Էջ:Armenia Encyclopedia.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դամբարանադաշտերի՝ Սիսիանի (Պ. Ավետիսյան), Չկալովկայի և Լճաշենի (Լ. Պետրոսյան), Վերին և Ներքին Նավերի (Հ. Սիմոնյան), Նորատուսի և Քանագեղի (Ա. Փիլիպոսյան) պեղումները։ Զգալի աշխատանքներ են կատարվել ուրարտ. հնավայրերի՝ Էրեբունու (Ֆելիքս Տեր-Մարտիրոսով), Օշականի (Արամ Քալանթարյան), Գետափի (Հ. Մելքոնյան) ուսումնասիրման գործում։ Հայաստանի անտիկ մշակույթի հետազոտման համար կարևոր են Արտաշատ (Ժ. Խաչատրյան) և Արմավիր (Ի. Կարապետյան) մայրաքաղաքների նորահայտ հուշարձանների պեղումները։ 2006-ից ընթանում են Արցախի Տիգրանակերտի պեղումները (Համլետ Պետրոսյան)։ Շարունակվում են Դվինի (Ա. Քալանթարյան), Շիրակի Հայկաձոր քարայրային բնակավայրի (Լ. Եգանյան, Հ. Խաչատրյան), Եղեգիսի Զորաց տաճարի (Հ. Մելքոնյան) պեղումները։ Ուշագրավ են Երևանի և Թալինի մոնղ. թաղումների պեղումները (Հ. Մելքոնյան)։ Նշանակալի արդյունքներ են արձանագրվել Արենի-1 քարայրում, որտեղ բացվել է գինու հնագույն արտադրահամալիր (Բ. Գասպարյան, Գ. Արեշյան, Ռոն Պինխասի)։

Վերջին 20 տարում աշխուժացել են հայ-արտասահմ. համատեղ հնագիտական արշավախմբերի աշխատանքները, որոնցից արժանահիշատակ են Ծաղկահովտի հայ-ամերիկյան (Ռ. Բադալյան, Ադամ Սմիթ), Սյունիքի և Արարատյան դաշտի հայ- ֆրանս. (Պ. Ավետիսյան, Ռ. Բադալյան, Կրիստին Շատենիե, Պիեռ Լոմբարդ) ու հայ-ամերիկյան (Մկրտիչ Զարդարյան, Սյուզան Ալքոկ, Ջոն Չերի), Կոտայքի հայ- ավստր. (Հ. Ավետիսյան, Վիլֆրիդ Ալինգեր-Ցզոլիխ), Սևանի ավազանի հայ-իտալ․ (Սիմոն Հմայակյան, Ռաֆայել Բիշիոնե) և Տավուշի հայ-իռլանդ. (Բ. Գասպարյան, Դեն Ադլեր) արշավախմբերը։ Համատեղ ծրագրերի շրջանակներում հայաստանյան հնագիտական նյութերն ուսումնասիրվում են աշխարհի տարբեր լաբորատորիաներում, որով սկզբունքորեն նոր տվյալներով հիմնովին թարմացել է Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը։

Գրիգոր Կարախանյան,
Հուսիկ Մելքոնյան, Արսեն Բոբոխյան
ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ազգագրությունը՝ որպես ինքնուրույն գիտություն, Հայաստանում ձևավորվել է XIX դ-ում, թեև ազգագր. գիտելիքներ կուտակվել են հնագույն ժամանակներից։

Հայկական լեռնաշխարհի վաղագույն շրջանի բնակչության մասին ազգագր. բնույթի տեղեկություններ են ձեռք բերվել հնագիտական պեղումների շնորհիվ։ Լեռնաշխարհի բնակչության և հայերի մասին ազգագր. վկայություններ կան ասոր. և ուրարտ. սեպագրերում։ Տնտեսական զբաղմունքների, սովորությունների, ծեսերի ու հավատալիքների մասին հարուստ նյութեր են հաղորդում անտիկ ժամանակաշրջանի աղբյուրները (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն, Տակիտոս և ուրիշներ)։ Ազգագր. տեղեկություններ կան Աստվածաշնչում և հայ մատենագիրների [Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Մովսես Կաղանկատվացի, Թովմա Արծրունի, Արիստակես Լաստիվերցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Օրբելյան, Առաքել Դավրիժեցի, Զաքարիա Սարկավագ (Քանաքեռցի) և ուրիշներ] երկերում։

XIX դ-ի 1-ին կեսից մի շարք հայ հեղինակներ (Ղուկաս Ինճիճյան, Մեսրոպ Թաղիադյան, Խաչատուր Աբովյան, Մինաս Բժշկյան, Ղևոնդ Ալիշան և ուրիշներ) գրառել են ինչպես գրավոր աղբյուրներում սփռված ազգագր. բնույթի հիշատակություններ, այնպես էլ ժամանակակից հայոց կենցաղին ու սովորություններին վերաբերող նյութեր։

XIX դ-ի 2-րդ կեսին Հայաստանի և հայկական մշակույթի կենտրոնների (Վաղարշապատ, Շուշի, Ալեքսանդրապոլ, Թիֆլիս, Մոսկվա, Ս. Պետերբուրգ, Կ. Պոլիս և այլն) պարբ-ներում (այդ թվում՝ ռուս․) հրատարակվել են հայ ազգագր. նյութեր։

1860-ական թթ-ից ազգագր., գիտական գործունեություն է ծավալել Գարեգին Սրվանձտյանցը։ Նրան հետևել են ազգագրության և բանահյուսության երախտավորներ Արիստակես Սեդրակյանը, Գևորգ Շերենցը, Հակոբ Ալահվերդյանը,