Էջ:Armenia Encyclopedia.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները։ Հայրեն. մեծ պատերազմին (1941-45) հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ հուշարձանների՝ Գառնիի, Արմավիրի, Արտաշատի ուսումնասիրություններով (Բաբկեն Առաքելյան, Գևորգ Տիրացյան, Ժորես Խաչատրյան)։ Կարևոր են Վանի թագավորության (մ. թ. ա. IX-VII դդ.), Էրեբունի (Կոստանդին Հովհաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հարություն Մարտիրոսյան) բերդաքաղաքների ուսումնասիրությունները։ Ծավալուն պեղումներ են կատարվել Լճաշենում, որտեղ բացվել են ուշբրոնզեդարյան դամբարաններ՝ սայլերով, մարտակառքերով, զենքի ու բրոնզե քանդակների բացառիկ օրինակներով։ Մեծ թափ են ստացել Մոսկվայի և Լենինգրադի (այժմ՝ Ս. Պետերբուրգ) հնագետների հետ համատեղ իրականացվող քարեդարյան հուշարձանների պեղումները (Սանդրո Սարդարյան, Սերգեյ Զամյատին, Մարիա Պանիչկինա)։

1959-ին ՀԽՍՀ ԳԱ համակարգում ստեղծվել է Հնագիտության և ազգագրության ինստ-ը (ՀԱԻ), որը լայնածավալ հետազոտություններ է իրականացրել հանրապետության տարածքում։ Հրապարակվել են «Հնագիտական պեղումները Հայաստանում» և «Հայաստանի հնագիտական հուշարձանները» մատենաշարերը, առանձին մենագրություններ և այլն։

1960-70-ական թթ-ին մեծածավալ հետազոտ․ աշխատանքներ են կատարվել էնեոլիթյան, բրոնզեդարյան և վաղ-երկաթեդարյան բնակավայրերում։ Պեղվել են Թեղուտը (Ռաֆիկ Թորոսյան), Այգեվանը (Բորիս Պիոտրովսկի, Ստեփան Եսայան), Ջրահովիտն ու Մեծամորը (Էմմա Խանզադյան), Հառիճը (Տելեմաք Խաչատրյան), հանրապետության հյուսիս-արլ. շրջանների հուշարձանները (Ս. Եսայան), Լոռե բերդը (Սեդա Դևեջյան), Արգիշտիխինիլին (Հարություն Մարտիրոսյան), Օշականը (Արամ Քալանթարյան, Ս. Եսայան), Մոխրաբլուրը (Գրիգոր Արեշյան)։ Մեծածավալ աշխատանքներ են կատարվել Գեղամա լեռներում և Սյունիքում՝ ժայռապատկերների ուսումնասիրության ուղղությամբ (Համլետ Մարտիրոսյան, Գրիգոր Կարախանյան)։

1980-ական թթ-ից առավել ընդլայնվել է դամբարանային հուշարձանների ուսումնասիրությունը։ Մեծաքանակ դամբարաններ են պեղվել Շիրակում, Արարատյան դաշտում, Սյունիքում, Սևանի ավազանում։ Դաշտային հետազոտ. աշխատանքներ են ծավալվել Լճաշենի (Լևոն Պետրոսյան), Ներքին Գետաշենի (Աշոտ Փիլիպոսյան), Նոր Կյանքի (Ռուբեն Բադալյան), Թալինի (Պավել Ավետիսյան), Քարաշամբի (Ֆիրդուսի Մուրադյան, Վահան Հովհաննիսյան), Վերին Նավերի (Հակոբ Սիմոնյան) բրոնզի և երկաթի դարաշրջանների դամբարանադաշտերում, Բենիամինի և Անուշավանի (Ֆելիքս Տեր-Մարտիրոսով), Կարճաղբյուրի (Ինեսա Կարապետյան) Հողմիկի և Իսահակյանի (Հայկ Հակոբյան) հելլենիստ. և անտիկ բնակավայրերում, Վահանավանքի (Գրիգոր Գրիգորյան), Խամշի (Գրիգոր Կարախանյան), Մարմաշենի (Սարգիս Հարությունյան), Աքորու, Աղիտուի (Համլետ Պետրոսյան), Ցախաց քարի (Հուսիկ Մելքոնյան), Ուշիի և Հառիճի (Ֆրինա Բաբայան), Թեղենյաց վանքերի (Գագիկ Սարգսյան) և Ծիծեռնավանք (Հակոբ Սիմոնյան) միջնադարյան վանական համալիրներում։ Պեղումներ են կատարվել միջնադարյան ամրոցներում ու դղյակներում՝ Ամբերդում (Սերգեյ Հարությունյան), Վարդենուտում (Գրիգոր Կարախանյան), Լոռե բերդաքաղաքում և Բջնիում (Իգիթ Ղարիբյան), Զաքարի բերդում ու Դաշտադեմի ամրոցում (Եսայի Ասատրյան)։

Ներկայումս հնագիտական ուսումնասիրությունները Հայաստանում թևակոխել են նոր փուլ։ Բացի ՀԱԻ-ից՝ պեղումներ են իրականացնում նաև ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնը (Հայկ Ավետիսյան, Ի. Ղարիբյան, Հ. Հակոբյան), Պատմամշակութային ժառանգության ԳՀ կենտրոնը (Հ. Սիմոնյան), Շիրակի երկրագիտական թանգարանը (Համազասպ Խաչատրյան, Լարիսա Եգանյան)։

Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են կատարվել քարեդարյան (Լուսակերտ՝ Բենիկ Երիցյան, Քասախ գետի հոսանքի հնավայրեր՝ Բորիս Գասպարյան, և այլն), նեոլիթ-էնեոլիթյան (Առատաշեն և Ակնաշեն՝ Ռուբեն Բադալյան, Գոդեձոր՝ Պ. Ավետիսյան, Արենի՝ Բ. Գասպարյան, և այլն), բրոնզեդարյան (Ագարակ՝ Պ․ Ավետիսյան, Գեղարոտ և Ծաղկահովիտ՝ Ռ. Բադալյան, և այլն) բնակավայրերի ուսումնասիրման բնագավառում։ Մեծ ծավալներ են ընդունել բրոնզեդարյան