Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Փիլ. մտածողության սաղմեր եղել են դեռևս հին հայերի և այն ժողովուրդների դիցաբան․ պատկերացումներում, որոնք որոշակի զարգացում են ապրել նախնադարյան համայն. հասարակության ծաղկման, ապա նաև դասակարգային հասարակության ձևավորման շրջանում։ Հետագայում հին հայկական կրոնի և փիլ. մտքի վրա ներգործել են մի կողմից զրադաշտականությունը, մյուս կողմից՝ հին հույների դիցաբանությունը։

Չորս տարրերի (հուր, օդ, ջուր, հող) աստվածացումը, բնության ուժերի անձնավորումն արտացոլել են տոհմային համայն. դարաշրջանի, հետագայում նաև վաղ ստրկատիր. հասարակության մարդկանց տիեզերածնական, գոյաբան., ինչպես նաև բարոյագիտական և սոցիալական հայացքները։ Մ. թ. ա. IV-I դդ-ում արդեն սաղմնավորվել է նաև աշխարհիկ փիլ. միտքը։ Տիգրան Բ Մեծի ու նրա որդի Արտավազդ Բ թագավորի օրոք Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները դարձել են հոգևոր մշակույթի կենտրոններ։ Ինչպես վկայում է Պլուտարքոսը, Արտավազդ Բ-ի ողբերգություններում և ճառերում արտացոլվել են ստոիկության բարոյագիտական գաղափարները, իսկ արմավիրյան արձանագրություններում (հուն.)՝ ստրկատիր. հասարակության բարոյագիտական նորմերը։

Պահպանված սակավաթիվ աղբյուրներից հայտնի է, որ հելլենիստ. Հայաստանում մեծ հետաքրքրություն կար փիլ-յան հանդեպ, հայոց թագավորների արքունիքներում ապրել և ստեղծագործել են բազմաթիվ, այդ թվում՝ օտարազգի (Մեթրոդորոս Սկեպսացի, Ամփիկրատես Աթենացի և ուրիշներ) գիտնականներ և փիլիսոփաներ։ Հայազգի շատ մտածողներ փորձառություն և ճանաչում են ձեռք բերել ժամանակի նշանավոր գիտակրթական կենտրոններում։ Արևմուտքում մեծ հռչակ է վայելել հռետոր, փիլիսոփա, մանկավարժ հայազգի Տիրան Հայկազնը (Տիրանիոն)՝ նշանավոր հռետոր ու փիլիսոփա Կիկերոնի մտերիմը և օգնականը, աշխարհագետ Ստրաբոնի ուսուցիչը։ Ուշ հելլենականության շրջանում Հայաս տանում տարածվել են արիստոտելա կանների, ստոիկների, էպիկուրականների և նորպլատոնականների ուսմունքները։ Այս շրջանում մեծ էր Պարույր Հայկազնի (Պրոերեսիոս, IV դ.) համբավը, որի արձանները կանգնեցվել են Հռոմում և Աթենքում՝ նրա կենդանության օրոք։ Պարույր Հայկազնը աշակերտել է նշանավոր հռետոր Հուլիանոսին, վերջինիս մահվանից հետո շարունակել նրա գիտակրթական գործը, իսկ նրան աշակերտել են կայսր Հուլիանոս Ուրացողը, «կապադովկյան հայրերից»՝ Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին և ուրիշներ։ Հելլեն․ դարաշրջանում ձևավորված փիլ. ավանդույթները կարևոր դեր են խաղացել V դ- ում ազգ. փիլ-յան զարգացման մեջ։

Փիլ-յան զարգացման հաջորդ փուլը Հայաստանում կապված է ավատատիր. հարաբերությունների ձևավորման և քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու (301) հետ։ Գրերի գյուտը և դրան հաջորդած հոգևոր մշակույթի ծաղկումը կարևոր ազդեցություն են ունեցել բուն փիլ. գիտության ձևավորման ընթացքի վրա։ V-VI դդ-ում ստեղծվել է փիլ. ինքնուրույն և թարգման․ հարուստ գրականություն։ V դ-ի 1-ին կեսին փիլ-յան առաջատար ուղղություն է դարձել հայրաբանությունը կամ քրիստ. ջատագովությունը, որի հիմնադիրը Մեսրոպ Մաշտոցն է, իսկ երևելի ներկայացուցիչներից էին Եզնիկ Կողբացին, Եղիշեն, Հովհան Մայրավանեցին, Հովհաննես Օձնեցին, Ստեփանոս Սյունեցին և ուրիշներ։ Մաշտոցը, Մահակ Պարթևը և նրանց աշակերտները հայերեն են թարգմանել Աստվածաշունչը, Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու, Եփրեմ Ասորու երկերը և քրիստ. գրակ-յան այլ նշանավոր հուշարձաններ։

Քրիստոնեության՝ երկիր մուտք գործելուն զուգահեռ սուր պայքար է մղվել հեթանոս․ և քրիստ. գաղափարախոսությունների միջև։ Այդուհանդերձ, հելլեն․ գիտության և դաստիարակության համակարգի ավանդույթները գոյատևել են, բազմաթիվ եկեղեց. գործիչներ հուն․ կրթություն են ստացել Անտիոքի, Կեսարիայի, Եդեսիայի, Աթենքի հռետոր․ և քերական. դպրոցներում։