Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տաթևացին նշել է, որ դրանք իրար փոխբացառում են. որպես բնական էակ՝ մարդը ենթարկվում է անհրաժեշտության օրենքին, սակայն իբրև բանական էակ՝ գործում է ազատորեն։ Տաթևացու սոցիալ-քաղաքական հայացքների հիմքում մարդկանց բնական հավասարության մասին քրիստ. գաղափարն է։ Նրա կարծիքով՝ նախախնամությամբ տրված անհավասարությունը չի հակասում սոցիալական ներդաշնակության գաղափարին, քանի որ անհավասարությունը ոչ թե խոչընդոտում, այլ, ընդհակառակը, դրդում է հակադիր կողմերին փնտրելու համագործակցության փոխշահավետ ուղիներ։ Պետության կառավարման խնդիրներին անդրադառնալիս Տաթևացին ընդգծել է միապետի (իշխանի) դերը հասարակության կառավարման գործում։ Նա իշխանին վերապահել է անսահմանափակ լիազորություններ և իրավունքներ, նրան համարել հասարակության «շարժիչ ուժը»։ Սակայն որպեսզի միապետը չվերածվի բռնապետի կամ չչարաշահի իր իշխանությունը, անհրաժեշտ է ստեղծել իմաստուն խորհրդականների ինստ-ը։

Որոտնեցու և Տաթևացու հայացքներն զգալիորեն ազդել են Տաթևի համալսարանի սաներ Մատթեոս Ջուղայեցու և Առաքել Սյունեցու աշխարհայացքի վրա, որոնք XV դ-ի 1-ին քառորդում շարունակել են զարգացնել Տաթևի դպրոցի ավանդույթները։

Կիլիկյան Հայաստանում (XI-XIV դդ.) փիլ-ը զարգացել է հայ փիլ. մտքի ավանդների հիման դրա։ Փիլ-յան բնագիտական ուղղությունն արտահայտվել է Մխիթար Հերացու հայացքներում։ Մարդու մարմնում զանազան փոփոխությունների առաջացումն ու ընթացքը Հերացին կապել է նյութի և նրա հատկանիշների հետ՝ հիմք ստեղծելով մտածողության աշխարհականացման միտումների ուժեղացման համար։

XV դ-ի սկզբից, պատմ. մի շարք անբարենպաստ պայմանների հետևանքով, Հայաստանում անկում են ապրել մշակույթն ու փիլ. միտքը։ XVII դ-ի սկզբից սկսվել է հարաբերականորեն խաղաղ ժամանակաշրջան, որը նպաստավոր է եղել հայ ժողովրդի տնտեսական և գիտամշակութային կյանքի վերընթացի համար։ Փիլ-յան զարգացմանը նպաստել է Հայաստանում և հայկական գաղթավայրերում նոր թափ ստացած միարարականների և հակամիարարականների պայքարը։ Մեծ ջանքերի գնով վերականգնվել են անցյալի ընդհատված ավանդույթները։ Այդ դժվար գործն սկսել է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցի ուսուցչապետ Բարսեղ Գավառցին, շարունակել են Ներսես Մոկացին և Մելքիսեթ Վժանեցին, վերջինիս աշակերտներ Սիմեոն Ջուղայեցին և Ոսկան Երևանցին։

Սիմեոն Ջուղայեցին XVII դ-ի 30-40-ական թթ-ին սկիզբ է դրել փիլ-յան զարգացման նոր շրջանի։ Նրա, Կղեմես Գալանոսի (ազգությամբ՝ իտալացի), Առաքել Դավրիժեցու, Ոսկան Երևանցու, Ստեփանոս Լեհացու, Հովհաննես Հոլովի, Հովհաննես Ջուղայեցու, Ստեփանոս Դաշտեցու, Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիների, Հովհաննես Անկյուրացու ջանքերով ստեղծվել են ինքնուրույն և թարգման․ փիլ. գրականություն, անտիկ և միջնադարյան փիլ. մի շարք արժեքավոր երկերի մեկնություններ։ Հովհաննես Ջուղայեցին և Ղուկաս Վանանդեցին մերժել են ավատատիր. կամայականությունն ու անձնիշխանությունը, պահանջել ճանաչել անհատի իրավունքների անձեռնմխելիությունը, ժողովրդավարացնել հասարակության կառավարումը։

Փիլ-յան հիմն․ հարցը հայ իմաստասերները լուծել են իդեալիստորեն, բնությունը դիտել են աստվածային արարչության արդյունք։ Հոգու և մարմնի փոխհարաբերության հարցում շարունակելով արիստոտելյան ավանդույթները՝ Սիմեոն և Հովհաննես Ջուղայեցիներն ընդունել են հոգու և մարմնի կապը, միասնությունն ու փոխազդեցությունը։ Կղեմես Գալանոսը և Ստեփանոս Դաշտեցին, ընդհակառակը, դրանք կտրել են իրարից և հակադրել միմյանց։ Մատերիայի ու ձևի փոխհարաբերության հարցում Մատթեոս և Ղուկաս Վանանդեցինեը համարել են, որ ձևը ոչ թե գոյություն ունի մատերիայից անկախ ու ինքնուրույն, այլ ներհատուկ է նրան։ XVII դ-ի կեսից մինչև XVIII դ-ի սկիզբը պայքար է ծավալվել «միություն» և «միավորություն», «մաս» և «ամբողջ», «պարզ» և «բարդ», «տարր» և «բաղադրյալ», «նմանություն» և «նույնություն», «նշան» և «իմաստ», «բացասում» և «հաստատում» և այլ հասկացությունների ըմբռնման և իմաստավորման շուրջ։

Իմացաբանության հարցերում այս շրջանի փիլիսոփաներն ընդունել են ճանաչողության առարկայի օբյեկտիվ գոյությունն ու ճանաչելիությունը։ Ուսումնասիրվել են զգայությունների տեսակները, դրանց առաջացման մեխանիզմները, գիտելիքների համակարգում զգայական գիտելիքների տեղը, դերը, զգայության և մտածողության բնախոս․ հիմքերը և այլ հարցեր։ XVII դ-ում զգալի նվաճումների են հասել տրամաբանության ասպարեզում։ Ակնհայտորեն նկատվել է տրամաբանությունը փիլ. մյուս գիտություններից սահմանազատելու և ինքնուրույն գիտության վերածելու ձգտումը։

Փիլ. մտքի վերընթաց զարգացումը շարունակվել է նաև XVIII դ-ի 1-ին կեսին՝ գաղափարական հող նախապատրաստելով լուսավորականության համար։ Խաչատուր Էրզրումցու, Մխիթար Սեբաստացու, Բաղդասար Դպիրի, Հակոբ Նալյան Զմարացու, Պետրոս Նախիջևանցու, Սիմեոն Երևանցու, Արսեն Դպիր Կոստանդնուպոլսեցու ջանքերով ստեղծվել է փիլ. ինքնուրույն և թարգման. հարուստ գրականություն, որն առավելապես ունեցել է ուսուցող. նշանակություն։

XVIII դ-ի 2-րդ կեսին թուրք․ և պարսկ. տիրապետությունը, տնտեսական ու բարոյական ծանր պայմանները կասեցրել են մշակույթի զարգացումը։ Այն զարգացել է գերազանցապես հայրենիքից դուրս՝ գաղթավայրերում։ Ազատագր. գաղափարախոսության ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել Մադրասի խմբակը, որի անդամներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանն առաջադիմ. փիլ. և հաս-քաղաքական մտքի՝ լուսավորականության առաջին ներկայացուցիչներն էին։ Նրանք մերժել են ավատատիր. միապետական կարգերը,