Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայ քրիստ. ջատագովական մտքի ձևավորման վրա ուժեղ ազդեցություն են ունեցել հունալեզու ջատագովությունը և հայրաբանությունը, հատկապես «կապադովկյան հայրերի» կրոնափիլ. ժառանգությունը։ Գաղափարական միտվածությամբ և հարցադրումներով հայ քրիստ. ջատագովական փիլ-ը շատ ընդհանրություններ ուներ թե՛ հունալեզու և թե՛ լատինալեզու ջատագովական մտքի հետ, բայց եղել են նաև որոշ առանձնահատկություններ (հայրենասիրություն, ազգային ինքնագիտակցության զարթոնք և ազգ-ազատագր. շարժումների ծավալում), որոնք էլ պայմանավորել են նախ և առաջ Հայաստանում քրիստոնեության հաստատումը։ Հայ ջատագովները մտահոգված էին ոչ միայն քրիստ. կրոնի պաշտպանությամբ, այլև այդ վարդապետության գաղափարներն ազգի, հայրենիքի և ազգային ինքնության պահպանմանը ծառայեցնելու խնդրով։ Մերժելով հեթանոս․ փիլ-յան ելակետային սկզբունքները՝ հայ ջատագովները մշակել են քրիստոնեության ոգուն համապատասխանող գոյաբան., իմացաբան., բարոյագիտական և մարդաբան. ուսմունքներ։ Քննադատելով անտիկ փիլիսոփաների դուալիստ., նյութապաշտ․ և արարչագործությունը մերժող տեսությունները՝ նրանք հիմնավորել են միաստվածության գաղափարը։ Հայ ջատագովները ձգտել են հեթանոս․ գիտությունը և փիլ-ը «քրիստոնեացնել», հարմարեցնել քրիստ. վարդապետության ոգուն։ Այս իմաստով նրանք չեն հակադրել հավատը և բանականությունը, աստվածաբանությունը և փիլ-ը։

V դ-ի 2-րդ կեսին Հայաստանում սկսվել է փիլ-յան աշխարհիկ գիտական ուղղության ձևավորումը, որին մեծապես նպաստել է հունաբան դպրոցը։ 450-720-ը հայերեն են թարգմանվել Փիլոն Ալեքսանդրացու 15 երկերը, Դիոնիսիոս Թրակացու («Քերականություն»), Թեոն Ալեքսանդրացու («Ճարտասանական վարժություններ»), Պլատոնի («Սոկրատեսի պաշտպանությունը», «Թիմեոս», «Մինոս», «Եվտիփրոնես», «Օրենքներ»), Արիստոտելի («Կատեգորիա¬ ներ», «Մեկնության մասին», «Անալիտիկաներ»), Պորփյուրոսի («Ներածություն»), Հերմես Եռամեծի, Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Եմեսացու մարդաբան., Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու 4 աշխատությունները և այլն։ Այդ թարգմանությունները մեծ արժեք ունեն թե՜ հայ, թե՛ եվրոպ. մշակույթի և փիլ-յան տեսանկյունից, դրանց մի մասը հայտնի է հայերեն թարգմանության շնորհիվ։ Թարգման․ հարուստ գրակ-յան, ինչպես նաև ինքնուրույն երկերի շնորհիվ հայ փիլ. միտքն առաջատար է եղել արևելաքրիստ. մշակութային տարածքում։

V-VI դդ-ի հայ փիլ-յան մեջ ձևավորվել է նորպլատոն. ուղղությունը, որի խոշորագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է։ Նա կրթություն է ստացել Ալեքսանդրիայում, աշակերտել նշանավոր փիլիսոփա Օլիմպիադորոս Կրտսերին, երկար տարիներ դասավանդել է նրա դպրոցում, Արևմուտքում հռչակվել որպես «անհաղթ» փիլիսոփա։ Հայաստան վերադառնալով՝ Դավիթ Անհաղթն զբաղվել է գիտակրթական և թարգմանչ. գործունեությամբ։ Գրել է «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի», «Մեկնաբանութիւն. Ստորոգութեանցն Արիստոտելի» և «Մեկնութիւն ի «Վերլուծականն» Արիստոտելի» աշխատությունները (պահպանվել են հուն․ և հայերեն)։

