1990-ական թթ-ից բազմակողմանի և ծավալուն աշխատանքներ է ձեռնարկել Սերգեյ Արզումանյանը, որի աշխատությունները վերաբերում են սոցիալական, իրավաբ. և տարիքային հոգեբանության հիմնախնդիրներին։ 1992-2009-ին Ս. Արզումանյանը ղեկավարել է ՀՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնը, 1996-ին նրա ջանքերով ստեղծվել է հոգեբանության և մանկավարժության ֆակ-ը, որի դեկանն էր մինչև 1998-ը։ Ֆակ-ում ներկայումս գործում են 3 ամբիոն և ԳՀ 3 լաբորատորիա։
Հայաստանում զարգացել է նաև սպորտի հոգեբանությունը, այդ դպրոցի ստեղծումը կապված է Ալեքսանդր Լալայանի, Հովսեփ Թութունջյանի, Ալբերտ Կոստանյանի գործունեության հետ. նրանք իրենց աշխատություններով և գիտամեթոդական գրակ-յամբ մեծապես նպաստել են հայկական սպորտի հոգեբանության զարգացմանը, մարզիկների պատրաստման համակարգի կատարելագործմանը, աշխատունակության բարձրացման հոգեբ. մեթոդների ստեղծմանը։
Սպորտի հոգեբանության զարգացումը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստ-ի (ՖԿՀՊԻ, հիմն.՝ 1945) հոգեբանության և մանկավարժության ամբիոնի հետազոտ․ աշխատանքներով, ուսումնասիրվել են տարբեր մարզաձևերի հոգեբանությունը, մարզիկների կամային և հուզական հատկանիշների, նախամեկնարկային վիճակների, մրցումներին նախապատրաստվելու և այլ հոգեբ. յուրահատկություններ (Աննա Արարատյան, Հրանտ Ավանեսյան, Մելս Մկրտումյան, Հարություն Բաբայան, Աշոտ Չատինյան և ուրիշներ)։
1961-ին ինստ-ին կից ստեղծվել է սպորտային մարզման տեսության և մեթոդիկայի ԳՀ պրոբլեմային լաբորատորիա, որի հիմքի վրա 1985-90-ին զարգացել են սպորտի հոգեբանության կիրառ. ուղղությունները, կատարվել են գյուտարար․ որոնումներ (ունի հեղինակային 5 վկայական)։ 1995-ին լաբորատորիան վերանվանվել է Ֆիզկուլտուրայի և սպորտի ԳՀ կենտրոնի, որը ներառում է նաև ՀՀ հավաքական թիմերի գիտամեթոդական սպասարկման ծառայությունը։ 1989-94-ին ինստ-ում գործել է Սպիտակի երկրաշարժից ու Արցախյան պատերազմից տուժածների և փախստականների հոգեբ. վերականգնման կենտրոնը։ 2005-ին ՖԿՀՊԻ-ում բացվել է նաև փորձարար․ հոգեբանության լաբորատորիա (հիմնադիր-ղեկ.՝ Հ. Ավանեսյան)։
1988-ին Հայաստանում հիմնադրվել է Սպորտային հոգեբանության ֆեդերացիա (ՍՀՖ, նախագահ՝ Հ. Ավանեսյան)՝ միավորելով ՖԿՀՊԻ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը, պրոբլեմային լաբորատորիայի սպորտային հոգեբանության բաժինը և ՀԽՍՀ պետական կոմիտեի սպորտի հոգեբ. ծառայությունը։ ՍՀՖ-ն Սպորտի հոգեբանության եվրոպ. ֆեդերացիայի և Սպորտի հոգեբանության միջազգային կազմակերպության անդամ է, 1995-ից համագործակցում է Սպորտի կիրառ. հոգեբանության ամերիկյան ընկերակցության հետ։
Հոգեբանության պատմության, մեթոդաբանության, տեսության, ինչպես նաև սպորտի հոգեբանության հարցերով է զբաղվել Հ. Թութունջյանը։ Նրա ջանքերով 1976-ին ԵՊՀ-ում նույնպես հիմնադրվել է հոգեբանության ամբիոն։
1979-ին ԵՊՀ-ում ստեղծվել է ճարտարագիտական հոգեբանության (այժմ՝ անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության) ԳՀ լաբորատորիա (ղեկ.՝ Ռուբեն Աղուզումցյան)։ Լաբորատորիայի ուսումնասիրություններն սկզբն. շրջանում վերաբերել են մարդ-տեխնիկա համակարգի փոխադարձ կապի արդյունավետության և հուսալիության հոգեբ. խնդիրներին, հետագայում՝ նաև մասնագիտության հոգեբ. ընտրության և ավտոմատացված կառավարման համակարգերում մարդու հոգեբ. դրսևորման խնդիրներին, քիմիական արտադրության և էներգետիկ․ համակարգերի օպերատորների, օդաչուների և տիեզերագնացների գործունեությանը և այլն։
1991-ին ԵՊՀ փիլ-յան ֆակ-ում բացվել է հոգեբանության բաժին (ներկայումս ունի 3 ամբիոն, ԳՀ 3 լաբորատորիա), կազմակերպվել է պրակտիկ հոգեբանների պատրաստման կենտրոն (գործում է ցայսօր)։
Հայ հոգեբ. մտքի պատմության ուսումնասիրման ոլորտում մեծ ավանդ ունի նաև Էլդա Գրինը, որը ԵՊՀ հոգեբանության ամբիոնում մշակել և դասավանդում է հոգեբանության հիմունքներ, հոգելեզվաբանություն, կառավարման հոգեբանություն, հոգեախտորոշում, միջանձնային կոնֆլիկտներ, իրավաբ. հոգեբանություն,