դատահոգեբ. փորձաքննություն հատուկ դասընթացները։
1981-2009-ին ՀԽՍՀ ԳԱ Փիլ-յան և իրավունքի ինստ-ում գործել է հոգեբանության բաժանմունքը (վարիչ՝ Ալբերտ Նալչաջյան), որտեղ ուսումնասիրություններ են կատարվել անձի և սոցիալական հոգեբանության բնագավառներում, հատկապես մանրամասնորեն մշակվել են հիասթափության (ֆրուստրացիա), սթրեսի, հոգեբ. ինքնապաշտպանության և հարմարվողականության (ադապտացիա) խնդիրները։
Ա. Նալչաջյանն զգալիորեն նպաստել է գիտական հոգեբանության զարգացմանը, անդրարձել է ստեղծագործության և ինտուիցիայի, անձի և սոցիալական հոգեբանության, էթնոմանկավարժության և էթնոքաղաքականության խնդիրներին, հեղինակ է նաև բուհ․ մասնագիտական դասագրքերի։ 1996-ին հիմնադրել է Հոգեբ. հետազոտությունների կենտրոնը։
1988-ի երկրաշարժից հետո Հայաստանում, մասնավորապես Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում և Երևանում, բացվել են հոգեբ. օգնության կենտրոններ, որտեղ աշխատել են հայ և օտարազգի մասնագետներ. սկզբնավորվել է վերականգնող․ հոգեբանությունը։ 1988-93-ին Երևանում գործել է մանկ․ հոգեբ. վերականգնող. կենտրոնը (հիմնադիր-ղեկ.՝ Էմմա Ալեքսանդրյան)։
1988-ին Երևանի պետական բժշկ. ինստ-ի (այժմ՝ ԵՊԲՀ) հոգեբուժության ամբիոնը վերակազմավորվել է հոգեբուժության և բժշկ. հոգեբանության ամբիոնի, որը մեծապես նպաստել է ՀՀ-ում բժշկ. հոգեբանության զարգացմանը (տես նաև Բժշկական հոգեբանություն՝ Բժշկական գիտություններ հոդվածում)։
1990-ական թթ-ի սկզբներին հիմնադրվել է «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնը, որտեղ հոգեթերապևտիկ, աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաև գիտական հետազոտություններ։
1992-ին ստեղծվել է Հայ հոգեբանների միությունը (նախագահ՝ Ս. Արզումանյան)։
Գիտական աշխատանքներ են կատարվում նաև ԵՊԼՀ-ում (ուսանողներին հնարավորություն է ընձեռվում որպես երկրորդ մասնագիտություն ընտրելու հոգեբանությունը), Հայ-ռուսական (Սլավոն.) համալսարանի հոգեբանության ֆակ-ում (բացվել է 2005-ին, դեկան՝ Ասյա Բերբերյան), Գյումրիի և Վանաձորի մանկավարժ․ ինստ-ների հոգեբանության ամբիոններում և այլն։
Խորհրդային շրջանում ճանաչված էին հայ հոգեբաններ Բորիս Անանևը (Ս. Պետերբուրգ) և Արշակ Միրաքյանը (Մոսկվա)։ Հայտնի են Անանևի՝ զգայությունների, անձի հոգեբանության և հոգեբ. նյարդաբանության բնագավառներին վերաբերող աշխատությունները։ Միրաքյանն ուրույն տեսակետ է առաջադրել տեսող. ընկալման հաստատունության վերաբերյալ։
ՀՀ-ում հոգեբանությունը հատկապես զարգացել է 2000-ից. բացվել են հետազոտ․ նոր կենտրոններ, հասարակական կազմակերպություններ, բուհերում՝ ֆակ-ներ, ամբիոններ, ԳՀ լաբորատորիաներ և այլն, ստեղծվել է ատենախոսության պաշտպանության խորհուրդ։ Լույս են ընծայվել մի շարք բուհ. ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր [«Հոգեբանության հիմունքներ», 1997, «Էթնիկական հոգեբանություն», 2001, «Սոցիալական հոգեբանություն», 2004 (երեքն էլ՝ Ա. Նալչաջյան), «Կիրառական մարզական հոգեբանություն», 2001, «Փորձարարական հոգեբանություն», 2010 (երկուսն էլ՝ Հ. Ավանեսյան), «Իրավաբանական հոգեբանություն», 2004 (Ս. Արզումանյան, Է. Գրին), «Տոլերանտ գիտակցության հոգեբանություն», 2004 (Վ. Պապոյան, Ն. Խաչատրյան), «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն», 2005 (Մ. Մկրտումյան), «Գենդերի սոցիալական հոգեբանություն», 2007 (Ն. Խաչատրյան), «Հոգեբանություն», 2010 (Ս. Հովհաննիսյան, Հ. Հովհաննիսյան, Է. Ասրիյան), «Անձի ինքնիրացման հիմնախնդիրները», 2011 (Վ. Պապոյան, Է. Գրին, Ա. Գալստյան և ուրիշներ) և այլն]։
ՀՀ-ում վերջին տարիներին հոգեբանության ասպարեզում ակնառու է կիրառ. աշխատանքների ընդլայնումը, մեծացել է նաև հոգեբ. խորհրդատվությամբ զբաղվողների թիվը։
1992-ից Երևանում գործում է «Ուրարտու» կիրառ. հոգեբանության և սոցիոլոգիայի մասնավոր համալսարանը։
Գրկ. Լալայան Ա., Սպորտի հոգեբանություն, 1966։ Թութունջյան Հ., Երեխայի հոգեբանության հարցեր, Ե., 1980։ Հակոբյան Ն., Մարգինալության դրսևորման յուրահատկությունները փոխակերպվող հասարակությունում, Ե., 2004։ Հարությունյան Ս., Մարդու հոգեսեռական զարգացման հիմունքները, Ե., 2004։ Գրին Է., Հոգեբանությունը իրավապահ գործունեությունում, Ե., 2007։ Աղուզումցյան Ռ., Ամիրյան Ս., Պապոյան Վ., Գալստյան Ա. և ուր., Անձի հոգեբանական անվտանգության հիմնախնդիրը, Ե., 2009։ Ամիրյան Դ., Գործարարության հոգեբանության նախադրյալները, Ե., 2010։ Հայրապետյան Դ., Որոշման ընդունման հոգեբանություն, Ե., 2010։ Налчаджян А., Социально-психическая адаптация личности, Е., 1988; Նույնի, Этногенез и ассимиляция, М., 2004; Абраамян Д., Общепсихологические основы художественного творчества, М., 1994; Шахвердян Г., Травматический стресс։ Психические расстройства и развития личности, Е., 1998; Նույնի, Основы психотерапии, М., 2007.