Ս. Թումյան) եղանակներ։ Զբաղվել են բազմաքանակ կոտրվածքներով հիվանդների բուժման, կոտրվածքի տեղում միկրոտարրերի փոխանակության, սերտաճման խթանման հարցերով (Ս. Մուշեղյան և աշխատակիցներ)։ Ուսումնասիրվել են խողովակավոր ոսկրերի կոտրվածքների դեպքում կատարվող կայուն ոսկրամիացման (օստեոսինթեզ) պայմանները և եղանակները, շաքարախտով հիվանդների ստորին վերջույթների կոտրվածքների բուժման հարցերը (Հ. Աստվածատրյան և ուրիշներ)։ Լուսաբանվել են չսերտաճող կոտրվածքների, կեղծ հոդերի, ոսկրածուծաբորբի (օստեոմիելիտ) և ոսկրային հյուսվածքի պակասի դեպքում ոսկրերի ամբողջականության վերականգնման շարժընթացների խթանման նոր ուղիներ (Լ. Կոստանդյան)։ Մշակվել է ոսկրային մատրիքսի ստացման արդյունավետ եղանակ, ոսկրային մատրիքսի պատրաստման և պահածոյացման պայմանները։ Առաջարկվել են շյուղերի խրձով ոսկրաբեկորների սևեռումով՝ կոտրվածքների բուժման, հարզարկերակային սիմպաթէկտոմիայով՝ Զուդեկի հիվանդության բուժման եղանակներ (Ի. Հովսեփյան և աշխատակիցներ)։
Մանկ․ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում մշակվել են երեխաների ներհոդային կոտրվածքների ու դրանց բարդությունների բուժման