Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճորտատիրությունը, առաջ են քաշել անհատի ազատության և հավասարության հարցը, ձգտել սոցիալ-քաղաքական բարեփոխումներ իրականացնել հայրենիքում։ Նրանք միաժամանակ ազգ-ազատագր. շարժման գործիչներ էին, որոնց կարծիքով՝ հավասարության, ազատության, մարդու բնական իրավունքների գաղափարների, լուսավորության տարածումն ու տգիտության վերացումը պետք է մեծապես նպաստեին ազատագր. շարժման վերելքին։ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը սահմանադրության առաջին նախագիծն է հայ իրականության մեջ և աշխարհում։

XIX դ-ի փիլ. միտքն իր ընդհանուր գծերով ենթարկվել է զարգացող բուրժ. հարաբերությունների առաջադրած պահանջներին, որոնցից ամենակարևորն ազգի միավորումն էր, նրա ինքնուրույնության և բուրժ. ազատությունների նվաճումը, և որին հասնելու գլխավոր միջոցն ազգի լուսավորումն էր։ Լուսավոր․ գաղափարախոսությունը Արևելյան Հայաստանում կրել է ռուս․ հեղ-ժողովրդավարության, Արևմտյան Հայաստանում՝ եվրոպ. բուրժ. հեղափոխության ազդեցությունները։ Գիտության զարգացմանը, հաս-փիլ. մտքի առաջընթացին մեծապես նպաստել է աշխարհաբարի զարգացումը։ Այդ շրջանում թարգմանվել են առաջադեմ մտածողների բազմաթիվ երկեր, երևան են եկել փիլ., հասարակագիտական և բնագիտական ինքնուրույն ուսումնասիրություններ։

Լուսավորականները փիլ-յան գլխավոր խնդիրը համարել են բնագիտության համար հավաստի գիտելիքի ստացման ուղիների հետազոտումը, օբյեկտիվ ճշմարտությանը հասնելու մեթոդների և ձևերի մշակումը։ Այս խնդիրների վերաբերյալ տարբեր պատկերացումները հիմք են ծառայել գոյաբան., իմացաբան. տարբեր ուսմունքների հայտնվելուն, որոնց մեջ գերիշխել է լուսավոր․ կողմնորոշումը։ Առաջադիմ-լուսավոր. գաղափարախոսության զարգացումը գիտության և կրթության առաքելության ռոմանտիկ պատկերացումներից (Խաչատուր Աբովյան, Նիկողայոս Զորայան, Մեսրոպ Թաղիադյան, Գրիգոր Փեշտիմալճյան, Ստեփանոս Պալասանյան, Անդրեաս Փափովիչ և ուրիշներ) անցում էր ազատամտ. բուրժ. գաղափարների (Եղիա Տեմիրճիպաշյան, Ստեփանոս Նազարյան, Գրիգոր Արծրունի), ապա՝ հեղ-ժողովրդավարության (Միքայել Նալբանդյան, Հարություն Սվաճյան, մասամբ՝ Գալուստ Կոստանդյան, Մատթեոս Սամուրյան, Ստեփան Ոսկան)։ Լուսավորականության շրջանում գիտական գիտելիքների տարածման սկիզբն է դրվել։ Այդ շարժումը 1840-ական թթ-ից ուրվագծել է փիլ. հետաքրքրությունների հիմն․ առարկան, այն է՝ գիտական ճանաչողության իմացաբան., տրամաբան., մեթոդաբան․ վերլուծությունը։ Առաջադեմ մտածողները մեծ հետաքրքրություն են դրսևորել փիլ-յան պատմության նկատմամբ, ուսումնասիրել ռուս մտածողների, Կանտի, Հեգելի գաղափարները, նոր ժամանակի փիլ-ը։

XIX դ-ի վերջերին-XX դ-ի սկզբներին հայ փիլ-յան մեջ տարածվել է պոզիտիվիզմի 2-րդ ձևը՝ մախիզմը կամ փորձաքննադատությունը (էմպիրիոկրիտիցիզմ), որի խոշորագույն ներկայացուցիչը Երվանդ Ֆրանգյանն էր (1878-1928)։ Հետևելով Էռնստ Մախին և Ռիխարդ Ավենարիուսին՝ նա իր փիլ-ն անվանել է համադրական մոնիզմ, որի հիմքում այն դրույթն է, ըստ որի՝ սուբյեկտը և օբյեկտը, ֆիզիկականը և հոգեկանը համարժեք են՝ իբրև փորձի հավասար ու համազոր անդամներ։ Իմացաբանության մեջ համադրական մոնիզմը հոգու 3 հիմն․ տարրերի՝ մտածողության, կամքի և զգացումի համադրությունն է։ Ֆրանգյանը մերժել է հասարակական կյանքի ու պատմության բացատրման իդեալիստ. և մատերիալիստ․ տեսությունները։ Վերջիններիս նա հակադրել է պատմ. ռեալիզմի տեսությունը, որը պատմ. գործընթացը դիտում է իր ամբողջության մեջ, շեշտում և ճանաչում է դրանց «փոխպատկանելիությունն ու փոխազդեցությունը»։ Պատմական ռեալիզմի համար գոյություն չունեն տնտեսական, իրավական, գաղափարական երևույթներ առանձին-առանձին, այլ գոյություն ունեն գործընթացներ, որոնց մեջ զուգորդված են այս բոլոր տարրերը։ Ընդսմին, այդ տարրերի միջև գոյություն ունեն ոչ թե պատճառահետևանքային, այլ գործառութային հարաբերություններ։

XIX դ-ի վերջի հայ հասարակագիտական միտքը զարգացել է նահապետական և ավատատիր. հարաբերությունների հետագա քայքայման և հաս-տնտեսական նոր կացութաձևի ձևավորման, ազգի համախմբման պայմաններում։ 1880-ական թթ-ին հայ իրականություն են թափանցել մարքսիզմի գաղափարները [արծարծվել են ազատամտական