տարածել է առաջադիմ. գաղափարներ, ծավալված գրապայքարում պաշտպանել է Նահապետ Ռուսինյանի աշխարհաբարի դասագիրքը («Ուղղախօսութիւն արդի հայոց լեզուին», 1853)։
Դպրոցի ժողովրդականացմանը և աշխարհաբարը կրթության լեզու դարձնելուն նշանակալիորեն նպաստել է Ղազարոս Աղայանը՝ հատկապես իր կազմած «Ուսումն մայրենի լեզուի» (Ա, Բ, Գ, Դ տարիներ) դասագրքերով, մանկավարժ․ մեթոդական բազմաթիվ աշխատություններով («Խորհրդածութիւն դաստիարակութեան վերայ», 1869, «Պատժի մասին», 1875)։ Արժեքավոր են նաև Առաքել Բահաթրյանի «Համառօտ գործնական հոգեբանութիւն...», «Ուղեցոյց հայ ուսուցչի» (երկուսն էլ՝ 1882) աշխատությունները, որտեղ նա առաջադրել է առաջավոր կրթադաստիարակչական հայացքներ, պարզաբանել մայրենի լեզվի ուսուցման խնդիրները, շարադրել նրա մեթոդիկայի պատմությունը։ XIX դ-ի վերջերին մանկավարժ և հասարակական գործիչ Սեդրակ Մանդինյանն իր աշխատություններում, դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում («Դպրոցական սահմանադրութիւն», 1885, «Ազգային ընտանեկան աշխարհ», 1880, «Համառօտ մանկավարժութիւն, 1878, և այլն) կարևորել է դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, անդրադարձել է դիդակտիկայի հարցերին, մերժել սխոլաստիկ․ մանկավարժությունը և այլն։
Արևմտահայ մանկավարժության նշանավոր դեմքերից են Նիկողայոս Զորայանը, Ռեթեոս Պերպերյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն)։ Վերջինիս «Մանկատածութիւն, որ է բնական բարոյական եւ իմացական հրահանգ խնամատարութեան մանկանց» (հ. 1-2, 1844) բժշկա-փիլ. երկը դպրոց․ առողջապահ-յանը վերաբերող առաջին լուրջ աշխատությունն է այդ շրջանում։ Քննելով մարդու օնտոգենեզին (անհատ․ զարգացում) վերաբերող բազմաթիվ հարցեր՝ այդ հենքի վրա նա առաջ է քաշել նաև բարոյագիտական, մանկավարժ․ խնդիրներ։ Զորայանը մարդու ձևավորման ու զարգացման մեջ կարևորել է դաստիարակությունն ու միջավայրը (թերագնահատել է ժառանգ․ գործոնի դերը), կրթական համակարգի բարեփոխումները, մայրենիի անաղարտությունը, աշխարհաբարի զարգացումը («Նկարագիր ազգային դաստիարակութեան...», 1848, «Ընթերցասիրութիւն...», 1852, և այլն)։ Պերպերյանի մանկավարժ․ աշխատությունները («Դաստիարակի մը խօսքերը», 1901, «Դպրոց եւ դպրութիւն», 1907) հիմնված են գեղեցիկի, բարու, ճշմարիտի սկզբունքների վրա. նա կոչ է արել ծառայել ժողովրդին, հրաժարվել սխոլաստիկ., սերտող. մեթոդներից, դասավանդումը դարձնել հետաքրքիր և ուսանելի։ Այդ սկզբունքները նա լայնորեն կիրառել է Կ. Պոլսում իր հիմնադրած Պերպերյան վարժարանում (1876-1934)։ Լուսավոր․ և կրթական շարժման ոլորտում կարևոր ավանդ ունեն նաև կին գործիչները՝ Սիպիլը, Սրբուհի Տյուսաբը և ուրիշներ։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումով բացվել է մանկավարժ․ գիտությունների զարգացման նոր ասպարեզ։ Դրան մեծապես նպաստել են անցյալի հայ և համաշխ. մանկավարժության հարուստ ավանդույթները, որոնք էապես վերամշակվել և կատարելագործվել են ԵՊՀ մանկավարժության և հոգեբանության, մանկավարժ․ բուհերի մանկավարժության և մեթոդիկայի ամբիոններում, ՀԽՍՀ լուսավորության նախարարությանը կից մանկավարժ․ գիտությունների ԳՀ, Ուսուցիչների կատարելագործման հանրապետական և Երևանի քաղաքային ինստ-ներում, մանկավարժ․ մամուլում։ Այս շրջանում գիտամանկավարժ. արժեքավոր աշխատություններ են ստեղծվել հայ մանկավարժ․ մտքի պատմության, արևմտահայ դպրոցի ու մանկավարժության, մանկավարժության տեսության ու դասավանդման մեթոդների, գեղագիտական դաստիարակության, հատուկ մանկավարժության (արատաբանություն՝ դեֆեկտոլոգիա) և բազմաթիվ այլ հիմնախնդիրների վերաբերյալ։
Մանկավարժ-մեթոդիստ, տեսաբան Հովհաննես Տեր-Միրաքյանի «Մանկավարժութեան հին ու նոր հօսանքներ», «Մեթոդական գործնական ցուցումներ» (1912) և այլ գործեր հայ մանկավարժության ձեռքբերումներից են։ Անգնահատելի է հոգեբան, մանկավարժ Գուրգեն Էդիլյանի վաստակն ուսուցման տեսության, դպրոց․ դասագրքեր և ձեռնարկներ ստեղծելու, ընդհանուր և մանկավարժ. հոգեբանության, դատական հոգեբանության ոլորտներում («Դասաւանդման ձեւեր», 1913, «Հայոց լեզվի մեթոդիկա»,