համակարգ», 2001, «Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ», 2004, Միրզոյան Հրաչիկ, «Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի», 2001, «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը», 2006, Հրաչիկ Շաքարյան, «Փիլիսոփայությունը ստեղծագործության գաղտնիքների որոնումներում», 2002, «Սոցիալ-հոգեբանական տեղաշարժերը վերափոխվող Հայաստանում», 2004, Հովսեփյան Արամայիս, «Հասարակական հարաբերությունների վերարտադրության սոցիալ-փիլիսոփայական պրոբլեմները», 2006, Աբրահամյան Լևոն, «Նամակներ մեծ բարոյախոսների մասին», 2007, Բրուտյան Գևորգ, «Ակնարկներ մետատեսության մասին», 2008, և այլն)։
Գրկ. Զաքարյան Ս. Ա., Մատթեոս Ջուղայեցի, Առաքել Սյունեցի, Ե., 1997։ Նույնի, Հովհաննես Պլուզ Երզնկացի, Վահրամ Րաբունի, Ե., 1997։ Բրուտյան Գ. Ա., Հայագիտություն և մետահայագիտություն, Ե., 2004։ Նույնի, Логическое в зеркале филологического, Е., 2007; Манасян А., Методологические принципы объективности научного знания и единство науки, Е., 2002; Абрамян Л. А., О доблести, о славе, о любви, Е., 2008; Նույնի, Тетрадь сигма, Е., 2008.
Հայ մշակույթի ոսկեդարը (V) նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։ Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկ. գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։ Օգտագործելով աստվածաշնչյան և հունա-հռոմ. պատմաւիիլ. միտքը՝ V դ-ի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին (անվանվել է Պատմահայր) «Պատմութիւն Հայոց»-ում գրում է, որ «առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ»։ Նա բարձր է գնահատել նախորդ մատենագիրների (հայ և օտար) երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի V դ-ի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյանին։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմ. ճշմարտացիության և բանաստեղծ․ շարադրանքի միահյուսմամբ։
Հայ դաս. պատմագիտության հիմնասյունը Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ն է, որը Հայաստանի առաջին համակարգված պատմությունն է։ Սկսվում է հայ ժողովրդի ծննդաբանությունից և հասցվում մինչև V դ-ի 40-ական թթ։ Մովսես Խորենացին քննադատաբար է վերաբերվել իր օգտագործած բազմաթիվ աղբյուրներին (Աստվածաշունչ, հայկական, հուն., ասոր. աղբյուրներ, ժողովրդական ավանդություններ և այլն), արել հայոց պատմության ժամանակագրության մշակման առաջին փորձը։
VI-VII դդ-ի (մինչև 661-ը) իրադարձությունների մասին կարևոր սկզբնաղբյուր է Սեբեոս Եպս-ի «Պատմութիւն»-ը, որտեղ Հայաստանի պատմությունը շարադրված է համաշխ. նշանակության իրադարձությունների ծիրում։ Սեբեոսը մերկացնում է Բյուզանդիայի ու Սասանյան Պարսկաստանի վարած հայահալած քաղաքականությունը։ VII-VIII դդ-ի պատմիչ Մովսես Կաղանկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկում, չնայած ժամանակի ավատատիր. մասնատվածությունից բխող անջատող․ տրամադրությանը, Արցախ և Ուտիք նահանգների պատմությունը ներկայացրել է Հայաստանի պատմությանը միահյուսված։ Նույն ժամանակաշրջանի մատենագիր Հովհան Մամիկոնյանը «Պատմութիւն Տարօնոյ» երկում կարևոր տեղեկություններ է հաղորդում վաղմիջնադարյան Հայաստանի պատմության մասին։
VIII դ-ի հեղինակ Ղևոնդ Վարդապետի «Պատմութիւնը» արաբ․ արշավանքների, հայ նախարար․ տների ոչնչացման, հայրենասեր ուժերի ապստամբության և պարտության մասին պատմող ճշմարտացի սկզբնաղբյուր է։
IX դ-ի վերջից սկսվել է հայ պատմագրության նոր վերելքը՝ պայմանավորված հայկական պետականության վերականգնմամբ։ IX-XII դդ-ում շարունակվել են V դ-ի մատենագիրների, հատկապես Մովսես Խորենացու ավանդույթները։ Հովհաննես Ե Դրասխանակերտցին (IX դ-ի 2-րդ կես-929, Ամենայն հայոց կաթողիկոս՝ 898-ից) դատապարտել է երկիրը պառակտող իշխաններին և պաշտպանել միասնական պետության պահպանման անհրաժեշտությունը։