ուսումնասիրությունը (Հ. Աճառյան, Գրիգոր Ղափանցյան)։ Առավել կարևոր նվաճումներն են Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը (հ. 1-7, 1926-35), «Հայոց անձնանունների բառարանը» (հ. 1-5, 1942-62) և Գ. Ղափանցյանի աշխատությունները՝ նվիրված հայ-ի և Առաջավոր Ասիայի հին լեզուների փոխհարաբերությունների հարցերին։ Գ. Ղափանցյանի («Ընդհանուր լեզվաբանություն», 1939, «Լեզվաբանության ներածություն», 1949) և մի շարք այլ հետազոտողների վրա որոշակի ազդեցություն է թողել Նիկողայոս Մառի և նրա հետևորդների մշակած գռեհիկ մատերիալիստ. մոտեցման և անհատի պաշտամունքի մի շարք դոգմատիկ դրույթների՝ բոլոր լեզուների խառնածին լինելու ուսմունքը, որը նրանք տարածել են նաև հայի վրա։ Սակայն այս փուլի ամենից ավելի կարևոր խնդիրը ժամանակակից հայի ուսումնասիրությունն է։ Ժամանակակից հայի գիտական քերակ-յան հիմքերը դրվել են Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն» (1931) աշխատությամբ. այստեղ նա ձևաբանությունը բացատրել է բուն իմաստով՝ որպես բառերի ձևերի ուսմունք, և ընդունել է 5 հոլով, շարահյուսությունը սահմանել է որպես բառերի կապերի ու պաշտոնների և նախադասությունների կապերի ու տիպերի ուսմունք, ընդ որում՝ նախադասության կենտրոնը համարել է բայ-ստորոգյալը։ Եթե Մ. Աբեղյանը քերակ-յան մեջ առաջնությունը տվել է ձևին, ապա, 30-ական թթ-ից, Արարատ Ղարիբյանը և Գուրգեն Սևակը փորձել են առաջնությունը տալ իմաստին, վերականգնել են 7 հոլովի համակարգը, նախադասության գլխավոր անդամներ են համարել ենթական և ստորոգյալը։
Ժամանակակից հայ-ի քերականությանը, բառաքերականական առանձնահատկություններին են վերաբերում Աշոտ Աբրահամյանի («Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը», 1953, «Բայը ժամանակակից հայերենում», 1962) և Սերգեյ Աբրահամյանի («Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում», 1965, «Ժամանակակից հայերենի քերականություն», 1969), Մանվել Ասատրյանի («Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր», 1970-77, Ժամանակակից հայոց լեզու. Շարահյուսություն, Ներածություն, Բառակապակցություն, Պարզ նախադասություն, Ե., 1987) աշխատությունները։ Շարունակվել են հայ բարբառների ուսումնասիրությունն ու նկարագրությունը, փորձ է արվել ճշգրտելու և լրացնելու Հ. Աճառյանի առաջարկած՝ հայ բարբառների ձևաբան․ դասակարգումը, առաջադրվել է հնչյուն․ դասակարգման սկզբունքը (Ա. Ղարիբյան)։
Բառարանագրության մեջ, բացի Հ. Աճառյանի բառարաններից, ուշագրավ են նաև Ս. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը» (հ. 1-4, 1944-45) և ընդհանուր ու մասնագիտական թարգման․ բառարանները։
Երրորդ շրջանի 2-րդ փուլը բնորոշվում է լեզվաբանության առանձին դոգմատիկ դրույթների հաղթահարմամբ, համաշխ. և հայ լեզվաբանության նվաճումների քննադատ․ օգտագործմամբ, գիտական նորանոր ուղիների որոնումներով։ Առաջընթաց են ապրել լեզվաբան․ գրեթե բոլոր գիտակարգերը, մուտք են գործել նորերը։
Հայ-ի՝ խառնածին լինելու դրույթի հաղթահարման հետ կապված՝ հայ լեզվաբանները (Գևորգ Ջահուկյան և ուրիշներ) վերստին դիմել են պատմահամեմատ. մեթոդին, ուսումնասիրել են հայոց լեզվի՝ հնդեվրոպ. այլ լեզուների հետ ունեցած մերձակցության և տարածքային կապերի, հայ-ի և հնդեվրոպ. հին լեզուների փոխհարաբերության, Առաջավոր Ասիայի այլ լեզուների հետ հայ-ի ունեցած կապերի բնույթի հարցերը։ Առաջարկվել է հայ-ի հնդեվրոպ. հիմն․ և երկրորդ. շերտերի վարկածները։ Հայոց լեզվի համեմատ․ ուսումնասիրության յուրատեսակ ամփոփումը Գ. Ջահուկյանի «Հայերենի համեմատական քերականություն» (ռուս․, 1982) աշխատությունն է։
Այս փուլում մշակվել են շրջանաբաժանման նոր սկզբունքներ, ստեղծվել են գրաբարին, միջին հայ-ին, հայոց լեզվի պատմ. քերակ-յանը նվիրված ծավալուն մենագրություններ ու բուհ․ ձեռնարկներ։ Բարբառագիտության մեջ բարբառների ուսումնասիրության հետ միաժամանակ կիրառվել է նախ հայ բարբառների դասակարգման ձևաբանական-տիպաբան. սկզբունքը (Ա. Ղարիբյան, Էդուարդ Աղայան), ապա հիմնադրվել է նոր գիտակարգ՝