Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կենսագազային կայանքներ

Գոմաղբի և արեգակնային ջրատաքացուցիչ համակարգի համակցությամբ կենսագազ ստանալու առաջին կայանքներն ստեղծվել են 1998-ին Ապարանում՝ խոշոր եղջերավորների անասնապահ․ ֆերմայում, հետագայում՝ նաև Եղվարդում ու Բաղրամյանում։ Լուսակերտի թռչնաբուծ. ֆաբրիկայում ստեղծվել է ՀՀ-ում խոշոր կենսագազային կայանքը։ Այն բաղկացած է 50 մ3 ծավալով մեթանթենկից (բանող ազդանյութի ծավալը՝ 35 տ) և 70 մ3 ծավալով չոր գազամբարից։ Կայանքն ունի բանող զանգվածի նախնական պատրաստման համակարգ (բարբոտաժի, մանրացման և այլն)։ Գազի օրական արտադրությունը 90-135 մ3 է, օգտագործվում է թռչնաֆաբրիկայի կարիքների համար։

2003-ին Երևանում՝ «Ագրոսերվիս» ընկերության տարածքում, շահագործման է հանձնվել 25 մ3 ծավալի ռեակտորով կենսագազային կայանք՝ խոշոր եղջերավոր անասունների գոմաղբի կենսբ. մշակման (օրական 50 մ3 կենսագազի արտադրությամբ) և բարձրորակ օրգ. պարարտանյութի ստացման համար։

Հանրապետությունում շարունակվում են գիտատեխ. ուսումնասիրությունները կենսագազային կայանքների արդյունավետության բարձրացման և համակցված տեղակայանքների մշակման ուղղությամբ։ ՀՀ-ի համար հեռանկարային են նաև տրանսպորտային կենսավառելիքների՝ կենսաէթանոլի և կենսադիզելի ստացման և օգտագործման հետազոտությունները։

Վառելիքային տարրեր

Վառելիքային տարրի (հիմնված է ջրածնի և թթվածնի միջև էլեկտրաքիմիական ռեակցիայի վրա) առաջին մշակողներից է ՀՀ-ում 2002-ին ստեղծված «Հաշ դվա էկոնոմի» ընկերությունը։ Այն, գիտական հետազոտություններից բացի, կատարում է նաև առևտր. բնույթի մշակումներ և կազմակերպում ջրածնային վառելիքային տարրերի, դրանց հետ կապված բաղադրամասերի ու առարկաների արտադրություն։


ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ, ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱ

Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացումն սկսվել է 1950-ական թթ-ի կեսերից։ 1954-55-ին հայ գիտնականները (Թ. Տեր-Միքայելյան և ուրիշներ) Մոսկվայում Ա. Իոսիֆյանի և Ի. Բրուկի ղեկավարությամբ մասնակցել են ԽՍՀՄ-ում 1-ին ԷՀՄ-ներից մեկի՝ Մ-3-ի մշակմանը, որի կատարելագործված տարբերակը՝ «Գոհար» անվանումով, հետագայում օգտագործվել է ՀԽՍՀ ԳԱ-ում։ Այդ ժամանակաշրջանում ԵՊՀ էլեկտրոնիկայի ամբիոնում կատարվել են էլեկտրոնիկայի, մասնավորապես՝ կիսահաղորդչային էլեկտրոնիկայի բնագավառի ԳՀ աշխատանքներ (Հ. Անժուրի, իսկ ավելի ուշ՝ Հ. Աթոյանի ղեկավարությամբ)։ ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի ինստ-ում մշակվել են տիեզ. ճառագայթների (ՏՃ) գրանցման և ուսումնասիրման էլեկտրոնային սարքեր (Մ. Այվազյան և ուրիշներ)։

1960-ական թթ-ին կատարվել են նաև ուժային տրանզիստորների տեսության (Գ. Ավագյանց և ուրիշներ), ունիվերսալ սնման աղբյուրների (Ժ. Մկրտչյան և ուրիշներ), շեմային տրամաբան․ տարրերի (Ս. Մկրտչյան և ուրիշներ), թաղանթային ինտեգրալ սխեմաների (Կ. Եղյան և ուրիշներ) մշակումներ, որոնք ծավալվել են հիմնականում ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ հաշվող․ կենտրոնում (հիմն.՝ 1957, այժմ՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնահարցերի ինստիտուտ)։ 1958-ին Ա. Իոսիֆյանի նախաձեռնությամբ Երևանում կառուցվել է Մետաղակերամիկայի և կիսահաղորդիչների գործարան (1960-ից՝ Կիսահաղորդչային տեխնիկայի ՀԿՏԲ, հետագայում՝ «Տրանզիստոր» ձեռնարկություն)։ 1960-61-ին այդ ձեռնարկությունը ԽՍՀՄ-ում առաջիններից է թողարկել կիսահաղորդչային ուժային դիոդներ, տրանզիստորներ և տիրիստորներ։

1960-70-ին «Տրանզիստորում» մշակվել են բարձր լարման (մինչև 100 Ա և 2000 Վ) գերմանիումային ու սիլիցիումային դիոդներ ու տիրիստորներ, 1973-ին ստեղծվել է հզոր կիսահաղորդչային տրանզիստորների կառուցման դիֆուզային-էպիտաքսային տեխնոլոգիա։ 1983-ին «Տրանզիստոր» ձեռնարկության ԳՀ լաբորատորիայում (հիմն.՝ 1980) մշակված մեքենայական գործիքների էլեկտրոնային դրայվերում կիրառվող երկբևեռ տրանզիստորը (40 Ա և 1000 Վ) համամիութ. մրցույթում գրավել է առաջին տեղը։

1982-ին մշակվել են ավելի քան 0,5 մկվ վերականգնման ժամանակով հզոր, բարձր լարման դիոդների, ինչպես նաև սիլիկոնային դիֆուզիայի նստեցման կառուցվածքներով արտադրության տեխնոլոգիաներ։

1985-ին լայն միջակայքի էլեկտրոնային բաղադրիչների արտադրության համար օգտագործվել է գալիումի դիֆուզիայի, ապակու պասսիվացման, արատների հայտնաբերման, ընտրող․ ճառագայթման կիրառմամբ եզակի պլանար տեխնոլոգիա։

1988-ին «Անգստրեմ» (Ռուսաստան, ք. Զելենոգրադ) գործարանի մասնագետների հետ մշակվել է բարձր լարման դաշտային տրանզիստորների պատրաստման տեխնոլոգիա։

1988-ին «Տրանզիստոր» ձեռնարկությունը, «Աշտարակ» գործարանը և «Տրանզիստոր-Կերմետ» մասնաճյուղային