Հովհանեես Նազարյանցը, Վահան Տեր-Մինասյանը, Գևորգ Տեր-Աղեքսանդրյանը և ուրիշներ։
Գ. Սրվանձտյանցի աշխատությունների հիման վրա Գրիգոր Խալաթյանցը Մոսկվայում 1887-ին հրատարակել է Ազգագր. հարցարան («Ծրագիր հայ ազգագրութեան եւ ազգային իրաւաբանական սովորութիւնների»), Երվանդ Լալայանը 1900-ին Թիֆլիսում հիմնադրել է Ազգագր. հրատարակչական, 1906-ին՝ Հայոց ազգագր. ընկերությունները։ 1895-1916-ին 26 գրքով լույս է տեսել «Ազգագրական հանդես» պարբ-ը։ Մեծարժեք ազգագր. նյութեր են հրատարակվել նաև «Էմինեան ազգագրական ժողովածոտւմ» (9 գիրք, 1901-13)։ Այս շրջանում զգալի ներդրում են ունեցել Սարգիս Հայկունին, Ալեքսանդր Երիցյանը, Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը (Քաջբերունի), Սողոմոն Եղիազարյանը և ուրիշներ։
XIX դ-ի վերջերին աստիճանաբար տարանջատվել են բանահյուսությունն ու ազգագրությունը՝ վերածվելով գիտության առանձին բնագավառների։
Խորհրդային շրջանում արգասավոր գործունեություն են ծավալել Ե. Լալայանը, Ստեփան Լիսիցյանը, Խաչիկ Սամուելյանը և ուրիշներ։ Ազգագր. ուսումնասիրություններ են կատարվել ՀՊԹ-ում (1920-ից), Հայաստանի կուլտուրայի պատմության ինստ-ում (1926-ից), ԳԱ Պատմության ինստ-ում (1953-ից), Հնագիտության և ազգագրության ինստ-ում (ՀԱԻ, 1959-ից), ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնում, Հայոց ազգագրության և ազատագր. պայքարի պետական թանգարանում (1978-ից)։
Հայ ազգագր. գիտության կայացմանն ու միջազգային գիտական հանրության ճանաչմանը մեծապես նպաստել են միջին սերնդի ներկայացուցիչները՝ Վարդ Բդոյան, Էմմա Կարապետյան, Կարո Մելիք-Փաշայան, Ասյա Օդաբաշյան, Դերենիկ Վարդումյան, Կարլեն Սեղբոսյան, Լևոն Պետրոսյան և ուրիշներ։ 1950-ական թթ-ին հիմնավորապես ուսումնասիրվել են հայոց տնտեսական զբաղմունքները, կենցաղն ու սովորությունները։ Լույս են ընծայվել հայ ժողովրդի տնտեսական կենցաղին, նյութ․ և հոգևոր մշակույթին, հասարակական հարաբերություններին, ժողովրդական փոխադրամիջոցներին, հավատալիքներին, ծեսերին ու պաշտամունքին վերաբերող տասնյակ ուսումնասիրություններ։
1971-ից «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարում (լույս է տեսել 26 հատոր) հրապարակվել են թեմատիկ ուսումնասիրություններ և ՀԱԻ-ի արխիվում պահվող նյութեր։ ՀԱԻ-ի ոչ նյութ․ մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության շրջանակներում լույս է տեսել «Ազգագրական և բանահյուսական ժառանգություն» մատենաշարը, որտեղ ամփոփվել են ինստ-ի արխիվում պահպանվող նյութեր։
Ազգագրագետների նոր սերունդը (Յուրի Մկրտումյան, Լիլյա Վարդանյան, Էմմա Պետրոսյան, Ժենյա Խաչատրյան, Ռաֆիկ Վարդանյան, Ռաֆիկ Նահապետյան, Արմեն Պետրոսյան, Լևոն Աբրահամյան, Համլետ Սարգսյան, Զավեն Խառատյան, Հրանուշ Խառատյան, Սուրեն Հոբոսյան, Սվետլանա Պողոսյան, Արմենուհի Ստեփանյան, Հարություն Մարության, Արթուր Մկրտչյան, Սամվել Մկրտչյան, Աշխունջ Պողոսյան, Աստղիկ Իսրայելյան, Կարինե Բազեյան, Աղասի Թադևոսյան, Միհրան Գալստյան, Մխիթար Գաբրիելյան, Արտակ Դաբաղյան, Նիկոլ Մարգարյան, Գայանե Շագոյան և ուրիշներ ) շարունակում է հետազոտությունները՝ զուգակցելով հայոց ավանդ․ և արդի մշակութային հարաբերությունները, ակտիվորեն համագործակցում միջազգ. և արտասահմ. կենտրոնների հետ։ Հայաստանում անկախության հռչակումից (1991-ի սեպտ.) հետո էականորեն փոխվել է նաև ազգագր. հետազոտությունների ուղղվածությունը, սկսել են կիրառվել նոր հետազոտ. մոտեցումներ ու մեթոդներ։ Բացի ավանդ․ մշակութային համալիրների ուսումնասիրությունից՝ հայ ազգագրության ուշադրության կենտրոնում են հետազոտության նոր թեմաներ՝ արդիականության ազգաբանություն, հասարակական մշակութային փոխակերպումների և դրանց դրսևորումների (աղքատություն, ունեցվածքային բևեռացում, արտագաղթ), մարդաբանություն, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանություն, քաղաքական մարդաբանություն և այլն։ Հայ ազգագրագետների ուշադրության կենտրոնում են նաև գիտության պատմության, տեսության ու մեթոդաբանության հարցերը։