Ինչպես Ալեքսանդրյան դպրոցի մյուս ներկայացուցիչների, այնպես էլ Դավիթ Անհաղթի փիլ-ը համադրական բնույթ ունի։ Նա ձգտել է հաշտեցնել Պլատոնի և Արիստոտելի փիլ. ուսմունքները, ցույց տալ, որ դրանց միջև չկան արմատ․ հակասություններ։ Համոզված լինելով, որ փիլ-ը մարդկային զբաղմունքներից ամենագեղեցիկն ու ամենապատվականն է, նա վարպետորեն հերքել է փիլ-յան գոյությունը ժխտող սկեպտիկների փաստարկները։ «Սահմանք իմաստասիրութեան» (աշխարհաբար հրտ.՝ 1980) երկում Դավիթ Անհաղթը փիլ-ը ներկայացրել է որպես ամբողջությամբ աշխարհի ճանաչողությանը և մյուս գիտություններին ու արվ-ներին ելակետային սկզբունքներ տվող գիտություն։ Տրամաբանության և իմացաբանության հարցերում Դավիթ Անհաղթը հանդես է եկել արիստոտելականության դիրքերից, որը նրա հեղինակության և հունաբան դպրոցի գործունեության շնորհիվ առաջատար տեղ է գրավել զարգացած և ուշմիջնադարյան շրջանի հայ փիլ-յան մեջ։

VII դ-ում ձևավորվել է բնագիտ-բնափիլ. ուղղությունը, որի առավել խոշոր ներկայացուցիչն Անանիա Շիրակացին է։ «Տիեզերագիտություն» (հրտ.՝ 1979) երկում նա պաշտպանել է երկրի գնդաձևության մասին ուսմունքը, քննադատել սնահավատությունը, ճակատագրապաշտությունը և աստղագուշակությունը։ Անանիա Շիրակացու երկերի շնորհիվ բնագիտական ուղղությունն ամրագրվել է հայ միջնադարյան փիլ-յան մեջ։

Փիլ. և սոցիալ-քաղաքական միտքը, ի դեմս V դ-ի վերջին-VI դ-ի սկզբին առաջացած Պավլիկյան և IX դ-ում ծագած Թոնդրակյան շարժումների, նոր ընթացք է ստացել։ Նրանք մերժում էին պաշտոն․ կրոնը և նրա դավանաբան. հիմն․ սկզբունքները, քարոզում սոցիալական և գույքային հավասարություն, չէին ընդունում եկեղեցին և հոգևորականությանը։

Սոցիալ-քաղաքական միտքն արտացոլվել է նաև հայ ազգային էպոսում՝ «Սասնա ծռերում», որտեղ գլխավորը օտար նվաճողների դեմ պայքարի, ազատ ու արդար թագավորության հաստատման գաղափարն է։

Զարգացած ավատատիրության դարաշրջանում (X-XIV դդ.) աստիճանաբար դուրս է մղվել նորպլատոնականությունը, որը մի կողմից ձուլվել է քրիստ. խորհրդապաշտության հետ (Գրիգոր Նարեկացի), մյուս կողմից՝ ավելի մերձեցել ռացիոնալիստ․ ուսմունքներին (Գրիգոր Մագիստրոս Պահլավունի). առաջնությունը տրվել է բնագիտական ուղղությանը (Հովհաննես Սարկավագ, Մխիթար Հերացի և ուրիշներ) և արիստոտելականությանը։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին աշխարհի փիլ. ճանաչման մեջ կարևորել է մաթեմատիկան և բնագիտությունը, հանգել բնության բանական ճանաչողության՝ որպես Աստծուն նմանվելու