Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես անասնաբուծության բնագավառ, ձևավորվել է 1930-ական թթ-ին, երբ Աշոտ Ռուխկյանի ղեկավարությամբ կատարվել են գիտափորձարար. հետազոտություններ։ Հետագայում մշակվել են տեղական լավագույն ոչխարների ցեղերի տոհմային հատկանիշների կատարելագործման և պահպանման արդյունավետ ուղիներ (Ա. Ռուխկյան, Միքայել Քարամյան և ուրիշներ), հետազոտվել (Մ. Քարամյան, Կ. Պետրոսյան, Լև Մինասյան, Գ. Տողանյան, Յու. Մարմարյան և ուրիշներ) ոչխարաբուծության որակական բարելավման և տոհմային գործի խնդիրները, ստեղծվել են կիսանրբագեղմ լավագույն հոտեր հանրապետության տարբեր գոտիների տնտեսություններում, ուսումնասիրվել դրանց մթերատվության ձևավորման և կենսբ. առանձնահատկություններն օնտոգենեզում (Լ. Մինասյան, Յու. Մարմարյան և ուրիշներ)։ 1989-ին հաստատվել է հայկական կիսակոպտաբուրդ ոչխարների ցեղը (հեղ-ներ՝ Ա. Ռուխկյան, Մհեր Մելքոնյան և ուրիշներ)։

2000-ից ձեռնարկվել են տեղական այծերի փոփոխակների բարելավման աշխատանքներ։

ՀՀ ներկրված զաանենյան, ալպյան, նուբյան, թոգենբուրգյան և տեղական այծերի տրամախաչման, ընտրասերման, զույգընտրության առանձին մեթոդների կիրառմամբ ստեղծվել են տարբեր սերունդների խառնածիններ։ Կաթնատու այծերի բուծման աշխատանքներն իրականացրել են ՀՊԱՀ-ի գիտնականները (Յու. Մարմարյան, Վ. Աբրահամյան և ուրիշներ), Գյուղի զարգացման և ագրոբիզնեսի հիմնադրամի (Գագիկ Սարդարյան, Նարինե Բաբայան) ու գյուղատնտեսական արտադրության աշխատողները։

Մեղվաբուծություն։ ԳՀ աշխատանքները վերաբերում են մեղվաբուծության զարգացման պատմությանը, հայկական գորշ և դեղին մեղուների, նրանց պոպուլացիաների կենսբ. ու մթերատու առանձնահատկությունների ուսումնասիրությանը, մեղվաընտանիքների բազմացմանը, օժանդակ մայրերի օգտագործմանը, հիբրիդների ստեղծմանը, ինչպես նաև հայկական մեղուների գենոֆոնդի պահպանությանն ու կատարելագործմանը (Անդրանիկ Կոթողյան, Աշոտ Մարկոսյան, Նորակ Հակոբյան և ուրիշներ)։

1990-ական թթ-ի կեսերից ԳՀ աշխատանքներ կատարվում են ՀՊԱՀ-ում և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեղվաբուծ. ԳՀ կայանում (տնօրեն՝ Ռոզա Ծառուկյան)։

Ձիաբուծություն։ ԳՀ աշխատանքները վերաբերում են Հայաստանում ճյուղի զարգացման պատմությանը (Գևորգ Ափինյան, Իշխան Պողոսյան)։

Շերամապահություն։ Մշակվել ու ստեղծվել են թթենու շերամի կլոնային բուծման տեխնոլոգիա, արժեքավոր կլոններ և բուծման աշխատանքների մեքենայացման կենսբ. հիմունքներ (Սանատրուկ Սարգսյան)։

Յուրի Մարմարյան


ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Անասնաբուժ. միջամտությունները Հայաստանում հայտնի են դեռևս կենդանիների ընտելացման, վարժեցման և տնտեսական նպատակներով նրանց օգտագործման ժամանակներից։ Բուժման նպատակով գործածել են դեղաբույսեր, հավկիթ, կենդանիների ճարպ և այլն։ Միջին դարերում տարբեր վերքերի, հոդախախտումների, ջարդվածքների և այլ դեպքերում կատարվել է վիրաբուժ. միջամտություն։ Տարբեր ժամանակներում և հատկապես X դ-ից սկսած Հայաստանում ստեղծվել կամ թարգմանվել են անասնաբուժ. բնույթի գրվածքներ («Բժշկարան վասն ձիոյ ու ջորոյ...», Մատենադարան, ձեռ. № 459, «Վասն հիվանդութեանց անասնոց», ձեռ. № 9102, «Ի գրաստոց բժշկարանէն փոխած», «Բազմավեպ», 1867, № 12, «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ», հրտ.՝ 1980, և այլն)։ Հայաստանում անասնաբուժ. գիտությունն սկսել է զարգանալ գիտական հիմնարկների և ծառայությունների լայն ցանցի ստեղծումից հետո։ 1927-ին Երևանում հիմնադրվել է Հակաժանտախտային անասնաբուժ. կայանը, 1928-ին՝ Անդրկովկասի անասնաբուժ. [1930-ից՝ Երևանի անասնաբուծա-անասնաբուժ. (2005-ից՝ ՀՊԱՀ)] ինստ-ը, 1930-ին՝ Անասնաբուժ. ԳՀԻ-ն (1956-81-ին՝ Հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ-ի կազմում), 1960-ին՝ Գյուղատնտեսական կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ԳՀ լաբորատորիան (1981-ին միացվել է Հայկական անասնաբուժ. ԳՀԻ-ին)։ 1998-ին Անասնաբուծության և Անասնաբուժության ԳՀԻ-ների միավորմամբ ստեղծվել է Անասնաբուծության և անասնաբուժության գիտ. կենտրոն, 2005-ից ՀՊԱՀ-ի կազմում գործում