Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ատոմային էներգետիկա

Այս բնագավառի հետազոտություններն սկսվել են 1970-ական թթ-ի սկզբներից՝ Համամիութ. «Էներգիա» ԳԱՄ-ի կազմում ստեղծված Ատոմային էներգետիկայի ԳՀԻ-ի Երևանի բաժանմունքում (1976-ից՝ մասնաճյուղ), որտեղ մշակվել ու ներդրվել են ԱԷԿ-ը շահագործող անձնակազմի պատրաստման համար զանազան ուսումնավարժ. միջոցներ (մարզասարքեր), նաև ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովող հակասեյսմիկ պաշտպանության համակարգեր։ Այդ հարցում զգալի ավանդ ունի ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետկոմի նախագահ (1962-82) Անդրանիկ Պետրոսյանցը։

ՀԱԷԿ-ում (1970-76), որը սեյսմաակտիվ գոտում կառուցված առաջին ԱԷԿ-ն էր ԽՍՀՄ-ում, օգտագործվել են ակադ. Ա. Նազարովի ղեկավարությամբ կատարված սեյսմակայունության ու հուսալիության հաշվարկները։

1989-ին ՀԱԷԿ № 1 և № 2 էներգաբլոկների աշխատանքի դադարեցումը (բնապահպան. նկատառումներով) և ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած քաղաքական իրադարձությունները 1990-93-ին հանրապետությունում առաջացրել են էներգետիկ․ ճգնաժամ։ Հարկ եղավ վերանայել ՀԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու հնարավորությունը. կատարված գիտատեխ. ուսումնասիրությունների, անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների շնորհիվ 1995-ի նոյեմբ. 5-ին վերսկսվել է № 2 էներգաբլոկի շահագործումը։ Ապացուցվել է նաև ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոն. ակտիվ խզվածքի բացակայությունը։ Ներկայումս անվտանգության ապահովման հետազոտ․ աշխատանքներն ու միջոցառումները շարունակվում են և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտ. վերահսկողության տակ են։

Շահագործող անձնակազմի արհեստավարժությունը բարձրացնելու նպատակով «Հայատոմ» ինստ-ը ֆրանս. «CORYS T.E.S.S.» ընկերության հետ մշակել և ՀԱԷԿ-ում ներդրել է համալիր վարժասրահ։ Ատոմային էլեկտրակայանների ռուսաստանյան ԳՀԻ-ի (РНИИАЭС, Մոսկվա) հետ համագործակցության շրջանակներում ՀԱԷԿ-ում ներդրվել են ախտորոշիչ համակարգեր, իսկ DSRS (ԱՄՆ) ընկերության հետ համատեղ գիտատեխ. մշակումների արդյունքում № 2 էներգաբլոկում կիրառվում է անվտանգության պարամետրերի ներկայացման համակարգ։


ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Հելիոէներգետիկա

Այս բնագավառի կանոնավոր հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1960-ական թթ-ին՝ Հոսանքի աղբյուրների համամիութ. ԳՀԻ-ի՝ 1964-ին ստեղծված հայկական բաժանմունքում։ Այստեղ են արտադրվել ԽՍՀՄ-ում առաջին արևային մարտկոցները, որոնց հիման վրա կառուցվել են մինչև 10 կՎտ հզորության արևային լուսաէլեկտրակայաններ։ Ստեղծվել են 1,5, 2 և 10 կՎտ հզորությամբ բարձրջերմաստիճանային արևային վառարաններ, մշակվել է դրանցով դժվարահալ ու հատուկ նշանակության գերմաքուր նյութերի ջերմալուսասինթեգի տեխնոլոգիա։ Ստեղծվել են կիսահաղորդչային կատալիզորդների միջոցով ջրից ջրածնի ստացման արևակայանքներ։

Թեև արեգակնային տեխնոլոգիաները Հայաստանում զանգվածային կիրառում չեն ստացել, սակայն հանրապետությունում արդեն տեղակայված են տարբեր կառուցվածքային առանձնահատկություններով տասնյակ արեգակնային ջրատաքացուցիչ համակարգեր, որոնք նախատեսված են ջրի տաքացման, լողավազանների ջրատաքացման, սրահների տաքացման և հովացման համար։ Շարունակվում են լուսաէլեկտրահամակարգերի մշակումները։ 1990-ին Գյումրիում (Բայրոնի անվան դպրոց) ջեռուցման նպատակով տեղակայվել է խոշորագույն ինքնավար էլեկտրամատակարարման համակարգ։ ԱՊՀ երկրներից առաջինը ՀՀ-ում են իրականացվել գիտատեխ. աշխատանքներ՝ ցանցային լուսաէլեկտրակայան ստեղծելու ուղղությամբ։ Շուրջ 10 կՎտ հզորությամբ այս կայանը տեղադրված է Հայ-ամերիկյան առողջապահ-յան կենտրոնի շենքում։ Շարունակվում են ԳՀ աշխատանքները տարբեր կառուցվածքների հայելիների կիրառմամբ հզոր արեգակնային կայանների և նոր տեսակի բարձրարդյունավետ լուսաէլեկտրափոխակերպիչների մշակման ուղղությամբ։

Հողմային էներգետիկա

1999-ին Հոլանդիայի կառավարության դրամաշնորհով Հայաստանում իրականացվել է քամու էներգիայի մշտադիտարկում։ 2011-ին հանրապետությունում արդեն իրականացվել են հետազոտություններ Պուշկինի, Սելիմի, Քարախաչի լ-անցքներում, Արդանիշ ավանում (Սևանա լճի ավազան) և Արփի լճի մոտակայքում։ Պուշկինի լ-անցքի հետազոտման ծրագիրն իրականացվել է 1999-2002-ին, պատրաստվել է գործարար առաջարկություն՝ 20 ՄՎտ հզորության հոէկ կառուցելու համար։

2000-ին «Սոլարէն» ընկերությունը, կատարելով հողմաէներգետիկ. ներուժի գնահատման պաշարաբան. հետազոտություն, ընտրել է հողմաէներգետիկ. կայանների շին-յան համար հեռանկարային տարածքներ։ NREL (ԱՄՆ) ընկերության հետ համատեղ աշխատանքներ են կատարվում՝ Հայաստանի հողմաէներգետիկ. քարտեգագիրք ստեղծելու համար։

Հանրապետությունում տեղակայվել է մոնիթորինգի 14 կայան։ Պաշարաբան. հետազոտություններով պարզվել է ՀՀ-ում քամու էներգիայի օգտագործման հեռանկարայնությունը։